Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության (ՖԻՖԱ) հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հոկտեմբեր ամսվա ցուցակում աննախադեպ վերընթաց է գրանցել՝ վեր բարձրանալով միանգամից 45 աստիճան: Այժմ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի թիմը ոչ միայն վերադարձել է լավագույն հարյուրյակ, այլեւ արդեն աշխարհում 60-րդ ազգային հավաքականն է: Սա անկախացումից հետո մեր ազգային հավաքականի գոյության ընթացքում լավագույն ցուցանիշն է: Այժմ արդեն նախկին նվաճումն արձանագրվել էր 2008 թվականի ապրիլին, երբ մեր ընտրանին հանգրվանել էր ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 78-րդ հորիզոնականում:
Ռեկորդային այս թռիչքը (այն ցատկ կոչել, պարզապես, հնարավոր չէ) արձանագրվեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Սլովակիայի եւ Անդորրայի ընտրանիների նկատմամբ տարած գեղեցիկ ու տպավորիչ հաղթանակների շնորհիվ:
Ազգային հավաքականների առաջին տասնյակն ըստ հաջորդականության կազմել են.
1. Իսպանիա, 2. Հոլանդիա, 3. Բրազիլիա, 4. Գերմանիա, 5. Արգենտինա, 6. Անգլիա, 7. Ուրուգվայ, 8. Պորտուգալիա, 9. Խորվաթիա, 10. Ռուսաստան: