Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԿԱ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ

Հոկտեմբեր 22,2010 00:00

\"\"Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարեց, թե իր ելույթի այդ հայտարարությունը պատահական չէր, որ արվեց Հայաստանում. «Այս երկրում արտահայտման ազատության խնդիրներ կան»:

Երեկ ամփոփելով «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումի ընթացքում քննարկված գաղափարները՝ ֆորումի գլխավոր զեկուցող Դավիթ Հարությունյանն առաջին հերթին ասաց. «Ժողովրդավարությունը չի կարող ներմուծվել ուժով: Ինտերվենցիոնիզմը՝ նույնիսկ շղարշված լավագույն ժողովրդավարական մտադրություններով, մեր ժողովրդավարական մոդելին շատ վնասների պատճառ է դարձել: Ժողովրդավարությունը պետք է գա ներսից՝ քաղաքացիական հասարակությունից եւ քաղաքական համայնքից: Միայն դրանից հետո կարող է ժողովրդավարությունը դառնալ համախմբված ու կայուն»: Առանձնացրեց նաեւ քննարկված այն գաղափարը, թե առկա մարտահրավեր է. «Իշխանության եւ փողի կենտրոնացումը հաճախ հանգեցնում է մի քանիսի ձեռքին լրատվամիջոցների կենտրոնացման: Լրատվամիջոցները ժողովրդավարական հասարակությունում ունեն սոցիալական ու քաղաքական պատասխանատվություն եւ չեն կարող կառավարվել բացառապես շուկայական ուժերով»: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ մեկ այլ մտահոգիչ խնդիր է ժողովրդավարական հաստատությունների առկայությանը զուգընթաց՝ ժողովրդավարական մշակույթի պակասը: Եվ նրա 14 եզրակացություններից մեկն էլ հետեւյալն էր. «Այն կարող եմ բնութագրել արտահայտությամբ՝ բոլոր երկրները հավասար են, բայց որոշ պետություններ ավելի՛ են հավասար, քան մյուսները: Նկատի ունեմ, որ մեր կազմակերպության հին երկրները պակաս պարտավորություններ ու պարտականություններ ունեն՝ նոր անդամների համեմատ»: Հավելեց, թե այս անհավասարության խնդիրը պետք է լուծվի: Ի դեպ, Դավիթ Հարությունյանը ելույթում օգտագործեց մի ձեւակերպում, որը քիչ անց գրեթե նույնությամբ կրկնեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը. «Ժողովրդավարությունը երբեք վերջնական արտադրանք չէ, դա մի գործընթաց է, որը պետք է անընդհատ զարգանա»: ԵԽ գլխավոր քարտուղարը նաեւ կրկնեց կոչը «ԵԽ անդամ բոլո՛ր երկրներին՝ հավասարապես աշխատել ստանձնած պարտավորությունների եւ գործնականում դրանց իրականացման միջեւ ընկած տարբերությունը կրճատելու ուղղությամբ»:

Սակայն մինչ պրն Յագլանդի այլ հայտարարություններին անդրադառնալը՝ մի մեջբերում Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի ելույթից. «Որպես ինքնորոշման մեխանիզմ՝ ժողովրդավարությունը պետք է հիմնված լինի ժողովրդի ազատորեն արտահայտված կամքի վրա՝ արդար եւ ազատ ընտրությունների միջոցով եւ տեղեկատվության, կարծիքների, արտահայտման, միավորումներ կազմելու եւ հավաքների ազատության վրա»:

Թորբյորն Յագլանդն էլ հայտարարեց. «Ազատ արտահայտումը վերին ճշմարտություն է, իսկ ժողովրդավարությունն ազատ արտահայտվելն է: Եթե ժողովրդավարությունը չենք կարող կառուցել ազատ արտահայտվելու հիմքերի վրա, ապա ժողովրդավարություն չենք կարող ունենալ, որովհետեւ արտահայտվելու ազատությունը ժողովրդավարության հիմքն է, ճշմարտության մայրը»: «Առավոտն» ասուլիսում վկայակոչելով նրա ելույթի հենց այս հատվածը՝ հիշեցրեց, որ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի «Ա1+» հեռուստաընկերության գործով՝ խախտված է հենց արտահայտվելու ազատության իրավունքը, եւ այն դեռեւս չի վերականգնվել: Իսկ հայտարարված նոր մրցույթի առնչությամբ արդեն հիմքեր կան պնդելու, որ գրեթե բացառված է, թե այս ոլորտում հայտնվեն նոր դերակատարներ, քանի որ անգամ գործող 4 հեռուստաալիք են զրկվելու կապուղուց, եւ չի փոխվելու այն պատկերը, որը տարիներ շարունակ իր բանաձեւերում արձանագրել է ԵԽԽՎ-ն, այն է՝ հայկական հեռուստաեթերում կա բազմակարծության պակաս: Հետաքրքրվեցինք, թե ինչպես կարձագանքի այս ամենին ԵԽ-ն՝ հաշվի առնելով, որ նաեւ ֆորումի ընթացքում էին բազմաթիվ մեղադրանքները, թե այս կառույցը բավարար չափով հետեւողական չէ եւ բավականաչափ խստությամբ չի արձագանքում՝ գործադրելով իր լծակներն ի պաշտպանություն սեփական չափանիշների: Նշենք, որ «Ժողովրդավարության թթվածինը» աշխատանքային խմբում տեղի ունեցած քննարկումները մասնավորապես այս փաստարկների մատնանշմամբ ամփոփեց «Մուտք դեպի Եվրոպա» կազմակերպության գործադիր տնօրեն Հելեն Դարբշիրը: «Իմ ելույթի այդ հատվածը պատահական չէր, ես շատ հստակ ասացի։ Գիտեմ՝ այս երկրում խնդիրներ կան ազատ արտահայտման վերաբերյալ: Մենք դրանց հետեւում ենք, ու երբ կարողանում ենք՝ բարձրացնում ենք այդ խնդիրները պաշտոնյաների, Հայաստանի ղեկավարների առջեւ»,- մեր հարցին պատասխանեց Յագլանդը: Ընդգծեց, թե ԵԽ-ն ունի գործիքներ՝ կիրառելու սահմանված կանոնները. «Եվ բոլորս պարտավոր ենք դրանց հետեւել: Վեհաժողովը դեռեւս մոնիթորինգ է իրականացնում Հայաստանի նկատմամբ»: Նաեւ հավելեց. «Ժողովրդավարական գաղափարների տարածումը երկարաժամկետ գործընթաց է: Որոշ երկրներ այդ առումով ավելի մեծ խնդիրներ ունեն՝ պատմական պատճառներով եւ այլն: Եվ պետք է էմպաթիա (հոգեբանական եզր է, որով մասնավորապես բնորոշվում է իրեն ուրիշի վիճակում պատկերացնել կարողանալը.- Ա. Ի.) ունենանք մի քիչ դրանց նկատմամբ: Ժողովրդավարությունները միանգամից՝ հաջորդ օրը չեն ծնվում: Գործընթաց է դա, եւ Հայաստանն, իմ կարծիքով, գործընթացի մեջ է: Եվ Եվրոպայի խորհուրդն օգնում է, որպեսզի գործընթացն ընթանա ճիշտ ուղղությամբ: Դա որոշ առումներով դանդաղ է ընթանում, բայց ավելի լավ է դանդաղ ընթանա, քան ընդհանրապես չընթանա: Սա է մեր աշխատանքի ձեւը, եւ դա ենք անում»:

Իսկ «Ա1+»-ի թղթակիցը հիշեցրեց, որ մարտի 1-ի զոհերի սպանությունները բացահայտված չեն, եւ երկրում առկա են քաղբանտարկյալներ: «Եվրոպայում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն: ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը շատ ուժեղ մանդատ ունի եւ մշտապես հետեւում է այդ գործընթացներին: Մենք էլ ենք հետեւում այդ գործընթացներին, որոնք տեղի են ունեցել 2008-ից ի վեր, եւ արծարծում ենք այս խնդիրները Հայաստանի պաշտոնյաների հետ,- պատասխանեց պրն Յագլանդը:- Չեք կարող մարդկանց բանտարկել պարզապես քաղաքական դրդապատճառներով՝ դա հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային»: Քանի որ պատասխանում անդրադարձ չեղավ մարտի 1-ի զոհերի մասին հարցին՝ լրագրողը քիչ անց այն նորից կրկնեց՝ հավելելով, որ մի շարք հ/կ-ներ ԵԽ գլխավոր քարտուղարին խնդրել էին հանդիպել քաղբանտարկյալներին: Նրա արձագանքն այս անգամ հետեւյալն էր. «Ես խոսեցի դրա մասին ինչ-որ առումով: Պատասխանս այսպիսին կլինի: Հանդիպում մարդկանց հետ, որոնց մասին նշեցիք՝ չեմ լսել նման բան, որ ինձ խնդրեն: Երեւի օրակարգս այդպես է ձեւավորվել՝ չեմ տեղեկացել։ Բայց մեզ համար կարեւոր խնդիր է դա: Եվ չենք կարող ուղղակիորեն միջամտել ներքին խնդիրներին։ Դա պետք է լուծվի ձեր ազգային հաստատությունների շրջանակներում, քանի որ եթե ԵԽ-ն իր վրա վերցնի նման առանցքային պարտականություններ՝ շատ դժվար ուղու վրա կկանգնի»:

Հ. Գ. Ասուլիսից հետո «Արմինֆո»-ի թղթակիցը պրն Յագլանդի տեսակետը հարցրեց ԵԽԽՎ ԼՂ հատուկ ենթահանձնախմբի վերականգնման մասին, եւ նա եւս մեկ անգամ նշելով՝ «Մենք պետք է հավատարիմ մնանք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի պահպանմանը», հավելեց՝ «Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ենթահանձնախմբի աշխատանքի վերականգնումը կխանգարի ԵԱՀԿ ՄԽ աշխատանքին: Մենք չենք կարող խուսափել այլ հարթակներում խնդրի քննարկումից»: Մինչդեռ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եւ հիմնահարցն այլ հարթակներ տեղափոխելը վնաս կհասցնի ընթացող բանակցային գործընթացին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել