Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՍԱՐԱԿ ՀԱՅՏԱՐԱՐ ՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻՆ ՄԵՋ»

Հոկտեմբեր 21,2010 00:00

\"\"Օրերս Երեւանում էր ԱՄՆ-ում գործող GlobalHye & Associates կազմակերպության հիմնադիր-տնօրեն, GlobalHye information services-ի ղեկավար Միրօ Խանզադյանը: Սա նրա 5-րդ այցելությունն է, առաջին անգամ՝ 1994, վերջին անգամ՝ 2008-ին է եղել հայրենիքում: Նա մասնակցել է նաեւ Արցախում կայացած ԶԼՄ-ների համահայկական 5-րդ խորհրդաժողովին:

– Ի՞նչ է իրենից ներկայացնում GlobalHye-ը:
– GlobalHye-ը ստեղծվել է 2002թ.՝ իբրեւ անկախ PR ընկերություն, մեր մասնագիտությունը հայկական շուկան է, հայկական համայնքը: 2007թ. մի ուրիշ բաժանմունք ենք ստեղծել՝ GlobalHye information services-ը, որը տեղեկատվական ծառայության գրասենյակ է, անվճար ուղարկում ենք «հայկական» լուրեր՝ ավելի քան 50000 e-mail-ի վրա: Ատոնք կամ քաղաքական բովանդակության լուրեր են, կամ անհատ հայերի հաջողություններ, կամ էլ հակահայկական տեղեկատվության մասին ենք իրազեկում բոլորին: Ես ԱՄՆ հայկական համայնքում PR-ոլորտի 15 տարվա փորձառություն ունիմ: Նկատել եմ, որ տեղի համայնքը PR-ից պակաս է: Պարզ անհատը կարծում է, որ եթե թերթի մեջ կամ TV-ի վրա դնի գովազդը, պիտի հաջողություն գտնի, մինչդեռ դա սխալ է, հետեւողական ձեւով քո շուկային, կարդացողին ու դիտողին՝ լինի բիզնես, անհատ, թե միություն, պիտի հասցնես քո մեսիջը: Մի օրինակ՝ կապված Գյումրիի «Գոհար» համույթի ամերիկյան հյուրախաղերի հետ: «Գոհարը» վարձել էր մեզի՝ GlobalHye-ը, որ իրենց գովազդը անենք հայկական շուկայի համար՝ 3 ամսվա ընթացքին: Արդյունքում՝ սրահը լեփլեցուն էր: Նշեմ, որ 50000 հասցեների մեջ կազմակերպություններ են, կառավարական անձնավորություններ կամ միություններ: Ինֆորմացիան եւս խմբավորել ենք, որովհետեւ երբեմն լուրեր կան, որ պիտի հենց էդ պահին ուղարկես: Իսկ անհատների առումով դժվար է գիտնալ, թե ով ինչ կուզե: Մեր նպատակն այն է, որ ինտերնետի, կայքէջի միջոցավ մարդիկ արձանագրվեն, թե ինչ տեսակ լուր են ուզում ստանալ, եւ մենք ուղարկենք իրենց հետաքրքրական նյութերը:
– Ասացիք, որ ձեր ցանցի միջոցով տարածում եք հակահայկական քարոզչության մասին տեղեկատվություն, ինչպե՞ս եք հակազդում դրան:
– Նախ պետք է իմանանք՝ մեր հակառակորդը ի՞նչ լուրեր ունի: Ատոր մոնիտորինգը շատ կարեւոր է, ամենաբծախնդիր ձեւով նման տեղեկատվությունները զատում ենք եւ ուղարկում պատկան մարմինների՝ ըլլա տեղական համայնքների ղեկավարություն, միություններ, դպրոցական քլաբներ, որպեսզի իրենց համալսարանների ու դպրոցների մեջ ալ տարածեն, ուղարկում ենք նաեւ հայաստանյան իշխանություններին ու տարբեր երկրներում Հայաստանի դեսպանատներին: Մասնավորաբար՝ ապրիլ ամիսը հատկանշական իմաստ ունի համաշխարհային մակարդակի վրա: Մենք ոչ միայն տեղական միջոցառումների գովազդը անում-ուղարկում ենք հայերին, որ ներկա լինեն, այլեւ թրքական աղբյուրների մոնիտորինգ ենք իրականացնում: Մի անգամ, օրինակ, New York Times-ի մի էջը առած էին եւ հակահայ գովազդ պատվիրած: Մենք տեղեկացրինք բոլորին մեր ցանցի միջոցավ: Դրան հետեւեցին հայերի էլեկտրոնային նամակները New York Times-ին՝ ինչու էդպիսի բան արել եք: Այնպես որ, փորձում ենք համայնքին զարկերակը ըլլալ… Ասկե 3 տարի առաջ Թուրքիո պաշտպանության նախարարը պիտի պաշտոնական այցով գար Լոս Անջելես, այդ լուրը իսկույն ուղարկեցի Հարավային Ամերիկայի երիտասարդական միություններին, անմիջապես հետո լսեցի, որ պատրաստվում են ցույց անել Թուրքիո պաշտպանության նախարարի հանդեպ: Վերջերս ալ Los Angeles Times-ից հայ գաղութը պահանջեց, որ ներողություն խնդրի հակահայ հոդվածի համար: Եվ խնդրեցին…
– Արցախում մասնակցեցիք ԶԼՄ-ների համահայկական խորհրդաժողովին, ի՞նչ տվեց այն ձեզ:
– Շատ տպավորված եմ, գնահատելի է Սփյուռքի նախարարության այս միջոցառումը: Հատկանշական է, որ Արցախի մեջ կայացավ ասիկա, ինչը քաղաքական մի մեսիջ է, ու պատահական չէ, որ թրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն անդրադարձած էին դրան: Կարեւորը՝ հասարակ հայտարար մը դրվի ընդհանուր հայկական մամուլին մեջ՝ ըլլա անիկա իշխանամետ, ընդդիմադիր, թե դրսի… Բոլորը համազգային հարցերով միակարծիք պիտի ըլլան՝ լինի Ղարաբաղի անկախություն, ցեղասպանության հարց, թե հայկական համաշխարհային հարց: Ցավոք, այս պահին մեր հակառակորդը շահել է տեղեկատվական պատերազմում, որովհետեւ պետական մակարդակով են ֆինանսավորվում: Սփյուռքի նախարարությունն ալ ստանձնած է էս պատասխանատվությունը իր վրա, պիտի այլեւս ատոր համաձայն բյուջե տրամադրվի: Խորհրդաժողովի ընթացքին խոսվեց, որ հայությունը բաժանվել է 3 մասի՝ Արցախ, Հայաստան եւ Սփյուռք: Վերջին տարիներին Սփյուռքի մեջ քիչ մը խռովություն կար՝ ի մասնավորի Հայաստան-Թուրքիա փրոթոքոլային աշխատանքների համար. ցույցեր կազմակեպվեցին եւ այլն: Սակայն երկու-երեք բան մը պատահեց վերջին 8 ամսվա ընթացքին, կկարծեմ դրական էր՝ առաջինը անիկա էր, որ նախագահը անդրադարձավ, թե փրոթոքոլային գործընթացը թակարդ է Թուրքիո կողմե, որին ուզում էին հայերին էլ խառնել, բայց հակառակը ստացվեց: Երկրորդը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հարցն է, որի պարագային Սփյուռքի ձայնը լսելով՝ մարդ չուղարկեցին: Հուսամ, որ կշարունակվի էս բաները, Սփյուռքը միշտ գնահատված կլինի, կարծիքն ալ հաշվի առնված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել