Թուրք հակերները հարձակում են գործել Համբուրգում եւ Մեքլենբուրգում Քրիստոնեա-դեմոկրատական միության cduhamburg.de եւ cdu-mecklenburg-vorpommern.de կայքերի վրա: Lenta.ru-ի փոխանցմամբ, այս կայքերի գլխավոր էջերում տեղադրված բովանդակության փոխարեն սեւ ֆոնի վրա տեղադրվել է Օսմանյան կայսրության գերբը, որի տակ եղել է «Մենք Թուրքիայից ենք» ողջույնը եւ ՔԴՄ առաջնորդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված հարցադրում՝ «Ո՞ւր են գնացել ինտեգրացիայի համար տրված փողերը»: Երկու կայքերն էլ մի քանի ժամի տարբերությամբ արդեն վերականգնվել են: Կատարվածի առնչությամբ ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Իրավապահ մարմինները չեն բացառում, որ հակերների գործողությունները քաղաքական եւ ծայրահեղական ենթատեքստ ունեն, որոնք կապված են հասարակությանը ներգաղթյալների ու մասնավորապես Թուրքիայից մահմեդականների ինտեգրման վերաբերյալ Գերմանիայում ընթացող սուր բանավեճի հետ: