Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԵՎ ԶՈՐԱՊԵՏԻ

Հոկտեմբեր 21,2010 00:00

Սյունեցիները մտադիր են Վերին Խոտանան գյուղում տեղադրել Սյունիքի եւ Հայաստանի համար մեծ գործեր արած խոտանանցիների հուշարձանները:

\"\"
Սա Գրիգոր Տաթեւացու Գորիսում տեղադրված արձանն է:
Մովսես Տաթեւացու Վերին Խոտանանում տեղադրվելիք արձանը դեռ մշակվում է:

Հոկտեմբերի 19-ին տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բացվել է 1346-1409 թվականներին հայ առաքելական եկեղեցու վարդապետ, Գրիգոր Տաթեւացու երեք մետր բարձրությամբ արձանը: Սյունեցի է նաեւ մոտ 400 տարի առաջ պաշտոնավարած Ամենայն հայոց կաթողիկոս Մովսես Տաթեւացին: Մովսես Տաթեւացին Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Վերին Խոտանան գյուղում է ծնվել ու Սյունիքի մարզպետարանում որոշել են Խոտանան գյուղում էլ Մովսես Գ Տաթեւացու (Մովսես Գ Խոտանանցու) հիշատակը հավերժացնող հուշակոթող կառուցել: Երկար ժամանակ է՝ ինչ քննարկվում է Ամենայն հայոց կաթողիկոսի, մեծանուն սյունեցու արձանը տեղադրելու հարցը: Տաթեւացու հուշակոթողի կառուցման եւ տեղադրման աշխատանքների իրականացման նպատակով մարզպետարանում աշխատանքային խումբ է ստեղծվել:
1578թ. Սյունիքի մարզի Խոտանան գյուղում ծնված Մովսեսը 15 տարեկան դեռ չկար, երբ նրան 1592 թվականին տվեցին քահանայության աստիճան՝ օրհնելով կուսակրոն աբեղա: Խոտանանցին Տաթեւի վանքում է իր կրթությունը ստացել: 1629թ.-ին կարգվել է Ամենայն հայոց կաթողիկոս՝ հաջորդելով Դավիթ Վաղարշապատցուն:
Տաթեւացու մասին պատմող գրություններում նշվում է, որ նա մեծ ներդրում ուներ Տաթեւի Մեծ Անապատի կառուցման գործում: Երուսաղեմում Սաղմոսավանքի Սարգիս վարդապետին ու Կիրակոս Տրապիզոնցի քահանային հանդիպելիս երբ իմանում է, որ նրանք շրջում են Երուսաղեմում, հունաց վանքերում, Հորդանան գետի ափերին, Փորձության լեռան վրա՝ որոնելով ուշադրությունից զերծ ու անգայթակղիչ անապատի տեղ, բայց չեն գտնում, Տաթեւացին նրանց խորհուրդ է տալիս հենց Սյունյաց աշխարհում անապատ շինել, որովհետեւ բուն Հայաստանն է. վանքեր, գյուղեր ու քրիստոնյա ժողովուրդ շատ կան, ուստի անապատի կարիքները կլրացվեն: Եվ երկու կրոնավորները հետեւելով Խոտանանցու խորհրդին՝ 1611թ. կառուցում են Տաթեւի Մեծ Անապատը:
Սյունիքի մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանի փոխանցմամբ, Վերին Խոտանանում Մովսես Տաթեւացու հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրումը հիմնականում կիրականացվի հանգանակությունների շնորհիվ: «Կարծում եմ՝ Հայաստանում եւ Սփյուռքում ապրող հայրենասեր սյունեցիներ կգտնվեն, ովքեր հավանություն կտան եւ կօժանդակեն այս նախաձեռնությանը: Այդ առիթով կբացվի հատուկ հաշվեհամար, որտեղ բարերարները կկարողանան կատարել իրենց ներդրումները»,- հավելում է զրուցակիցս:
Իսկ Վերին Խոտանան գյուղական համայնքի ավագանին օգոստոսի 13-ին որոշել է, բացի Տաթեւացու հիշատակը հավերժացնող հուշակոթողից, գյուղում կառուցել նաեւ համագյուղացի, 1918-1921թթ. Զանգեզուրի հերոսամարտի Սիսիանի զորախբերի գխավոր հրամանատար Պողոս Տեր-Դավթյանի հիշատակին նվիրված կոթող: Խոտանանցի Պողոս Տեր-Դավթյանի շնորհիվ են ամրապնդվել Սիսիանի սահմանները, զորապետի ռազմական փայլուն տաղանդի արդյունքում Սիսիանը փրկվել է կոտորածից: Զանգեզուրյան գոյամարտում զոհված հրամանատարի դին հանգչում է իր իսկ ծննդավայրում:
Վերին Խոտանանում կա Պողոս Տեր-Դավթյանի կիսանդրին, բայց նպատակահարմար է գտնվել հերոսի պատվին կառուցել ավելի արժանի արձան: Առավել եւս, որ դեկտեմբերին լրանալու է նրա ծննդյան 130-ամյակը եւ այդ առիթով խոտանանցիները իրենց համագյուղացի հերոսի նոր արձան կունենան իրենց գյուղում: Ինչպես պատասխանատուներն են նշում, նախատեսվում է Մովսես Տաթեւացի հայրապետի եւ Պողոս Տեր-Դավթյան զորապետի արձանները տեղադրել հարեւանությամբ՝ ստեղծելով հուշարձանախումբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել