Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իմ ներկայացումներում էլ կա սեքս եւ բռնություն…»

Հոկտեմբեր 21,2010 00:00

\"\"Ասում է անվանի թատերական ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան

Վրացի թատերական ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան օրերս Երեւանում էր: «Առավոտի» հետ զրույցում ռեժիսորը խոստովանեց, որ շատ է սիրում Երեւանը եւ առիթը բաց չի թողնում գալ այստեղ. «Ինձ հատկապես դուր են գալիս ձեր նոր շենքերը, կառույցները: Երեւանը օրը օրի գեղեցկանում է»:
«Առավոտի» հետաքրքրությանը, թե մի քանի տարի առաջ, երբ Երեւանում հանդիսավոր նշվեց արվեստագետի հոբելյանը, խոսք կար այստեղ օպերա բեմադրելու մասին, Ռ. Ստուրուան տվեց հետեւյալ պատասխանը. «Այո, իսկապես պետք է բեմադրեի «Սայաթ-Նովա» օպերան: Անկեղծ ասած, ինձ այնքան էլ մոտ չէր դրա համար գրված երաժշտությունը: Եվ հետո, ձեր հայտնի Փարաջանովը հրաշալի ֆիլմ ունի «Սայաթ-Նովայի» մասին, որին գերազանցել դժվար թե հաջողվի»:
Հարցրինք վերջերս «Et Cetera» թատրոնում կայացած Շեքսպիրյան «Փոթորիկից», որի մասին զրույցներից մեկում Ստուրուան ասել է, որ մի շարք դժվարություններ է ունեցել բեմադրական աշխատանքները իրականացնելիս:
«Դժվարությունն այն էր, որ ստիպված եղա պիեսը բավականաչափ կրճատելու, ինչը մինչ այդ իմ պրակտիկայում երբեւէ չեմ արել: Տարիքով մարդ եմ, դժվար է ինձ արդեն մեծ ինֆորմացիա մշակելը: Եվ հետո երկար, այսպես ասած՝ էլիտար ներկայացումներ ինքս նայել չեմ սիրում: Ձանձրանում եմ, ննջում ներկայացման ընթացքում: Այսօր արագության, համակարգիչների դար է: 3-4 րոպեում տեսահոլովակները, անկախ նրանից՝ լավն են, թե վատը, որոշակի ինֆորմացիա են տալիս դիտողին»,- փաստում է նա:
Իր բեմադրած «Համլետներից» դերասանական ում խաղն է իրեն սրտամոտ: «Միանշանակ՝ Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան թատրոնի դերասան Զազա Պապուաշվիլու կատարումը: Այս դերը կարծես նրա համար է ստեղծված: Ես երկար ժամանակ խնդրում էի նրան՝ խաղալ Համլետ: Բացատրում էի, որ դա իր վերջին հնարավորությունն է… Այն ժամանակ նա 45 տարեկան էր: Իմ խոսքերը, որ նա բավական լավ տեսք ունի, հավանաբար ազդեցին դերասանի վրա եւ նա հրաշալի խաղ ցուցադրեց»,- պատմում է Ստուրուան ու հավելում, որ երբեմն ռեժիսորը ստիպված է լինում ջերմ խոսքեր շռայլել դերասաններին: Որպես կանոն, այն հաջողության գրավական է դառնում: Զրուցակիցս ընդգծեց նաեւ՝ եթե դերասանի մեջ չկա պոտենցիալ, ապա նրանից Համլետ երբեք չի ստացվի: Սա ի լուր Համլետ խաղալ երազողներին…
«Հաճախ թատերագետները քննադատում են, թե Համլետ իրավունք չունի խաղալ գեր դերասանը, մինչդեռ Շեքսպիրի մոտ չի տրվում հերոսի բնութագիրը: Վերջին շրջանում հատկապես կին թատերագետներն են իրենց գրախոսականներում փորձում սադրել դերասանին, ռեժիսորին… Օրինակ, երբ Ալեքսանդր Կալյագինը Շեյլոկ խաղաց, մի կին թատերագետ գրել էր, թե Կալյագինն ու Շեյլոկը իրարից շատ հեռու են: Ինչպե՞ս կարելի է վստահել այդ դերը ցածրահասակ եւ գեր մարդու…»,- նշում է Ստուրուան:
Մեր դիտարկմանը՝ փաստորեն գրախոսական հոդվածներ էլ է կարդում եւ արդյոք դրանք պե՞տք են վարպետին, Ռ. Ստուրուան ասում է. «Լավ թատերագիտական գրախոսականը կարող է օգնել ռեժիսորին… Ի դեպ, տարօրինակ բան եմ նկատել թատերագետների մոտ. գալիս են թատրոն եւ ներկայացումն անմիջապես սկսվելուն պես բացում են նոթատետրերը եւ սկսում սղագրել: Արդյունքում՝ բաց են թողնում ներկայացման կարեւորագույն մասերը: Չէ՞ որ դեպքերը բեմում արագ են զարգանում»:
Իսկ ի՞նչ կարծիք ունի նոր դրամայի մասին, որն այսօր մոդայիկ է դարձել թատերական աշխարհում: «Ես այդ ժանրի սիրահարը չեմ: Նոր դրաման հարազատ է գերմանական թատրոնին: Գերմանացիները սիրում են շոկային վիճակ ստեղծել հանդիսասրահում: Մի քանի տարի առաջ, երբ Լոնդոնում հյուրախաղերի ժամանակ ներկայացրի Չեխովի «Երեք քույր» պիեսը, գերմանացի գործընկերներս ներկայացումից հետո ինձ հետ սկսեցին վիճել, որ այդպես ներկայացում չեն բեմադրում, Ռոբերտ, սիրելիս… Միակ օրիգինալ լուծումը, ըստ նրանց, հավանաբար, այն կլիներ, եթե երեք քույրերի դերը խաղային ոչ թե կանայք, այլ տղամարդիկ, իսկ այդ քայլին ես երբեւէ չէի գնա… Իմ ներկայացումների մեջ էլ կա սեքս, բռնության տեսարաններ: Սակայն աշխատել եմ այնպես բեմադրել, որ դրանք գռեհիկ չլինեն»,- հայտնում է զրուցակիցս: Հաջորդ հարցին՝ ի՞նչ կարծիք ունի անտրեպրիզայի մասին եւ արդյո՞ք համամիտ է, որ այն ընդամենը «գրդոն» է, Ռ. Ստուրուան պատասխանեց. «Ես այն չեմ համարում «գրդոն»: Այդ ժանրը իրավունք ունի գոյություն ունենալու: Ամբողջ աշխարհում կան թատրոններ, որոնց խաղացանկը կառուցված է անտրեպրիզային ներկայացումներից: Օրինակ, «Կոմեդի Ֆրանս» թատրոնը…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել