Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԹ-ՄԱԾՈՒՆԸ ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ՉԻ ՓՐԿՈՒՄ

Հոկտեմբեր 21,2010 00:00

\"\"Խոպանչիների բերած սեռավարակները նպաստում են,  որպեսզի երեխաները մահացած ծնվեն

Չնայած վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ծնելիության աճ, սակայն այն շարունակում է մոտ 2 անգամ ցածր մնալ 1990 թվականի մակարդակից: Օրերս նման տվյալ հրապարակվեց Ծաղկաձորում «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագրի» քննարկման ժամանակ:
 Հանրապետության գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն այս ծրագրի ղեկավարն է: Գիտաժողովին հավաքվել էին առողջապահության նախարարության մասնագետներ, հանրապետության գրեթե բոլոր մարզերից մոտ 80 գինեկոլոգ եւ փորձում էին հասկանալ, թե մինչ օրս վերարտադրողական առողջության ուղղությամբ ինչ են արել եւ ինչ բացթողումներ կան: Ռազմիկ Աբրահամյանի ներկայացմամբ՝ թերսնուցման եւ աղքատիկ սնունդ օգտագործելու հետեւանքով մեր երկրում վերարտադրողական տարիքի ամեն 7-րդ, 8-րդ կնոջ մոտ հայտնաբերվում է սակավարյունություն, որը տարածված է հատկապես հղի կանանց մոտ: Վերջին 10 տարում հղիների շրջանում սակավարյունությունն ավելացել է 8-10 անգամ: Մասնագետի ներկայացմամբ՝ հղիների մոտ շատ հաճախ հայտնաբերվում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, հատկապես՝ ցիտոմեգալովիրուս, խլամիդիա եւ հերպես, որը շատ հաճախ պատճառ է դառնում մեռելածին ծնունդների: Ուստի, պարոն Աբրահամյանը առողջապահության նախարարությանն առաջարկեց՝ այս հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը հղի կանանց համար դարձնել անվճար: Այսօր լուրջ խնդիրներ են առաջացնում նաեւ անգրագետ եւ սխալ կատարված արհեստական վիժեցումները: Դրան նպաստում է դեղատներում ազատ վաճառվող «սայտոտեկ» դեղամիջոցը: Այն կանայք, որոնք ուզում են հղիությունն ընդհատել, առանց բժշկի ցուցումի այդ դեղը գնում են դեղատներից եւ օգտագործում: Բժիշկների ներկայացմամբ, շատ է պատահում, երբ ինքնագործունեությամբ զբաղված հղի կանայք արդեն արյունաքամ վիճակում դիմում են հիվանդանոց: Նման դեպքերից խուսափելու համար գլխավոր գինեկոլոգն առաջարկեց «սայտոտեկը» վաճառել միայն դեղատոմսով:
Անդրադառնալով մայրական մահացության դեպքերին, մասնագետները հայտարարեցին, որ այն մեզ մոտ բավականին ցածր է ԱՊՀ մյուս երկրների համեմատությամբ, սակայն Եվրոպայի հետ համեմատած՝ բավականին բարձր:
Այս տարի պաշտոնապես գրանցվել է ընդամենը 3 դեպք: Ռ. Աբրահամյանի խոսքերով՝ վերլուծության արդյունքում պարզել են, թե հիմնականում որոնք են պատճառները: Ըստ նրա, հղի կանայք խնդիրներ ունենալիս ժամանակին չեն դիմում նեղ մասնագիտական կոնսուլտացիաների եւ հետազոտությունների, ուշացնում են բուժօգնություն ստանալը եւ ողջ ծավալով չեն հետազոտվում ու բուժվում:
«Առավոտը» գիտաժողովին ներկա մարզային գինեկոլոգներից հետաքրքրվեց, թե ի՞նչ խնդիրներ կան մարզերում բնակվող վերարտադրողական տարիքի կանանց մոտ: Հիմնական խնդիրը, ինչպես փաստում են մասնագետները, սեռավարակներն են, որոնց պատճառը մեր տղամարդկանց խոպան գնալն է ու առանց պաշտպանվելու աջ ու ձախ պատահական սեռական կապեր ունենալը:
Մեզ հետ զրույցում Ախուրյանի «Մոր եւ մանկան կենտրոնի» տնօրեն Վահրամ Միրզոյանը վստահեցրեց, որ իրենց մոտ, բացի թերսնուցումից, մյուս բոլոր խնդիրներն առկա են. «Մեզ մոտ հարսներին լավ են նայում, լավ են կերակրում: Իսկ ինֆեկցիաները շատ-շատ են, որոնցից էլ վիժումներ են լինում: Մեր տղամարդկանց 70%-ը սեզոնին դրսում են, հետո գալիս են վիրուսներով: Հետազոտությունների արդյունքում պարզել ենք, որ մեր կանանց մեծ մասի մոտ պապիլոմավիրուս կա, որը արգանդի վզիկի քաղցկեղի պատճառ է: 2300 հետազոտված կանանց 12%-ի մոտ կարելի է կանխել այդ քաղցկեղը»: Պարոն Միրզոյանն առաջարկեց այդ վիրուսի դեմ արդեն պատվաստել 15 տարեկան աղջիկներին. «Այդ տարիքի աղջիկներ մեր երկրում այնքան շատ չեն, որպեսզի պետության վրա մեծ ծախս լինի: Բայց եթե մտածում ենք, որ այդ աղջիկները վերարտադրողական տարիքի են եւ մի քանի տարուց մայր են դառնալու, ապա խիստ անհրաժեշտ է անվճար կատարել այդ պատվաստումը, քանի որ պապիլոմա վիրուսի 16 եւ 32 տիպերն իսկապես լուրջ խնդիր են մեր երկրում: Եթե այսօր դեմը չառնենք, 10 տարի հետո լուրջ հետեւանքներ կունենանք»:
Մարտունիում հղիների մոտ թերսնուցում կամ սակավարյունություն գրեթե չկա: Այստեղ էլ հարսներին լավ են նայում: Մարտունու ծննդատան կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ Արթուր Հովհաննիսյանի խոսքերով՝ մարզում գյուղմթերքների պակաս չկա. «Պանիրը կա, յուղը կա, կարտոֆիլը կա, միսը կա, էն՝ ինչ պետք է հղի կնոջը»: Ինչ վերաբերում է վերարտադրողական առողջության այլ խնդիրներին, պարոն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ չբերության տոկոսն է բարձր: Ինչը նույնպես ինֆեկցիաների արդյունք է. «Բայց առաջ էլ էին ինֆեկցիաները տարածված: Ուղղակի հիմա լաբորատոր հետազոտություններն են լավ կատարվում, դրա համար էլ շատ են հայտնաբերվում ինֆեկցիաները»:
Գավառի բժշկական կենտրոնի ծննդատան տնօրեն Աշոտ Կարապետյանն էլ ասաց, որ իրենց մոտ փոքր-ինչ ավելացել են ՄԻԱՎ-վարակակիրները: Թեեւ Ա. Կարապետյանը այդ հանգամանքը պայմանավորում է Գավառում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի լաբորատորիայի բացմամբ:
Սյունիքի մարզի մասնագետները ահազանգում են, որ իրենց մոտ վերարտադրողական որոշ խնդիրներ էկոլոգիայի հետ են կապված: Այդ մարզում գործող մետալուրգիական հիմնարկներն իրենց բացասական հետեւանքը թողնում են կանանց առողջության վրա: Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանի խոսքերով՝ «Քանի որ չկա որեւէ հետազոտություն, որից պարզ կլինի՝ որքանո՞վ են բնապահպանական խնդիրներն ազդում մարդկանց առողջության վրա, ես հստակ ոչինչ չեմ կարող ասել»: Ինչ վերաբերում է սեռավարակներին, ապա պարոն Օրբելյանը նշեց, որ նոր լաբորատոր հետազոտությունների շնորհիվ կարողանում են հայտնաբերել այնպիսի վիրուսներ, որոնք նախկինում անհնար էր կամ դժվար. «Վերարտադրողական տարիքի կանանց մոտ շատ հանդիպում են միոմաներ, ձվարանների խանգարումներ եւ այլն, բայց դա էլ լաբորատորիայի շնորհիվ է: Նախկինում, տարբեր հիվանդությունների անվան տակ քողարկված անցնում էին եւ չէին էլ կասկածում, որ, ասենք, երիտասարդ կնոջ մոտ միոմա կա»:
Հ. Գ. Քննարկումը կազմակերպել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել