Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկներին՝ լավ լուր, դեղագործներին՝ նախազգուշացում

Հոկտեմբեր 21,2010 00:00

\"\"Ընտանեկան բժիշկների միջին հաշվարկային աշխատավարձը 2011թ. կկազմի մոտ 84,7 հազար դրամ՝ ներկայիս 77 հազարի փոխարեն: Երեկ խորհրդարանային բյուջետային քննարկումների ժամանակ հայտնել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ընդգծելով, որ բժիշկների եւ մյուս բուժաշխատողների աշխատավարձի չափերը որոշվում են առողջապահական հիմնարկների կողմից: Ինչ վերաբերում է բյուջետային ֆինանսավորմանը, ապա այն իրականացվում է ըստ հիվանդների թվի: news.am-ի փոխանցմամբ, սակայն առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ընդմիջելով ֆինանսների փոխնախարարին, նշել է, որ բյուջետային ֆինանսավորման մեխանիզմն այնպիսին է, որ պոլիկլինիկաների տնօրենները չեն կարող բժիշկներին ցածր աշխատավարձեր նշանակել: Ըստ նախարարի, բժիշկների միջին աշխատավարձը 2011 թ. կկազմի մոտ 80 հազար դրամ, իսկ միջին բուժաշխատողներինը՝ 54 հազար:
Պ. Սաֆարյանի տվյալներով, 2011 թվականի պետական բյուջեով առողջապահությանը հատկացվելու է 62,5 մլրդ դրամ, որը կկազմի ՀՆԱ-ի 1,66%-ը: Սակայն կայուն զարգացման ծրագրով առողջապահության մասնաբաժինը ՀՆԱ-ում պետք է 2011-ին կազմեր մոտ 2%: Պետական բյուջեի նախագծի եւ կայուն զարգացման ծրագրերի միջեւ առկա շեղումը փոխնախարարը բացատրել է ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամով: Սրան ի պատասխան, պատգամավորները նույնիսկ 2 տոկոս թիրախը անբավարար են համարել առողջապահական համակարգի նորմալ կենսագործունեության համար, քանի որ, ըստ փորձագիտական գնահատականների, առողջապահության պետական հատկացումները առնվազն պետք է հասնեն ՀՆԱ-ի 3 տոկոսին:
Ըստ Պ. Սաֆարյանի, եթե առողջապահության նախարարությանը հաջողվի Համաշխարհային բանկից 20 մլն դոլար վարկ ստանալ, ապա առողջապահության ֆինանսավորումը արդեն 2011թ. կմոտենա ՀՆԱ-ի 2 տոկոսին:
Երեկ պարոն Քուշկյանը նաեւ զգուշացրել է Հայաստանի բոլոր դեղարտադրողներին՝ իրենց արտադրանքը համապատասխանեցնել GNP չափանիշներին: Ըստ նախարարի՝ այսօր էլ որոշ դեղագործարաններ՝ «Լիքվորը», «Արքիմեդը» կամ «Ֆարմատեքը» համապատասխանում են այդ չափանիշներին, որոնք շատ խիստ են եւ նույնական՝ եվրոպական բոլոր երկրների համար: Սակայն կան նաեւ դեղագործարաններ, որոնք լուրջ խնդիրներ ունեն եւ նրանց շատ կարճ ժամանակ է տրվելու իրավիճակը շտկելու համար, հակառակ դեպքում՝ կփակվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել