Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ԼՈՒՌ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

Հոկտեմբեր 22,2010 00:00

Հայտնի է, որ հայկական մի շարք հ/կ-ներ, որոնք քննադատաբար են վերաբերվում իշխանությանը՝ դժվարությամբ կարողացան «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին մասնակցության իրավունք ստանալ, իսկ ոմանց հայտերն ընդհանրապես մերժվեցին՝ տեղերի սահմանափակ լինելու պատճառով: Մինչդեռ ֆորումի ընթացքում բաժանված մասնակիցների ցանկից պարզ դարձավ՝ հրավեր ունեին Հայաստանի 25 համայնքապետեր: Եվրոպական ֆորումն իր ներկայությամբ պիտի զարդարեր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, մասնակիցների ցանկում նշված են մասնավորապես Էջմիածնի, Գավառի, Վանաձորի, Ջերմուկի, Սեւանի եւ Արտաշատի քաղաքապետերը, Մխչյանի եւ Փարաքարի գյուղապետերը, Քարահունջի գյուղի մի ավագանի, նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սակայն հետո, ինչպես «Առավոտին տեղեկացրեց ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը՝ մասնակիցների ցուցակում փոփոխություններ էին եղել. «Ուղղակի իրենք բաժանել են հին ցուցակը: Մենք կազմը փոխել էինք՝ տարբեր միջոցառումներ ունեին, մի քանի հոգի էլ Հայաստանում չէին»: Կրճատել էին 9 հոգու, մասնավորապես՝ Տարոն Մարգարյանին ու Վարդան Ղուկասյանին: Մասնակիցների ցանկում, սակայն, մնացել էին, ասենք, Աշտարակի եւ Մասիսի քաղաքապետարանների աշխատակազմերի ղեկավարները: Նկատենք, թե համայնքների այդ 16 ներկայացուցիչներից էլ ոչ բոլորն էին ներկա ֆորումին, թեեւ Էմին Երիցյանը պնդեց. «Շատերը մասնակցեցին: Եվ մոտ 80%-ը մշտապես է մասնակցել նիստերին»: Քննարկումներին մասնակցեց միայն Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Եվ մեկ էլ՝ ինքը, Էմին Երիցյանը, որը «Կայուն համայնքներ՝ կենդանի ժողովրդավարության համար» աշխատանքային քննարկման 4 բանախոսներից մեկն էր, ու ոչ միայն խոսեց տարածքային լավ կառավարման մասին, այլ նաեւ նշեց. «Կլիմայի փոփոխությունը եղել է մեր հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկը, քանի որ այն մեծապես խորացնում է խնդիրները, որոնց արդեն բախվում են մեր հասարակությունները»: Եվ հավելեց. «Ընդունված է, որ կլիման կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու իրավունքների վրա, որոնք հաճախ ուժեղացվում են ոչ կլիմայական գործոնների պատճառով, ինչպիսիք են խտրականությունն ու անհամարժեք ուժերի հարաբերությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել