Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՎՐԱ ՉԻ ԿԱՐՈՂ ՎԵՐՑՆԵԼ»

Հոկտեմբեր 22,2010 00:00

\"\"Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը վստահ է, որ պետությունը իր վրա չի կարող վերցնել բոլոր ընտանիքների ամուսինների պարտավորությունները:

2011-ի պետական բյուջեի քննարկումները Ազգային ժողովի հանձնաժողովներում հետզհետե ավելի ու ավելի սակավամարդ դահլիճում են շարունակվում, ազգի ընտրյալները չեն էլ բարեհաճում ներկա գտնվել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումներին: Սա իր եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներն ունի: Նախ՝ տարիների փորձառություն ունեցող պատգամավորները լավ գիտեն, որ, մասնակցեն-չմասնակցեն, բյուջեները սովորաբար ընդունվում են այնպես, ինչպես ներկայացնում է կառավարությունը: Եվ հետո՝ միշտ էլ բյուջեի քննարկումներին ակտիվ են լինում հատուկենտ պատգամավորներ: Սա արդեն վաղուց ձեւավորված ավանդույթ է: Արդեն չորրորդ օրն է՝ ընթանում են քննարկումները, եւ երեկվա քննարկումը քիչ բանով էր տարբերվում այլ հանձնաժողովների քննարկումներից: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում բյուջեին վերաբերող իր հատվածն էր ներկայացնում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանը: Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, թե պետությունը պարտավոր չէ լուծել բոլոր սոցիալական հարցերը: «Առավոտը» ավելի ուշ հարց ուղղեց պատգամավորին՝ իսկ ո՞վ պետք է լուծի երկրի սոցիալական հարցերը, եթե ոչ՝ պետությունը, չէ՞ որ երկրի գլխավոր օրենքում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է: Պարոն Հակոբյանը փորձեց պարզաբանել իր ասածը. «Ես ասում եմ, որ պետությունը եւ քաղաքացին պետք է յուրաքանչյուրը իր պարտավորության գիծը ճիշտ իմանա»: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին հարցրինք՝ կիսո՞ւմ է Հակոբ Հակոբյանի կարծիքը, թե պետությունը պարտավոր չէ բոլոր սոցիալական հարցերին լուծում տալ: Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Ես, իհարկե, ծայրահեղության մեջ չեմ դիտարկում դա՝ ճանաչելով ձեզ, կարծում եմ, դուք էլ այդպես չեք նայում: Օրինակ, պետությունը իր վրա չի կարող վերցնել բոլոր ընտանիքների ամուսինների պարտավորությունները, եթե նրանք իրենք իրենց պարտավորությունները չեն կատարում: (Ծիծաղում է- Մ. Ե.) Էլի սոցիալական խնդիր է: Բայց այն բոլոր պարտավորությունները, որոնք Սահմանադրությամբ ամրագրված են, եւ պետությունը պետք է իրականացնի, իհարկե, պետությունը իրականացնում է: Հնարավոր է, ֆինանսական ռեսուրսները առայժմ սահմանափակ են եւ այլն, բայց պետությունը կատարել եւ կատարում է իր բոլոր սոցիալական եւ այլ պարտավորությունները»:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, որպես փորձառու բյուջե ներկայացնող, այն կարծիքին է, որ սովորաբար պատգամավորները ակտիվ են լինում պաշտպանության, կրթության ոլորտի քննարկումներին. «Այսինքն՝ այն գերակայությունները, որոնք ունի պետությունը՝ կրթություն, պաշտպանություն, առողջապահություն, ուշադրությունը ավելի մեծ է լինում»:

Արդեն ձեւավորված ավանդույթներից է նաեւ բյուջեին անուն կպցնելը՝ սոցիալականից սկսած մինչեւ լարված, աննախադեպ եւ այլ որակումներ: Մեր զրուցակիցը այս որակումների հետ համամիտ չէ եւ ունի իր հատուկ կարծիքը. «Բյուջեին անուն տալը քաղաքական դաշտի խնդիր է, որովհետեւ մեզ համար բյուջեն կոնկրետ տվյալ տարվա բյուջեն է, եւ այս բյուջեն 2011-ի պետական բյուջեն է, եւ անունը դա է: Այլ բան է, երբ գնահատում են, թե այդ բյուջեում որ ոլորտներն են ընտրված՝ որպես գերակայություն: Ես զարմանում եմ, երբ ոմանք գրում են, թե այս բյուջեն սոցիալական չի: Ես կուզենամ ինչ-որ մեթոդիկայով փորձեն ապացուցել, որ սոցիալական չի այն բյուջեն, որի, օրինակ, ավելացած գումարների 50 տոկոսից ավելին ուղղված է հենց սոցիալական ոլորտին: Եթե դա սոցիալական չի, ուրեմն ո՞րն է սոցիալական բյուջեն: Այս բյուջեն, այո, սոցիալական է, որովհետեւ մեր մուտքեր ներառող մասը ուղղել ենք սոցիալականին, գերակայությունը պաշտպանությունն է, որովհետեւ մեր ՀՆԱ-ի 3,8 տոկոսը ուղղում ենք պաշտպանությանը: Վերջերս նախկին պատգամավորներից մեկը գրել էր, թե սա հերթական բյուջեն է, զարմանում եմ՝ իսկ ի՞նչ պետք է լիներ, իհարկե, ամեն տարի լինում է հերթական բյուջե, ինչո՞ւ պետք է լիներ արտահերթ»։ Պավել Սաֆարյանին ներկայացրինք մեր մի դիտարկումն այն մասին, որ բյուջեի քննարկումները մի տեսակ ձեւական բնույթի են, ո՞ւմ պարզ չէ, որ կառավարությունը իր ներկայացրած թվերը թողնելու է անփոփոխ, եւ անցնելու է այն բյուջեն, որը ներկայացվել է: Ուրեմն, ինչի՞ համար են այս քննարկումները՝ արդյոք ո՞չ նրա համար, որ պատգամավորները պոպուլիզմով զբաղվեն, իրենք ասեն, իրենք լսեն եւ վերջ: Պավել Սաֆարյանի ներկայացմամբ՝ իհարկե, հնարավորությունները սահմանափակ են, եւ միջոցները բաշխվում են ըստ պետության հնարավորությունների. «Եթե միջոցները բաշխված են, քննարկումների արդյունքում դրանք չեն կարող աճել, բայց քննարկումը կարեւոր է, երբ մարդիկ առաջարկություններ են անում գերակայությունների հետ կապված, գերակայությունները փոփոխելու հետ կապված: Օրինակ, սոցիալական ոլորտում մենք 30-ից ավելի ծրագրեր ունենք, հնարավոր է, որ այդ ծրագրերի գերակայությունները ինչ-որ ժամանակ անց փոփոխվեն, իսկ այս դեպքում հանրության կարծիքը, Ազգային ժողովինը՝ առավել եւս, շատ կարեւոր է կառավարության համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել