Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆ-100

Հոկտեմբեր 21,2010 00:00

Այս օրերին նշվում է ակադեմիկոս, Հռոմի «Տիբերինա» եւ Վայմարի Շեքսպիրյան ընկերության պատվավոր անդամ, ականավոր արվեստաբան Ռուբեն Զարյանի 100-ամյակը: Այդ կապակցությամբ
հոկտեմբերի 21-ին եւ 22-ին ՀՀ ԳԱԱ-ն կազմակերպում է հոբելյանական գիտաժողով, իսկ նոյեմբերի 8-ին մշակույթի նախարարությունը Կամերային երաժշտության տանը կանցկացնի հոբելյանական երեկո:

\"\"
Ռուբեն Զարյանը Վահրամ Փափազյանի հետ:

«Դու»-ով
եւ սրտի թրթիռով

Մենք էլ՝ կրտսեր եւ կրտսերագույն հայերս, գիտեինք Ադամյանին, բայց այնպես, ինչպես գիտեինք Հայկին՝ Խորենացուն անտեղյակ, Վարդանին՝ Եղիշե չկարդացած, Նարեկը՝ Նարեկացի չըմբոշխնած: Լսել էինք: Ինչ-ինչ կարծիքների տեղյակ էինք: Գիտեինք իբրեւ առասպել, բայց ոչ պատմություն. իբրեւ պատմություն, բայց ոչ իրականություն: Ու եկան մեր առաջին ուսուցիչներն ադամյանավանդ: Այսօր չհիշել նրանց՝ նույնն է, թե լինել երախտամոռ աշակերտ, ինչից, փառք Աստծո, հեռու ենք:
Նրանց շնորհիվ էր, որ մենք հպարտացանք Ադամյանով, բայց չկարողացանք գնահատել. ակնածեցինք, բայց չհասցրինք սիրել. «կոչեցիմք զնա եւ ոչ ետ մեզ զձայն»- կարճ ասած՝ ծանոթացանք, բայց չճանաչեցինք:
Ու եկավ մեկը, որ աշակերտել էր մեր նույն այդ ուսուցիչներին: Ադամյանի մասին իր առաջին գիտելիքները քաղել նրանից՝ մեզ նման, բայց մեզանից տարբեր այնքանով, որ իր ուսուցիչների հանդեպ տածած երախտագիտությամբ չբավականացավ, այլ ընդարձակեց նրանց գործը, ընդարձակելու չափով  բարձրացրեց, բարձրացնելուց ավելի խորացրեց եւ հայ մշակույթի ամեն մի ջատագովի գրասեղանին դրեց երկու պատկառազդու հատոր, երկուսն էլ նույն խորագրով՝ «Ադամյան»:
Ռուբեն Զարյանն էր, մի անձնավորություն, որի ուսումնասիրությունները հայ դասական գրողների մասին եւ մանավանդ քննադատական հոդվածները ընթացիկ հայ գրականության շուրջ, նրա անունը դարձրել էին ծանոթ եւ սիրելի: Ավելին. կային բաղձանքներ եւ ակնկալիքներ, որոնք գրասերների մտքում շաղկապվում էին միայն այդ անվանը: Այսօր, այլեւս չվախենալով անփափկանկատ կոչվելուց, կարող ենք ասել, որ Ռ. Զարյանը չկատարեց այդ բաղձանքներն ու ակնկալիքները: Ոչ թե չկարեցավ, այլ չկամեցավ: Եվ չկամեցավ երեւի այն պատճառով, որ այլ էր ժամանակի կամքը, իսկ դա ավելին է, քան մարդկայինը: Այս ուշացած պահանջարկը կարող է արդարացվել եւ իսկապես էլ արդարացվում է լոկ այն իրողությամբ, որ Ռ. Զարյանը մեզ պատճառած հիասթափության փոխարեն մեզ համակեց երախտագիտությամբ, մեր երեկվա ցավը գերակշռեց մեր այսօրվա ուրախությամբ, որովհետեւ իր երեկվա թերատը լրացրեց մի այնպիսի կողմից եւ այնպիսի կերպով, որ այսօր, ի պատիվ  նրա, կարող ենք ասել.
– Հայ գրականագիտությունից ու քննադատությունից հայ թատերագիտությանն ու արվեստագիտությանն անցնելով՝ Ռ. Զարյանը նմանվեց այն դասալիքին, որ հետո դառնում է զորապետ: Եվ դարձավ: Վկա՝ «Սիրանույշը»: Վկա՝ «Ադամյան» խորագրված երկու հատորը: Վկա՝ «Թատերական դիմանկարները», ինչպես նաեւ Արվեստի ինստիտուտի ողջ գործունեությունը, մի ինստիտուտ, որ ղեկավարվում է Ռ. Զարյանի կողմից՝ ապացուցելով  նրա նաեւ կազմակերպչական հմտությունների եւ նորանոր հղացումների անպակասությունը («Շեքսպիրագիտական հայկական կենտրոն», «Շեքսպիրական» տարեգիրք, «Շեքսպիրական գրադարան», «Հայ գիրքն ու գրականությունը օտար լեզուներով» եւ այլն:
…Ռ. Զարյանի մեծագույն ծառայությունն այն է, որ հավաքելով ամենը, ինչ ասված է հայկական եւ առավել եւս ռուսական մամուլում, համադրելով ու հակադրելով ողջ ասվածը, հասել է մի այնպիսի արդյունքի, որից ստանում ենք գեղագիտական կրկնակի հաճույք. նորից ենք հաղորդվում  անզուգական Շեքսպիրի անզուգական կերպարներին. ապա եւ ըմբոշխնում անզուգական Ադամյանին տեսնելու պատրանքը, մի պատրանք, որ այս անգամ ավելին է, քան շեքսպիրյան ոչ-գերազանց բեմադրության  իրականությունը: Բայց Ռ. Զարյանը Ռ. Զարյան չէր լինի, եթե բավարարվեր նյութի հավաքմամբ ու մշակմամբ  միայն: Ռ. Զարյանը գործել է մի այնպիսի  եղանակով, որ պիտի որակվի առերեւույթ իրար չփակչող երկու բառով՝ տրամաբանական հոգեբանությամբ: Միայն տրամաբանությամբ՝ մենք գիրք կկարդայինք, բայց չէինք տեսնի Ադամյանին: Միայն հոգեբանությամբ՝ մենք թերեւս տեսնեինք Ադամյանին, բայց չէինք հավատա Ռ. Զարյանին: Հիմա տեսնում ենք եւ հավատում, որովհետեւ Ռ. Զարյանը լինելով տրամաբան՝ միաժամանակ հոգեբան է, առանց որի անկարելի է լինել  արվեստաբան, առավել եւս թատերագետ, որովհետեւ թատրոնը ոչ նեղ փողոց է, ոչ էլ նույնիսկ լայն պողոտա, թատրոնը խաչմերուկ է, ուրեմն եւ պահանջում է իրենը՝ խաչմերուկային ունակություններ:
Այլ կերպ ասած՝ Ռ. Զարյանը, բարեբախտորեն, կարողանում է մասով վերականգնել ամբողջը, ակնարկը հասցնել մեկնաբանության, ժանիքով պատկերել մամոնտին, ավերակված Զվարթնոցից ստեղծել թորամանյանական Զվարթնոց, որ այս անգամ կոչվում է «Ադամյանի Շեքսպիրը»:
Ռ. Զարյանն ունի մի այլ ունակություն էլ, որ (առանց խնայելու իր համեստությունը) պիտի կոչել տաղանդ: Ռ. Զարյանը գրե՜լ գիտի, որ ավելին է, քան գրագետ լինելը: Նա գիտի՝ երբ դնել վերջակետը, երբ սկսել նոր  տողից, երբ դիմել հարցականի օգնության ու երբ՝ կոչականի: Այն, ինչ ուրիշ մեկը կասի մի անճոռնի պարբերությամբ՝ հարդն ու ցորենը, աղն ու երկանքը խառնած իրար, սա ասում է մի շարք նախադասություններով. այն, ինչ ուրիշ մեկն ասում է մի շարք նախադասություններով՝ կենդանի մարդուն դարձնելով մարդակազմության դպրոցական դասագիրք, սա ասում է մեկ պարբերությամբ: Նա էությամբ է զգում այն, ինչ քչերն են ուզում գիտակցել. այն, որ զբաղվել  գրականագիտությամբ կամ արվեստաբանությամբ՝ նշանակում է այդ գիտությունները եթե չբարձրացնել գրականության կամ արվեստի աստիճանին, ապա գոնե չօտարացնել-չխորթացնել դրանցից, այսինքն՝ հասնել այն պարտադիր վիճակին, երբ ընթերցողը ստանում է  իմացական եւ գեղագիտական հաճույք:
Ուրեմն՝ Ռ. Զարյանը միայն բանասեր-հետազոտող-պատմաբան չէ, այլեւ քննադատ: Այս բարեբաստիկ միացությամբ է նա կերտել Ադամյանի կերպարը՝ իր գիրքը հիմնարկելով  պատմականության վեմերին, բայց կառուցելով ժամանակակից ձեւերով, վերծանելով հին վիմագրություններ, բայց որմնանկարելով արդիական վրձնի օգնությամբ: Այս պատճառով էլ Ռ. Զարյանի գիրքը լինելով պատմական հետազոտություն՝ ունի ժամանակակից հնչողություն:
Մե՜ծ, շա՜տ մեծ բան է հարգանքը: Բայց կա մեծագույնը, որ սեր է կոչվում: Իսկ  որտեղ ներկա է սերը, ջնջվում են տարիքային տարբերությունները իրենց պարտադրանքով, եւ հարգալից, բայց սահմանադիր «դուք»-ի  տեղն է գրավում ջերմացնող ու սահմանազանց «դու»-ն:
Ռուբեն Զարյանը այն երջանիկ անձնավորությունն է, որին «դուք»-ով դիմելիս  էլ մտքիդ մեջ «դու» ես գործածում, որովհետեւ իր հանդեպ տածած  հարգանքդ այլ բան չէ, քան սիրո խտացում:
Ռ. Զարյանի գրական եւ գիտական ամբողջ գործունեությունը եղել է ոչ այլ ինչ, քան թարմի եւ դալարի պաշտպանություն, ուրեմն՝ երիտասարդության ջատագովանք: Թարմի, դալարի, երիտասարդականի պաշտպանություն  եւ ջատագովանք՝ ոչ թե այս բառերի անմիջական ընկալմամբ, այլ այս նույն բառերի միջնորդական հասկացություններով:
Ապրելով այսօրվա մեջ եւ այսօրով, Ռ. Զարյանը միշտ էլ ունեցել է վաղվա մտահոգություն: Այսպես կարող են լինել միայն նրանք, որոնց միակ «թուլությունն» է երիտասարդ լինելը, կյանքին երիտասարդի աչքերով նայելը, այլ կերպ ասած՝ վաղվա մասին մտածելը: Եվ միայն ոմանց ծանոթ Ռուբենը բոլորին ծանոթ Զարյան դարձավ հենց այն օրից, երբ իրեն նվիրեց  Աբովյանին՝ այն զարմանալի երիտասարդին, որին մենք բոլորս մեր նոր գրականության հայրն ենք համարում:
Ի՜նչ աղմուկ  հարուցեց «Վերքին» կցված այն փոքրիկ առաջաբանը, որ ստորագրել էր Ռ. Զարյանը: Անցյալի մասին գրելիս Ռ. Զարյանը մտածել էր վաղվա մասին: Այս պատճառով էլ նրա անունը մտապահեցին բոլոր նրանք, ովքեր մտածում էին վաղվա մասին: Նույն այս պատճառով էլ Ռ. Զարյանը աչքի փուշ դարձավ բոլոր նրանց համար, ովքեր (բնազդով թե գիտակցաբար) վախենում էին վաղվանից: Եվ Ռ. Զարյանի «հանցանքը» բնորոշվեց մի բառով, որ իր օրինական հպարտությունն է այսօր՝ էսթետ, այսինքն՝  գեղագետ:
Այո՛, Ռ. Զարյանը գեղագետ էր ծնվել, երբ դեռ չկար գեղագիտության կարիք, բայց հասունանում էր դրա անհրաժեշտության գիտակցությունը: Այո՛, Ռ. Զարյանն ուներ գեղեցիկի  մի ընկալչություն, որ չէր տեղադրվում հասկացությունների այն անձկության մեջ, որոնք ձեւված էին ոչ թե տեղադրման, այլ տեղավորման վրա:  Ռ. Զարյանը ոչինչ չի արել առանց սրտի թրթիռի, ուստի եւ մենք էլ երբեւէ նրան չենք կարդացել առանց սրտի թրթիռի: Եվ կա ախտորոշական մի խոսք, որ նույնպես կոչվում է «սրտի թրթռում»: Նրանը «սրտի թրթռումը» չէ, այլ սրտի թրթիռը, որ տարափոխիկ է, երբ խոսքը վերաբերում է արվեստագետ-գեղագետին:
Թո՜ղ այդ տարափոխիկ սրտի թրթիռը երկա՜ր, շա՜տ երկար տարիներ Ռ. Զարյանից փոխանցվի իր բազմահազար երկրպագուներին, որոնք «դուք»-ով դիմելիս էլ՝ իրենց մտքի մեջ ունեն մտերմիկ «դու»-ն:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Իմ կոլեգաները համամիտ են այն կարծիքին, որ ցանկացած պատվին, որին կառաջադրվի Ռուբեն Զարյանը, կհամարվի սիրալիր ծառայություն միջազգային շեքսպիրյան ուսումնասիրությանը, ուր նա ունի իր ներդրումը:
Տ. Զ. Բ. ՍՊԵՆՍԵՐ
Բիրմինգհեմի համալսարանի
անզլերեն լեզվի եւ գրականության պրոֆեսոր, Շեքսպիրյան ինստիտուտի դիրեկտոր, Անգլիա
***
Խնդիրն իհարկե զուտ այն չէ, որ նա տաղանդավոր, մեր մշակույթի ու արվեստի զարգացման ճակատագրով կենսականորեն շահագրգռված մարդ է: Գլխավորը, ինչպես ինձ թվում է, այն է, որ Ռուբեն Զարյանը խոշոր անհատականություն է, արտասովոր, հուզական եւ մտավոր ներաշխարհի միայն իրեն հատուկ հարստությամբ: Եվ շնորհիվ այդ հատկության, նա, որպես մեր իրականության ամենից ավելի կարկառուն անհատներից մեկը, շատ բանի վրա է ազդում իր իրազեկությամբ, ուժով, համոզումով:
Անհատական անկրկնելիությունը թափանցում է անգամ նրա արտաքինից…:
ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ
Կոմպոզիտոր,
ՀՍՍՀ ժողովրդական արտիստ
***
Ամեն քաղաք, նաեւ ամեն ժողովրդի մշակույթ գույներ ունի եւ այդ գույները մարդիկ են: Ռուբեն Զարյանը մեր քաղաքի եւ մշակույթի գույներից է, անգամ նրա արտիստիկ արտաքինը անբաժանելի է մեր քաղաքի եւ մշակույթի խճանկարից:
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
արձակագիր
***
Ես հավատացած եմ, որ Հայաստանի գիտությունների ակադեմիայի համար պատիվ է եւ մեծ հարգանքի նշան է այն անունը, որ Ռ. Զարյանը բերել է ամբողջ աշխարհի հայերին…
ԼՈՒԻՍ ՄԱՐԴԵՐ
Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ, շեքսպիրագետ
***
Ռուբեն Զարյանը, շնորհիվ խոշոր գիտական գործունեության եւ իբրեւ գիտությունների ակադեմիայի իր հիմնադրած Արվեստի ինստիտուտի տնօրեն, ձեռք է բերել լայն ճանաչում: Նրա աշխատությունները ստացել են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ճանաչում: Մենք երջանիկ ենք նրան տեսնել Վայմարյան շեքսպիրյան ընկերության պատվավոր բարեկամների շարքում:
ՄԱՐՏԻՆ ԼԵՀՆԵՐՏ
Գերմանական շեքսպիրյան ընկերության պրեզիդենտ

***
Ռուբեն Զարյանը մեր ձեռքն է տալիս մեր հիշողության ոսկե կապը, որ ինքն է հյուսել իր գեղեցիկ ու դժվարին կյանքի եւ հայ սքանչելի մտավորականության բազմագույն թելերից:
ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ
բանաստեղծ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել