Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑԻՉՆԵ՛Ր, ՄԻ ՔԻՉ ՄԱՆԿԱՎԱՐԺ ԵՂԵՔ

Հոկտեմբեր 21,2010 00:00

Հորդորում է հոգեբանը

«Մանկավարժական գործունեությամբ զբաղվելու համար անձը ոչ միայն պետք է ունենա համապատասխան գիտելիքներ, այլ առաջին հերթին պետք է հոգեբան լինի: Ուսուցիչ ասելով՝ շատերը հասկանում են դաս տվող ու գնահատական նշանակող անձ, բայց դա այդպես չէ: Սակայն պետք է նշեմ, որ հիմա մեր հանրակրթական դպրոցներից մեծամասնությունում ուսուցիչների 90%-ը հենց այդպիսին է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեբան Շահեն Կարապետյանը՝ շեշտելով, որ աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերությունները չպետք է կրեն ձեւական բնույթ: Ըստ մեր զրուցակցի, ուսուցչի մասնագիտական առումով «լավը» լինելը դեռ չի նշանակում, որ նա կարող է առանց խոչընդոտների աշխատել աշակերտների հետ: «Չէ՞ որ աշակերտը, անկախ նրանից, թե որ դասարանում է սովորում, գտնվում է զարգացման փուլում, իսկ այս շրջանում անձը խիստ փոփոխական է լինում: Կարծում եմ՝ բոլորն էլ գիտեն, թե ինչպիսին է  դեռահասության շրջանում գտնվող երեխան: Դեռահասների հետ պետք է շատ զգույշ լինել, որովհետեւ նրանք շատ անկանխատեսելի են:  Եվ, ի վերջո, ցանկացած ուսումնական ծրագիր դատապարտված է անհաջողության, եթե այն կիրառելիս ուսուցիչը չի օգտագործում այնպիսի հոգեբանական միջոցներ, որոնք կխթանեն աշակերտի մեջ ուսման հանդեպ հետաքրքրության առաջացման պրոցեսը: Հետաքրքրությունը, որպես շարժառիթ, չափազանց մեծ դեր է կատարում ուսուցման մեջ: Այն ձեւավորվում է ուսուցման պրոցեսում եւ միաժամանակ յուրաքանչյուր ուսուցչի համար ամենագործուն միջոցներից մեկն է՝ գիտելիքների որակը բարձրացնելու եւ դպրոցականների մեջ ուսման նկատմամբ դրական վերաբերմունք դաստիարակելու հարցում: Ուսուցիչը պետք է կարողանա այնպես անել, որ աշակերտների մեջ հետաքրքրություն ձեւավորվի ոչ միայն ուսումնական նյութի կամ առանձին ուսումնական դիսցիպլինների բովանդակության, այլեւ գիտելիքներ ձեռք բերելու բուն պրոցեսի հանդեպ: Դպրոցականներին պետք է հետաքրքիր լինի սովորելը՝ ուսումնասիրելն ու ինքնուրույն եզրակացություններ անելը, խնդիրներ վճռելն ու վճռելու ընդհանուր եղանակներին տիրապետելը, վերլուծելը եւ այլն:  Ուսուցիչը պետք է կարողանա ոչ թե «2» գնահատելով ազդել աշակերտի վրա, այլ հոգեբանական զրույցների միջոցով»,- ասում է հոգեբանը եւ հավելում, որ աշակերտի հոգեկան խթանման համար վճռական նշանակություն ունի նրա գիտելիքների գնահատումը. գնահատվելը, մտավոր ու ֆիզիկական կարողությունների արժեւորումը մարդու համար հոգեբանորեն ծանր պրոցես է:
Շ. Կարապետյանի ձեւակերպմամբ, քննությունը, որի ընթացքում աշակերտը ցուցադրում է իր գիտելիքների ծավալը, տրամաբանելու կարողությունը, մտքի ճկունությունը եւ բարոյաինտելեկտուալ շատ հատկանիշներ (դրանով ստեղծելով որոշակի հասարակական կարծիք իր անձնային հատկանիշների մասին), մեծ փորձություն է աշակերտի համար՝  «Աշակերտի գիտելիքների գնահատումը ուսուցչի եւ աշակերտի փոխհարաբերությունների, նրանց փոխադարձ գործունեության ծայրահեղային պահերից մեկն է, որի ընթացքում փոխհարաբերություններն ինչ-որ չափով մերկանում են, դառնում ավելի նյութական ու ակնհայտ: Աշակերտին գնահատելիս ուսուցիչը ոչ միայն պետք է օբյեկտիվ լինի, այլեւ մնա աշակերտի բարեկամը, կիսի այն ապրումները, որ աշակերտի մեջ կարող է առաջացնել լավ կամ վատ գնահատականը: Այդ գնահատականը աշակերտի համար բովանդակություն, հետեւաբար՝ նաեւ նշանակություն չունի, քանի դեռ նրա մեջ ուսումնական գործունեության պրոցեսում չի ձեւավորվել ինքնագնահատման կարողությունը: Հենց այս գնահատման փուլում է, որ շատ ուսուցիչներ անզգուշաբար փչացնում են իրենց հարաբերությունները աշակերտների հետ: Այժմ ուսուցիչները ցածր գնահատական նշանակելիս «կոտրում» են աշակերտին, չմտածելով դեռահասի ապագայի մասին: Բնականաբար, շատերն են կարողանում փողի ու այլ բաների դիմելով՝ բարձր գնահատականներ ստանալ, ավարտելիս բուհ ընդունվել, բայց դեռահասի մեջ եղած այն հավատը, որ ինքը կարող էր կյանքում ինչ-որ բանի հասնել ինքնուրույն՝ կոտրվում է ուսուցչի հակամանկավարժական քայլերի արդյունքում: Ուսուցիչներ, մի քիչ մանկավարժ եղեք, հասկացեք այդ բառի բուն իմաստը: Չէ՞ որ դուք երեխաների հետ եք շփվում եւ ամենեւին էլ կարիք չկա ձեր չբավարարված ամբիցիաների շնորհիվ հարձակում գործել դեռ լիարժեք չձեւավորված ու փոթորկուն երեխաների վրա»: 
Խոսելով այժմ դպրոցներում տիրող աշակերտ-մանկավարժ փոխհարաբերությունների ու Youtube կայքում տեղադրված վայրի հոլովակների մասին, մեր զրուցակիցն ասաց. «Ազգը տառապում է յութուբամանիայով: Եվ դասատուն է սխալ, եւ աշակերտը, եւ տնօրենը, եւ նախարարը: Նախ՝ ինչո՞ւ պիտի աշակերտը բջջայինով դասի գնա, ո՞վ է իրավունք տվել դասատուին աշակերտի վրա ձեռք բարձրացնել, ինչո՞ւ տնօրենները մանկավարժ ընդունելիս չեն ճշտում նրանց հոգեկան վիճակը, եւ ինչո՞ւ նախարարությունը լավ չի աշխատում… Սրանք հարցեր են, որոնք արդեն քանի տարի է՝ պատասխան չունեն: Բայց ես կասեմ. կոռուպցիան լղոզված է դպրոցի պատերին: Բջջայինով դպրոց գնացած աշակերտի մայրը պարբերաբար նվերներով փակում է այն ուսուցչի բերանը, որը երեխային նկատողություն էր անում, կաշառելու արդյունքում երեխան երես է առնում ու որոշում, որ իրեն ամեն ինչ թույլատրվում է: Բայց նա երեխա է ու մեղավոր չէ: Ասում են՝ աշակերտներն անդաստիարակ են, լկտի. բայց չէ՞ որ նրանք դպրոց են գնում դաստիարակվելու. մանկավարժներ, դաստիարակեք նրանց, կատարեք ձեր առաքելությունը: Իսկ ուսուցիչը, որը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է, իրավունք  չունի շփվելու երեխաների հետ: Լավ ուսուցիչը չի ծեծում, դաստիարակում է: Լավ ուսուցիչը ծնողից նվեր չի ակնկալում իր գործի՝ կրթելու համար: Կարծում եմ՝ ժամանակն է, որ նախարարությունը լրջորեն ստուգի ուսուցիչների հոգեկան վիճակը: Վատ աշակերտ չկա, պարզապես լինում են վատ դասատուներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել