Երեկ «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ-ն նամակ է ուղարկել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտին՝ հորդորելով նրան հրաժարվել համազեկուցողի իր պաշտոնից: Հ/կ-ի այդ առաջարկի պատճառ են դարձել մամուլի հրապարակումները, ըստ որոնց, Պրեսկոտը՝ լինելով ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող, հրաժարվել է լրագրողների հետ խոսել Հայաստանի եւ հայաստանյան բանտերում գտնվող քաղբանտարկյալների մասին այն պատճառաբանությամբ, թե՝ «ես համազեկուցող եմ, պետք է զեկույց պատրաստեմ: Երբ հանդիպում եմ իշխանությունների հետ, նրանք դժգոհում են, որ իրականությունը չեմ ներկայացնում: Երբ հանդիպում եմ ընդդիմության հետ, նրանք են ասում, որ իրականությունը չեմ ներկայացնում»: Համարելով, որ Պրեսկոտի կողմից սա խոստովանություն է հայաստանյան իշխանությունների եւ ընդդիմության իրարամերժ կարծիքներից էապես կախված լինելու մասին, հ/կ-ն արձանագրել է, որ «ԵԽԽՎ մանդատը Ձեզ տրված է ոչ թե ընդդիմության կամ իշխանության կարծիքներից կախված լինելու կամ դրանցից վախենալու, այլ հայաստանյան իրականությունը ուսումնասիրելու, ազատորեն սեփական կարծիքն արտահայտելու եւ այն անաչառ կերպով ԵԽԽՎ-ին ներկայացնելու համար: Ձեր այս խոսքերից ավելի քան պարզ է դառնում, թե ինչու այս 2,5 տարին այդպես էլ բավարար չեղավ ԵԽԽՎ կողմից հայաստանյան կեղծված ընտրությունների միանշանակ դատապարտման եւ քաղաքական բանտարկյալների ազատ արձակման համար: Դուք փաստորեն զբաղված եք եղել ոչ թե համազեկուցողի մանդատից բխող խնդիրները լուծելով, այլ հայաստանյան ընդդիմության եւ իշխանության միջեւ խուսավարելով»:
Կազմակերպությունը, ըստ այդմ, նաեւ ելք է առաջարկել. «Քանի որ Դուք հայաստանյան ընդդիմության եւ իշխանության ճնշումներից ձերբազատվել չեք կարողանում, մենք Ձեզ հորդորում ենք հնարավորինս շուտ հրաժարվել Հայաստանի հարցերով համազեկուցողի մանդատից: Գուցե այն Ձեր հրաժարականից հետո փոխանցվի շատ ավելի անկախ ու անաչառ պատվիրակի, ով մի կողմ դրած հայաստանյան ընդդիմության եւ իշխանության իրարամերժ շահերը՝ կկարողանա հայաստանյան իրականությունն անաչառ կերպով ներկայացնել ԵԽԽՎ-ին, ինչն էլ հենց պահանջում է համազեկուցողի մանդատը»: