Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչ Ռենիկ Մկրտչյանն ապրում է միայնակ, չունի ոչ երեխա, ոչ էլ խնամակալ: Ծայրը ծայրին հասցնելով՝ ամեն օր աչքը թոշակ բերողի ճանապարհին է. միակ եկամուտը 16 000 դրամ թոշակն է. «Հույսս էն է, որ գոնե որպես միայնակ ու աղքատ թոշակառու Խնայբանկում իմ ներդրած 4000 ռուբլին տան, ցուցակներում ոնց նայում եմ՝ հերթս չի երեւում»: Տիկին Մկրտչյանը նամակ-խնդրանքով ուր ասես չի դիմել, նույնիսկ նախագահին, բայց ոչ մի պատասխան չի ստացել: «Առավոտը» ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվեց, թե կա՞ն որոշակի առաջնահերթություններ միայնակ, անժառանգ թոշակառուների համար: Նախարարությունից տեղեկացրին, որ փոխհատուցումն իրականանում է ըստ հերթացուցակի, եւ նման մարդկանց համար չկա առաջնահերթություն, քաղաքացիները փողերը կստանան ըստ հերթագրության: