Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐ»՝ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ

Հոկտեմբեր 21,2010 00:00

Հրազենային կրակոցներով ուղեկցված միջադեպի հերոսները փնտրվում են

\"\"
Դեպքի վայրը:

\"\"
\"\" \"\"
Վնասված մեքենան:

«Առավոտը» տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 16-ին Լոռու մարզի Ալավերդու քաղաքային հիվանդանոց էր տեղափոխվել Սանահին թաղամասի բնակիչ՝ 27-ամյա Ռոբերտ Մոսինյանը, որը ճանապարհին մահացել էր:
Նախորդ օրը Ալավերդիում հողին հանձնվեց 27-ամյա երիտասարդի դին: Մեզ հետ զրույցում ալավերդցիները ասում էին, որ երիտասարդի մահը «Մի կաթիլ մեղրի» պատմությունն է հիշեցնում: Դեպքի օրը՝ հոկտեմբերի 16-ի երեկոյան, Ռոբերտ Մոսինյանը եւ նրա եղբայրներ Ռոմիկն ու Պերճը հանդիպում են Ալավերդու բնակիչ, 1963թ. ծնված Կամո Շահվերդյանին՝ վերջինիս պատկանող Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտ գործող քարի արտադրամասի հարակից տարածքում՝ վագոն-տնակի մոտ: Մեր զրուցակից ալավերդցիները պատմում էին, որ եղբայրների եւ Կամո Շահվերդյանի միջեւ տեղի է ունեցել «խոսքուզրից», որին մասնակցել է նաեւ Կամոյի որդին՝ Զորայր Շահվերդյանը, որը Երեւանի պետական ագրարային համալսարանի հեռակա դեպարտամենտի ուսանող է: Ալավերդցիները ասում էին, որ «խոսքուզրիցը» հիմնականում մի հարցի շուրջ է եղել. մասնավորապես, Շահվերդյանին հարցրել են, թե ինչու են իրենց ազգական անչափահաս երեխային նկատողություն արել, իսկ Մոսինյանն էլ մեղադրել է, որ իրենց հարազատին ինչու են «մի մուշտի տվել»: Հետեւել է «լավ եմ արել» պատասխանը, որին էլ, բնականաբար՝ «ո՞նց թե, լավ եմ արել…լավ չես արել…» եւ այլն: Ալավերդցիները նշում էին, որ տղերքը մի քիչ «տնական» օղի են խմած եղել, «կոկոները տաքացել է» ու լեզվակռվին հաջորդել են երկփողանի, ողորկափող, որսորդական հրացանից արձակված կրակոցները: Այս կրակոցներից մեկն էլ հենց խոցել է Ռոբերտ Մոսինյանին: Հրազենային կրակոցներից վնասվել էին երիտասարդի լյարդը եւ երիկամները սնուցող անոթները: Ուշագրավ է, որ կրակոցներից հետո միջադեպի մասնակիցները դեպքի վայրից դիմել են փախուստի:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները այնտեղ հայտնաբերել էին որսորդական հրացան, երկու պարկուճ եւ «Մերսեդես-Բենց» մակնիշի 23 ԼՍ 717 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի 15 ՍՕ 970 համարանիշի ավտոմեքենաները: Ի դեպ, «Մերսեդեսի» հետեւի անվաթեւին առկա էր հրազենային երկու հետք:
Տեղի ունեցածի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասի (սպանություն) եւ 235-րդ հոդվածի առաջին մասի (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Դեպքի վայրում հայտնաբերված մեքենաները տեղափոխվել եւ այս պահին գտնվում են ոստիկանության Թումանյանի բաժնի տուգանային հրապարակում, իսկ առգրավված հրազենն ու փամփուշտները ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն: Նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական եւ մատնադրոշմային փորձաքննություն:
«Առավոտի» տեղեկություններով, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Թումանյանի բաժնի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում առաջիկայում հետախուզում կհայտարարվի նախկինում 2 անգամ դատապարտված Կամո Շահվերդյանի եւ նրա ուսանող որդու ու տուժողի եղբայրների նկատմամբ: Եթե, իհարկե, մինչ այդ հայր ու որդի ինքնակամ չներկայանան քննչական մարմիններին: Լոռու մարզ մեր այցելության պահին՝ ոստիկանության մարզային վարչություն էր այցելել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Վերջինս օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել մարզային վարչությունում, որին մասնակցում էին մարզի ոստիկանության բոլոր բաժինների պետերն ու այլ բարձրաստիճան սպաներ: Հունան Պողոսյանը հստակ հանձնարարական է տվել սեղմ ժամկետում հայտնաբերել վերը նշված դեպքից հետո փախուստի դիմած անձանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել