Չիլիում 70 օր շարունակ հանքահորում արգելափակված մնալուց հետո փրկված 33 հանքափորներից հինգը որոշել է ամուսնանալ իր կյանքի ուղեկցի հետ: Reuters-ի մատուցմամբ, ամուսնական հինգ զույգերի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Չիլիի հյուսիսում գտնվող Կալդերա քաղաքում: Ընդ որում, նրանց թվում են ամուսնական զույգեր, որոնք մինչ այս 10- 25 տարի նույն հարկի տակ ապրել եւ երեխաներ են ունեցել «քաղաքացիական» ամուսինների կարգավիճակում: Ընդհանրապես, աղբյուրի մատուցմամբ, փրկված բոլոր հանքափորները կարող են գլուխ գովել՝ ի ցույց դնելով անձնական կյանքում իրենց հաջողությունները: Դեռ մինչեւ հանքահորից դուրս բերվելը, նրանց շուրջ մի քանի սկանդալներ էին տեղի ունեցել: Երբ հանքափորների «պաշտոնական» կանայք գնացել էին իրենց ընտանիքներին հասանելիք փոխհատուցումները ստանալու, բախվել էին իրենց մրցակից կանանց՝ ամուսինների սիրուհիների հետ, որոնք եւս փոխհատուցում ստանալու հավակնություն էին ունեցել: Սիրուհիներից ոմանք պնդել էին, թե իրենք փոխհատուցում ստանալու ավելի մեծ իրավունք ունեն, քան հանքափորների կանայք, քանի որ իրենց սիրեկանները պատրաստվում էին ամուսնալուծվել, բայց այդ ձեւականությունը տեղի չէր ունեցել վերահաս վթարի հարուցած խոչընդոտների պատճառով: Իսկ հանքափորներից մեկն էլ, պարզվել էր, որ միանգամից երկու սիրուհի ունի: Շատ դեպքերում Կարմիր խաչի աշխատակիցները ստիպված են եղել իրարից բաժանել հանքափորների ծեծկռտուք սարքած կանանց ու սիրուհիներին:
Բացի հարսանեկան արարողություններ կազմակերպելուց, հանքափորները նաեւ պահանջներ են ներկայացնում: Նրանք Չիլիի կոնգրեսականներից մեկի հետ զրույցում Սան-Խոսե հանքավայրի ղեկավարությանը մեղադրել են այն բանում, որ վերջիններս ժամանակին՝ տեղի ունեցած վթարից երեք ժամ առաջ, հրաժարվել էին իրենց տարհանել, թեեւ այդ պահին արդեն գետնի տակից կասկածելի ձայներ էին լսվել: Հանքափորները պնդել են նաեւ, թե ժամանակին վախեցել են բարձրաձայնել տեխնիկայի անվտանգության կանոնների խախտումների վերաբերյալ իրենց կասկածների մասին՝ մտածելով, որ կկորցնեն իրենց աշխատանքը: Հիմա Չիլիի արհմիությունները երկրի նախագահից պահանջում են վավերացնել Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 176 կոնվենցիան, որը ազգային կառավարություններին պարտավորեցնում է կատարել ձեռնարկություններում տեխնիկայի անվտանգության կանոնների պահանջներն ու երաշխավորել այդօրինակ հարցադրումներ անող հանքափորների պաշտպանվածությունը: Իհարկե, երկրի նախագահ Սեբաստիան Պիներան արդեն հայտարարել է, որ Սան- Խոսեում տեղի ունեցած վթարի պատասխանատվությունը կրում են հանքի ղեկավարները:
Ներկայումս «Սան-Էստեբան» լեռնաարդյունահանող ընկերությունը մոտ է սնանկացմանը. հանքափորների փրկության գործողությունը նրանց վրա էժան չի նստել: Ինչ վերաբերում է տեխնիկայի անվտանգության կանոնների խախտման մեղադրանքին, ապա ընկերությունը դրանք չի ընդունում: