Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՇՅԱԼ ԱՌՈՒՄ

Հոկտեմբեր 22,2010 00:00

Այս տարվա անձրեւները դարձյալ եկան ու գնացին, եւ ես, արդեն որերորդ անգամ, զարմանքով նկատեցի, որ ծառերը սկսել են դեղնել: Նույն ցեղի ծառերն իրար հետ էին կորցնում իրենց ամառային կանաչը: Դա նույնն էր գրեթե, ինչպես ամեն թռչուն աշնանն իր երամի հետ է չվում: Եվ հեռացող ամռան վերջին իմաստուն անձրեւը, որ արդեն տեղյակ էր գալիք ձմեռվա մասին, ինձ հիշեցրեց այլեւս կորուսյալ մանկությունս, երբ իմ իշխանուհի մայրը իր վեց զավակներին, բնականաբար նաեւ ինձ, ասում էր. Աստված յոթ դուռ ունի մարդու համար, որոնցից վեցը գաղտնիք են ու փակ, եւ միայն մի դուռ կա բաց, մի՛ հուսահատվեք դժվարությունների առաջ, շարունակեք ձեր ճամփան, շարունակեք եւ կգտնեք Աստծո յոթերորդ դուռը… Ասում էր մեզ համար գրեթե անհասկանալի, կարծես աղոթքով, որ թերեւս մինչեւ այսօր էլ ինձ համար մնացել է անթարգմանելի:

Եվ հիմա՝ նայելով ընթացող աշխարհի տարաշխարհիկ կյանքին եւ այդ աշխարհի մեջ մեր աննավթ-անգազ հայրենակերպին, հստակ տեսնում եմ մեզ սպասող Աստծու յոթերորդ դուռը, որ հազարամյակներ ապրած մեր արյան միջով անցնելով՝ մեր մշակված միտքն է եւ խելքը: Տեսնում եմ նաեւ զարմանալի մի բան, որ մենք, որ Էինք, մոռացել ենք գրողի հանճարը, այսինքն թե՝ հիմա չենք էլ հիշում Խորենացու ուղերձը, ուր այդ պայծառ մարդը ոչ միայն ձեւակերպում էր մեր անցյալն ու մեր ցեղի անձնագիրը, այլեւ զգուշացնում էր մեզ մեր գալիք օրերի մասին. թե ինչ չի կարելի անել, որ չկորցնենք պետություն ու թագավոր: Եվ զարմանալի ու տարօրինակ է, թե ինչքան անտարբեր ենք մենք այսօր գրողի ու գրականության հանդեպ, իսկապես տարօրինակ է, գուցե մեր ցեղական հիվանդությունն է: Չգիտեմ: Այնինչ՝ աշխարհի աչքի առաջ Ջեկ Լոնդոն հրաշալի գրողը, ինչպես նաեւ նրանից առաջ ու հետո ապրող այսօր երեւելի պետությունների գրողներն ու փիլիսոփաները ձեւակերպեցին եւ ստեղծեցին իրենց երկրների կերպարները, ովքեր մինչեւ այսօր մեզ եւ աշխարհին կամք են թելադրում: Իսկ իմ կյանքը, ափսոս, թերեւս այնպես ստացվեց, երբ ես մանկությանս տարիներին, մի աշնանային իրիկուն տեսա եւ հասկացա, որ հոսող գետը երկու ափ ունի, եւ հասկացա նաեւ, որ երբ գետը կորցնի ափերը՝ կենդանի ջուրը կդառնա ճահիճ: Եվ ես ակամա դարձա վկայող՝ շատերին եւ շատ բան տեսնելով: Ու այդ ճամփին տեսա մարդկանց, ովքեր ծեր էին ծնվել, եւ տեսա ջահելների, ովքեր իրենցից ու Աստծուց ուզում էին առաջ անցնել՝ ոտնատակ տալով սրբազանն ու հայրենին, խոսելով անորոշ ու չհնչեցնելով ոչ մի որոշակի միտք:

Այնինչ՝ այսօր հնչել է որոշյալ եւ որոշող խոսքը, որը տանում է մեզ դեպի Աստծու յոթերորդ դուռը, որ սպասում է մեզ: Եվ երբ ազգովի թակենք՝ այն անպայման կբացվի, որովհետեւ դուռն աստվածային արդեն ութ հազար տարի, տասնութ հազար տարի մեզ է սպասում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել