Իննա Հարությունյանն ու ամուսինը միայնակ թոշակառուներ են: Ամուսինը 82 տարեկան է, 1-ին կարգի հաշմանդամ, ինքը՝ 72 տարեկան, հիպերտոնիկ հիվանդ: Երկու տարի առաջ նրանք «Փարոսի» անդամ էին եւ ընդգրկվել էին «սառեցված ավանդները» ստացողների ցուցակում:
Ըստ Ի. Հարությունյանի, ծեր ու հիվանդ թոշակառուները անձրեւին ու ցեխին մի քանի պտույտ են կատարել քաղաքում, պարզելու՝ ո՞ր բանկ է փոխանցվել իրենց գումարը, քանի որ «Փարոսի» աշխատակիցներն ասել են, թե խնայգրքույկներում հստակ չի գրված: «Պատկերացնո՞ւմ եք, մեծ մասամբ միայնակ, ծեր հաշմանդամներն են այդ գումարները ետ ստանում՝ մեկը ձեռնափայտով, մյուսը՝ սայլակին գամված: Թե ինչ դժվարություններով, ինչ տանջանքով ես եւ ամուսինս ստացանք այդ գումարները՝ միայն մեզ է հայտնի»,- պատմեց տիկին Իննան:
Տիկինը փորձել է նաեւ «Փարոսից» ճշտել, թե ինչպես է հաշվարկվել ռուբլի-դրամ անցումը, բայց նրա բազմաթիվ հարցումները մնացել են անպատասխան: «Փարոսում» ինձ տեղեկատվություն չտրամադրեցին,- հայտնեց Ի. Հարությունյանը,- չնայած խոսքը ոչ նպաստի եւ ոչ էլ օգնության, այլ մեր քրտինքով աշխատած գումարի մասին էր»:
Այս տարվա մայիսի 18-ին Ի. Հարությունյանը դիմում է ոչ թե «Փարոսին», այլ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Նա ուզում էր պարզել, թե ինչպես է հաշվարկվել վերադարձվող գումարը: «Ինձ ներկայացրին հաշվարկը, որտեղ հստակ նշված էր գրքույկների գումարը եւ տոկոսները: Մեր գումարի տոկոսները կազմում էին 10 884 դրամ: Զարմանքիս՝ իսկ ինչո՞ւ մեզ չեն վճարվել տոկոսները, ասացին, որ պետք է բանկից տեղեկանք ներկայացնենք հաշվի մասին»,- հայտնեց Ի. Հարությունյանը: Այնուհետեւ տիկին Իննան պարզում է, որ յուրաքանչյուր հաշվի մասին տեղեկանքն արժե 2000 դրամ: Այսինքն, այդ 10 884 դրամը ստանալու համար նա պետք է ծախսեր 6 000 դրամ: Տիկնոջ հարցին՝ արժե՞ 4 884 դրամի համար նորից վազվզել, բանկում հերթ կանգնել, աշխատակիցները պատասխանել են՝ դուք որոշեք՝ արժե՞, թե՝ ոչ:
Քանի որ ոչ տիկին Իննան, ոչ էլ առավել եւս ամուսինը առողջություն չունեն եւ չեն կարողացել վազվզել բանկերով, այդպես էլ չեն ստացել իրենց խնայած գումարի տոկոսները: «Շատերի համար դա մանրուք է, բայց դրանով ես եւ ամուսինս ապրում ենք մոտ 3 շաբաթ»,- հուզված ասաց Ի. Հարությունյանը:
Այս ամենի հետ կապված, տիկին Իննան հարցեր ունի, բայց հասցեատիրոջը չգիտի, դրա համար էլ դիմում է նախագահ Ս. Սարգսյանին եւ վարչապետին:
Նա հարցնում է. «Ինչի՞ համար են բանկի տեղեկանքները, եթե ամբողջ ինֆորմացիան՝ բանկում եղած գումարի չափի, տոկոսների մասին վաղուց գտնվում է «Փարոսի» եւ սոցապ նախարարության տրամադրության տակ: «Փարոսը» ստեղծվել է ամենակարիքավոր խավին օգնելու համար: Եթե բոլոր տեղեկանքները պետք է բերեն հիվանդ ծերերը, որոնցից շատերը ֆիզիկապես ի վիճակի չեն նույնիսկ քայլել, ապա ո՞րն է «Փարոսի» դերը: Կոնկրետ ինձ առաջարկել են պարալիզված ամուսնուս տաքսիով բերել, որպեսզի նա իր ստորագրությունը դնի, այն էլ խնայգրքույկում եղած նմուշին համապատասխան: Ստացվում է, որ օգնության կարիք ունեցողները պետք է աշխատեն «Փարոսի» աշխատակիցների փոխարե՞ն»:
Երեւույթի մասին Ի. Հարությունյանն ունի իր բացատրությունը. «Կառավարությունում գիտեն, որ մեզ նման անօգնականները շատ են ու ի վիճակի չեն վազվզել տեղեկանքների ետեւից, հետեւաբար նրանց գումարները կգնան չգիտեմ թե ում գրպանը կամ էլ, լավագույն դեպքում՝ պետբյուջե: Բայց մեզ նմանների քրտինքով աշխատած կոպեկների վրա աչք ունենալ չի կարելի, դրանով բյուջե չի լցվի…»:
Նաեւ մի խնդրի մասին է տիկին Հարությունյանը բարձրաձայնում. «Կառավարությանը հասցեագրված մեր բոլոր դիմում-խնդրանքներին ստանում ենք պատասխան, թե «դիմումի շարժը կարող եք հսկել ինտերնետով», եւ նշում են հասցեն: Ասացեք, խնդրեմ, մի՞թե մեր երկրում համակարգիչ եւ ինտերնետ ունի ամեն թոշակառու, հաշմանդամ ու չքավոր ընտանիք»:
Ի դեպ, տիկին Իննան եւ ամուսինը, որ ունեն համապատասխանաբար 40 եւ 56 տարվա աշխատանքային ստաժ, միասին ստանում են 76 000 դրամ կենսաթոշակ, որի մեծ մասը գնում է դեղերին եւ կոմունալ ծախսերին, իսկ սնվելու համար մնում է չնչին գումար: Նրանք «Փարոսի» նպաստառու չեն եւ ուզում են իմանալ, թե ինչո՞ւ է «Փարոսի» տեղեկատվությունը գաղտնի: Օրինակ, գաղտնի է պահվում, թե որքան պետք է լինի ընտանիքի նվազագույն աշխատավարձը, որպեսզի ընդգրկվի «Փարոսում»: