Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գենետիկա եւ ոչ միայն

Հոկտեմբեր 21,2010 00:00

Գիտաժողով, որի հանդեպ հայաստանցի երիտասարդները լուրջ հետաքրքրություն չեն ցուցաբերում:

2011 թվականի փետրվարի 20-26-ը Երեւանում կկայանա ժամանակակից գենետիկայի վերաբերյալ սեմինար՝ նոբելյան մրցանակակիր Թիմ Հանթի եւ 12 աշխարհահռչակ մասնագետների մասնակցությամբ: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին սեմինարի կազմակերպիչներ՝ Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը եւ ասոցիացիայի անդամ Հովակիմ Զաքարյանը:
Սեմինարներ կազմակերպում է Եվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիաների ֆեդերացիան (FEBS): Ա. Գասպարյանը նշեց, որ բացի օտարազգի լավագույն մասնագետներից, գենետիկայի մասին դասախոսություններ են կարդալու նաեւ հայերը, որոնք ներկայացնելու են իրենց կատարած հետազոտությունները, գիտական աշխատանքները: «Թեման միայն գենետիկան չէ: Քանի որ գենետիկայով զբաղվողները Հայաստանում շատ քիչ են, իսկ սեմինարը գիտաժողով չէ, այդ պատճառով դասախոսությունները կլինեն նաեւ կենսաբանության ոլորտում՝ ցանկացած թեմայով: Կարծում ենք, սեմինարը կհետաքրքրի կենսագիտություն, բնագիտություն եւ այլ ուղղություններով մասնագիտացող երիտասարդներին»:
Հ. Զաքարյանի խոսքով, սեմինարին մասնակցելու համար ցանկացողները նախապես պետք է հայտ լրացնեն, իսկ տարիքային սահմանափակում չկա. «Միակ խնդիրն այն է, որ սեմինարի մասնակիցը պետք է ունենա գիտական աշխատանք, բայց պարտադիր չէ, որ այն կենսաբանության ոլորտում լինի: Արդեն ստանում ենք հայտեր, օրինակ՝ մի երիտասարդ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետից է: Բայց նրան հետաքրքրել է թեման: Գիտական աշխատանք չունեցողներն էլ կարող են մասնակցել, բայց պետք է հիմնավորեն՝ ինչու»:
«Գենետիկական մուտացիան այնպիսի երեւույթ է, որ անկախ ազգությունից եւ ռասայական պատկանելությունից, ամեն տեղ գոյություն ունի: Երբ մարդ 10 րոպե խոսում է, նրա օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ մուտացիաներ, որոնք եթե ինչ-ինչ պատճառներով ժառանգվեն կամ թողնեն որոշակի ազդեցություն, մարդու մոտ քաղցկեղ կառաջանա: Իսկ դա արդիական է ցանկացած երկրում»,- փաստում է Զաքարյանը:
Ա. Գասպարյանի փոխանցմամբ, սեմինարի հայտերի լրացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է: Կազմակերպիչները դժգոհեցին, որ հայաստանցի երիտասարդների կողմից ակտիվություն գրեթե չի նկատվում:
«Ինձ համար մի տեսակ պարադոքսալ է, որ նոբելյան մրցանակակրի դասախոսություններին մասնակցելու ակտիվություն չեն ցուցաբերում մեր երիտասարդները: Եթե ինտերնետով հետեւեք FEBS-ի կազմակերպած կամ նոբելյան մրցանակակիրների դասախոսություններին, կտեսնեք, որ դահլիճում տեղ ունենալու համար մարդիկ պայքարում են»,- ասում է ասոցիացիայի նախագահը: Ըստ նրա, իրենք կարիք չունեն մասնակիցների քանակ ապահովելու. «Ուղղակի սա աննախադեպ հնարավորություն է միջազգային մասնագետներից իրական գիտելիք ստանալու: Ի դեպ, հրավիրված զեկուցողները անվճար են դասախոսություններ կարդալու: Ավելին, ունենք մի զեկուցող Ճապոնիայից, որն իր միջոցներով է գալիս Հայաստան: Հայ գիտնականների համար էլ է սա բացառիկ հնարավորություն՝ ծանոթանալու համաշխարհային հռչակ ունեցող գիտնականների կամ արտերկրում աշխատող մեր հայրենակիցների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել