Իջեւանի շահերի պաշտպանութան եւ աջակցության կենտրոնը (ՇՊԱԿ) դիմել էր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին՝ տեղեկացնելով, որ միջպետական նշանակության Մ-4 ավտոմոբիլային ճանապարհի վրա Իջեւան եւ Դիլիջան համայնքների «Բնակավայրի սկիզբ» եւ «Բնակավայրի վերջ» նշանները օրենքով սահմանված կարգով չեն տեղադրված եւ խնդրել էր ապահովել օրենքով սահմանված վայրում դրանց տեղադրությունը: Ըստ ճանապարհային նշանների տեղակայման վերաբերյալ կառավարության 2006թ. հոկտեմբերի 26-ի որոշման՝ «նշանները տեղակայվում են բնակավայրի բոլոր մուտքերի մոտ՝ բնակելի կառուցապատման սահմանի վրա»: Իրականում այդ նշանները տեղադրված էին բնակավայրի վարչական սահմանների, բայց ոչ բնակելի կառուցապատման գոտու սահմանի վրա: Նշանների սխալ տեղադրության պատճառով պետավտոտեսուչները վարորդներից պահանջում էին այդ քաղաքների բնակելի կառուցապատման սահմանից դուրս գտնվող ճանապարհին պահպանել ժամում առավելագույնը 60 կմ/ժամ արագությունը, ինչը սահմանված է բնակավայրերի տարածքում երթեւեկելու համար: Բնակավայրերից դուրս թույլատրված է մինչեւ 90 կմ/ժամ արագությունը: ՇՊԱԿ-ի համոզմամբ, նշանների սխալ տեղադրության հետեւանքով առկա էր կոռուպցիոն ռիսկ: ՀՀ ճանապարհային ոստիկանությունը ուսումնասիրություններ էր կատարել եւ առաջարկել նշանների տեղադրության վայրերի փոփոխություններ:
Իջեւանի ՇՊԱԿ-ի հանրային կապերի պատասխանատու Արամ Գասպարյանը հայտնեց, որ Դիլիջան քաղաքի հյուսիսային մուտքի նշանը Պարզ լիճ տանող ճանապարհի խաչմերուկից դեպի Դիլիջան քաղաք՝ 4 կմ հետ է տարվել, Դիլիջանի հարավային մուտքի նշանը մնացել է նույն տեղում, Իջեւանի հարավային մուտքի նշանը դեպի մարզկենտրոն ետ է տարվել 4 կմ, իսկ հյուսիսային մուտքինը՝ մոտ 1 կմ: