Բանավիճում են կինոաշխարհի մարդիկ
«Կինոաշուն» նախագծի շրջանակում երեկ Կինոգործիչների միությունում կայացավ «Մեր ժամանակի հերոսը՝ ժամանակի խնդիր» խորագրով «կլոր-սեղան»- քննարկում, որը վարում էր կինոգետ, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը: Վերջինս նման քննարկումներից արդյունք չի սպասում, բայց գտնում է, որ դրանք անհրաժեշտ են: Նրա կարծիքով, այսօր մեր կյանքում եւ արվեստում բացակայում է երկխոսությունը: «Բոլորս էլ գիտենք, որ այսօր փողն է պակասում, բայց եկեք խոսենք ոչ թե փողի եւ այլ հանգամանքների բացակայության մասին, այլ այն բանի, թե ինչպես ենք մտածում»,- նշեց նա: Խոսելով այսօր նկարահանված ֆիլմերի ու մրցանակների մասին՝ նա նշեց. «Փարաջանովը կերազեր ստանալ մեկ տասներորդն այն մրցանակների, որ այսօր ստանում են մեր՝ նույնիսկ երիտասարդ ռեժիսորները»: Սա, նրա կարծիքով, վկայում է այն մասին, որ այսօրվա կինոն կինոլեզվի տեսակետից գավառական չէ: Նրա կարծիքով, այսօրվա կինոյում պակասում է սովորական մարդը. «Դա սերիալների մեղքը չի, որովհետեւ նույնիսկ սերիալներն ապացուցում են, որ ունենք լավ դերասաններ, բայց ինչի՞ մասին են նրանց ֆիլմերը, ո՞ւր են գնում: Ճաշակով ռեժիսոր է Սուրեն Բաբայանը, բայց ի՞նչ է անում, խեղդում է, չի թողնում, որ մտնես իր հերոսի կերպարի մեջ, զգաս՝ ինչո՞ւ է կորցրել իր դեմքը, հիշվելո՞ւ են հետո այդ կերպարները, հետք թողնելո՞ւ են մեր սրտերում: Մեր ֆիլմերում մեր հերոսն ավելի վատն է, քան մենք: Ինչո՞ւ պետք է ֆիլմում, կինոյում ավելի վատը դառնաս, քան կաս: Պատճառներից մեկն այն է, որ ենթագիտակցությունը խեղդել է գիտակցությանը, գովազդի մոնտաժը մտել է կինոարվեստ… ինտերնետ, գովազդ եւ այլն, արի՛ եւ ինֆորմացիա քաղիր, մեր կինոն էլ է դարձել այդպիսին, գնում է մոդայի հետեւից»: Նրա կարծիքով, այսօրվա հայկական ֆիլմերը ոչ մի բանով չեն զիջում ռուսականին, բայց զիջում են կորեական, իրանական ֆիլմերին: «Պետք է հակադրվենք գլոբալիզացիային, որը ծնում է «դեբիլիզացիա» եւ այն այսօր իշխում է»,- ասաց կինոգետը: «Կինո+» ամսագրի խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը գտնում է, որ ամեն կերպ պետք է պահպանել հին հայկական կինոն. «Ունեցել ենք հրաշալի կինո, որի խմորումներն այսօր առկա են», իսկ այօրվա կինոյի հերոսները, ըստ նրա՝ «ավտարիտետներն» ու «գողականներն» են:
Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն էլ արձագանքեց. «Չեմ սիրում, որ ասում են՝ լավ կինո ենք ունեցել, այսօր ունենք ավելի լավ կինո, քան այն ժամանակ»: Նա համաձայն չէր, որ խորհրդային շրջանի կինոն եղել է պրոֆեսիոնալ. «Այսօրվա կինոն մի քիչ ծուռումուռ է, բայց ժամանակին ավելի ադեկվատ եւ աշխարհն ավելի մեծ է, քան Խորհրդային միությունը, մենք մնացել ենք Սովետական միության մեջ»: Երիտասարդ ռեժիսորի կարծիքով, այսօր մեզանում՝ թե՛ կինոքննադատության մեջ, թե՛ ռեժիսուրայի, կա սերնդափոխության լուրջ խնդիր: