Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԵՍ ԳԻՏԵՄ՝ ԻՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ»

Հոկտեմբեր 21,2010 00:00

\"\"Ֆրանսաբնակ դաշնակահար, դիրիժոր Վահան Մարտիրոսյանը Կամերային նվագախմբի ղեկավարի թեկնածուներից մեկն է:

Այսօր գնալով մեծ թափ են ստանում արվեստագետների կուլիսային խոսակցությունները՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի հնարավոր թեկնածուների մասին: Ինչպես «Առավոտը» ժամանակին տեղեկացրել էր, դրանք երկուսն են՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանն ու ֆրանսաբնակ դաշնակահար, դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Գուցե այս թեմային չանդրադառնայինք, եթե մեզանում այս կամ այն մշակութային օջախի գեղարվեստական ղեկավար նշանակելը չտեւեր ոչ թե ամիսներ, այլ տարիներ: Մեր արվեստագետները, այդ թվում՝ եւ անվանի, եթե ծանոթ են դեռեւս 1981 թվականից դիրիժոր Ռուբեն Ասատրյանի գործունեությանը, ապա Վահան Մարտիրոսյանին իբրեւ դիրիժոր չեն էլ ճանաչում: Բայց նաեւ հիացմունքի խոսքեր են արտահայտում Մարտիրոսյան դաշնակահարի հասցեին: Վերջինս ընդամենը 2-3 անգամ է ղեկավարել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Հանդիպեցինք Վ. Մարտիրոսյանին եւ խնդրեցինք ներկայացնել իր դիրիժորական գործունեությունը: Մեր զրուցակիցն ասաց, որ մեծ նվագախումբ սկսել է ղեկավարել 2003թ.: «Առաջինը կանգնել եմ Նյու Յորքի Մանհեթըն դպրոցի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի առջեւ, որից հետո ինձ աշխարհահռչակ Կուրտ Մազուրը հրավիրել է իր վարպետության դասերին, այնուհետեւ ղեկավարել եմ Ֆրանսիայի համարյա բոլոր նվագախմբերը: Որպես գլխավոր դիրիժոր՝ այսօր աշխատում եմ Կաննի (Նորմանդիայի մայրաքաղաք) սիմֆոնիկ նվագախմբում»,- ասաց արվեստագետը: Այս համերգաշրջանում արդեն Վ. Մարտիրոսյանը ղեկավարել է Հայաստանի կամերայինը եւ հոկտեմբերի 24-ին էլ դարձյալ ղեկավարելու է: Պաշտոնական առաջարկ եղե՞լ է՝ հարցին պատասխանեց. «Առայժմ՝ ոչ, սակայն լինելու դեպքում մեծ սիրով կհամաձայնեմ»: Հետաքրքրությանը՝ իսկ Կաննի սիմֆոնիկը թողնելո՞ւ է, արվեստագետը պատասխանեց. «Կաննի նվագախմբի հետ աշխատանքը ինձնից խլում է ամսական մեկ շաբաթ ժամանակ, ոչ ավելի: Ասեմ, որ աշխարհի մեծ նվագախմբերն ունեն գլխավոր դիրիժորներ, սակայն նվագախումբը չի կարող մեկ դիրիժորով, ինչքան էլ այն տաղանդավոր լինի, ստեղծագործական աճ ապրել: Այսօր կան անվանի դիրիժորներ, որոնք ղեկավարում են միանգամից 5 նվագախումբ»:
Կարծիք է ձեւավորված, թե արվեստագետին պաշտոնի նշանակում է ոչ թե համապատասխան գերատեսչությունը, այլ հարցը լուծվում է «վերեւներում»: Այս առիթով էլ Վ. Մարտիրոսյանն ասաց հետեւյալը. «Պաշտոնյա հովանավոր չունեմ եւ դրա կարիքն էլ չունեմ: Քաղաքակիրթ երկրներում նվագախումբն է որոշում եւ ընտրում իր գեղարվեստական ղեկավարին: Եթե նվագախումբը չցանկանա, նույնիսկ երկրի նախագահը անզոր կլինի այդ հարցում: Ես գիտեմ՝ ինչ եմ ուզում… ցանկանում եմ, որ նվագախումբը գործի, երաժիշտներն էլ լինեն երջանիկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել