Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր կովը կաշին չի փոխել

Հոկտեմբեր 22,2010 00:00

Ազատության հրապարակում զբոսնում են պարտադիր-կամավորության սկզբունքով

Այն, որ Երեւանի քաղաքապետարանը միշտ մի պատճառ է գտնում Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքների անցկացումն արգելելու համար՝ հանրահայտ է: Պատճառներն էլ, ի դեպ, սովորաբար տարբեր են լինում. մեկ՝ հրապարակի տակ ավտոկանգառ է կառուցվում, մեկ՝ ամառային «սեզոն» է, եւ դպրոցահասակ երեխաների համար հրապարակում զվարճալի ու ժամանցային միջոցառումներ են կազմակերպվում, մեկ՝ ատրակցիոններ են տեղադրվում, հետո Էրեբունի-Երեւանի միջոցառումներ են նախապատրաստվում, կամ էլ հրապարակի հենց մեջտեղում «վերնիսաժային» տոնավաճառ է կազմակերպվում: Սրանք այն միջոցառումներն են, որոնք որպես ընդդիմության հանրահավաքն արգելելու պատճառ պաշտոնապես են ներկայացվում: Բայց պարզվում է՝ մայրաքաղաքային իշխանություններն ավելի հնարամիտ ու «քոքված» են, քան կարելի է կարծել, ու երբ խոսքը վերաբերում է ցանկացած գնով Կոնգրեսի հանրահավաքները Ազատության հրապարակում կասեցնելուն՝ նրանք պատրաստ են դիմել ցանկացած միջոցի:

Այսպես, երեկ Շենգավիթ համայնքի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում սովորող երեխաներից մեկի ծնողը (նրա անունը չենք նշում հայտնի պատճառով- Ն. Մ.) պատմեց, որ այս շաբաթասկզբին սույն դպրոցի տնօրեն Կլարա Կարապետյանը բարձր դասարանների դասղեկներին եւ նրանց միջոցով՝ նաեւ բարձր դասարանցիների ծնողներին հրահանգել է՝ եթե մանկահասակ երեխաներ ունեն, նրանց էլ վերցնել ու հոկտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին, հավաքվել Մաշտոցի պողոտայի «Սթար» սուպերմարկետի մոտ: Նշված ժամին ու նշված վայրում հավաքվում է հանդիպման նպատակներին անհաղորդ 70-100 մարդ: Տնօրենը ուսուցիչներին ու ծնողներին շատ սահուն կերպով «բերման է ենթարկել» Ազատության հրապարակ: Անցել է մի տեւական ժամանակ, ու ծնողները սկսել են անորոշությունից նյարդայնանալ: Իսկ երբ Կ. Կարապետյանից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է նա իրենց բերել, հասցրել Օպերա, տիկինը պատասխանել է, թե՝ բա, գիտեք ինչ, Լեւոնի ժողովուրդը միտինգ է անում, հիմա մենք հավաքվել ենք այստեղ էդ միտինգի հետ կապված: Երբ նրանք մոտենալու լինեն Օպերային, մենք պետք է մտնենք հրապարակ ու զբոսնենք: Ծնողներն անակնկալի են եկել, մի քիչ անհարմար են զգացել, նեղվել են, բայց արդյունքում ըմբոստանալ չեն կարողացել, որովհետեւ իրենց զավակների դասղեկներն են աղաչել-պաղատել՝ ասելով, որ եթե չեք ուզում, որ մեզ համար վատ լինի՝ եկեք: Մեր աղբյուրը նաեւ հավաստիացրեց, թե Ազատության հրապարակում պարտադիր-կամավորության սկզբունքով զբոսնելու հրահանգ իջեցվել է նաեւ մանկապարտեզներին: Մենք այս տեղեկությունը ստացանք ուշ երեկոյան եւ միայն այդ պատճառով չկարողացանք մեկնաբանություններ ստանալ դպրոցի տնօրենից ու քաղաքապետարանից: Մենք պատրաստ ենք լսել նրանց արդարացումները, թեեւ վստահ ենք, որ պատասխանը լինելու է՝ այդպիսի բան չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել