Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆՅԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԶԴԵԼ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Հոկտեմբեր 22,2010 00:00

«Առավոտն» արդեն գրել էր, որ հոկտեմբերի 12-ին Բարեկամության կամրջի վրա բախվել էին «Պրադո» մակնիշի 90 ՏՏ 555 եւ «ՎԱԶ 2107» մակնիշի 01 ՕԼ 811 համարանիշներով ավտոմեքենաները, եւ որ «Պրադոյի» վարորդը եղել է ոստիկանության Երեւան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ Եգոր Անտոնյանի 20-ամյա որդին՝ Արամը: Հիշեցնենք, որ վթարի արդյունքում 5 քաղաքացի (վարորդներն ու ուղեւորները) մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:

«Առավոտի» տեղեկություններով, այս դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաքննություն է ընթանում: Նախ՝ հաստատվել է մեր այն տեղեկությունը, որ «Պրադոյի» վարորդը եղել է ոստիկանության Երեւան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ Եգոր Անտոնյանի 20-ամյա որդին: Պարզվել է նաեւ, որ վիրավորների թվում են եղել նաեւ Ֆրանսիայի քաղաքացիներ, որոնք եղել են «ՎԱԶ 2107»-ում: Վթարից հետո «ՎԱԶ 2107»-ի ուղեւորներից մեկը գետնից վերցրել է Արամ Անտոնյանի մեքենայի համարանիշն ու դրանով հարվածել նրան: Ընդ որում, թեեւ դա տեղի է ունեցել դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների ներկայությամբ, բայց վերջիններս այդպես էլ չեն միջամտել:

Դեպքից հետո՝ նույն օրը, ֆրանսիացիները հրաժարվել են վերցնել ոստիկանության փոխանցած՝ քննչական գործողությունների հրավիրվելու ծանուցագիրն ու մեկնել են Հայաստանից: «Առավոտի» աղբյուրների ասելով, սակայն, նրանց մասին Հայաստանում հոգացողներ կան: Մասնավորապես արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության օպերատիվ բաժնի պետ Կամո Շաբոյանը, որ հիմա փորձում է նախաքննական մարմնում իր ծանոթների միջոցով միջնորդել, որպեսզի «07»-ի ուղեւորներն այդ գործով դիտարկվեն որպես տուժողներ, թեեւ վթարը, նախնական վարկածով, տեղի է ունեցել հենց վերջիններիս մեղքով: Թե ի՞նչ շահագրգռություն ունի այս հարցում Շաբոյանը՝ անհայտ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել