Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպեցին Յագլանդն ու Տեր-Պետրոսյանը

Հոկտեմբեր 22,2010 00:00

Ասում են՝ հանդիպումը ընդդիմության  համար խոստումնալից է եղել

\"\"Երեկ երեկոյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թոբյորն Յագլանդի հանդիպումը: Մինչեւ հանդիպումը՝ Լ. Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում վստահություն է հայտնել, թե մոտ ապագայում ազատ են արձակվելու անազատության մեջ գտնվող մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր գործիչները: Այդպիսի համոզվածությունը, ըստ առաջին նախագահի, եվրոպական կառույցների ներկայացուցիչների շփումների արդյունքն է. «Բոլորին են ազատ արձակելու: Որ գործընթացը տեղի է ունենում՝ ոչ մի կասկած չկա»,- ասել է ՀՀ առաջին նախագահը՝ հավելելով, թե Յագլանդի հետ զրույցի այլ թեմա, քան հենց ԵԽ-ի սահմանած թեման է՝ 1677 բանաձեւը, չկա: «Մենք հասնելու ենք այն բանին, որ այդ բանաձեւը մինչեւ վերջ կատարվի: Այլապես կհեղինակազրկվի այդ ամբողջ կառույցը»,- հայտարարել է Տեր-Պետրոսյանը:

Հանդիպումից հետո նա այլեւս մեկնաբանություններ չի արել: Ավելի ուշ հանդիպման մասին ՀԱԿ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է. «Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1677 բանաձեւի կատարման հարցը, մասնավորապես անդրադարձ է եղել քաղբանտարկյալների ազատ արձակման, Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, «Ա1+» հեռուստաընկերության վերաբացման հետ կապված խնդիրներին: Շոշափվել են նաեւ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել ակտիվ դերակատարության հետ կապված հարցեր»:

«Առավոտի» հետ զրույցում հանդիպմանը մասնակցած Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե արդյոք դա գործնական-կառուցողական ու կոնկրետ արդյունքներ ակնկալո՞ղ, թե՞ «գալոչկայի» համար կազմակերպված հանդիպում էր, ասաց. «Այդպիսի յուրաքանչյուր հանդիպում նշանակություն ունի, որովհետեւ ամեն մի հանդիպում տեղեկացվածության լուրջ բազա է ստեղծում եւ դրան ավելի լուրջ մոտեցում է պահանջում: Այնպես որ, կարծում եմ, այդ հանդիպումը կարեւոր էր»: Զուրաբյանը նշեց, թե Կոնգրեսը հավաստիացումներ է ստացել, որ իր բարձրացրած բոլոր խնդիրները, նաեւ ԵԽԽՎ թիվ 1677 բանաձեւի կատարումը, գտնվում են ԵԽ ուշադրության կենտրոնում, եւ դրանց կատարման պահանջը լրջորեն դրվել է իշխանությունների առաջ: Նա նաեւ հավելեց, որ Յագլանդի հետ հանդիպման ժամանակ բարձրացվել է նաեւ Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքների համար ստեղծված արգելքների հարցը: Իսկ առաջին նախագահը խոսել է նաեւ այս իշխանության ոչ լեգիտիմ ու կոռումպացված լինելու հարցերի շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել