Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեւնիները չեն գողացել

Հոկտեմբեր 21,2010 00:00

Դրանք հիվանդացել են, ինչի պատճառով էլ բնից հանել են

\"\"
Ցեղասպանության թանգարանի Հիշատակի ծառուղում նման 3 ազատ տարածք կա, որտեղ նոր եւ առողջ եղեւնիներ են տնկելու:

\"\"
Սա չորացած եւ արմատահան արված եղեւնին է:

Օրերս լուրեր էին տարածվել, որ Ցեղասպանության թանգարանի Հիշատակի ծառուղուց պետական եւ հասարակական գործիչների կողմից տնկված մի քանի արծաթափայլ եղեւնիներ անհետացել են: Ըստ այդ լուրերի, եղեւնիները գողացել են, քանի որ դրանք բավականին թանկարժեք են:
«Առավոտը» փորձեց Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանից ճշտել, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ իրենց «քթի» տակից թանկարժեք տնկիները գողանում են: Տնօրենի փոխանցմամբ՝ ծառուղուց ոչ մի եղեւնի չի գողացվել, պարզապես 3-4 տնկի հիվանդության պատճառով վնասվել էին, ինչի պատճառով էլ իրենք ծառերը հանել են, որպեսզի նորերը տնկեն. «Դա նորմալ երեւույթ է: Ամեն տարի մի քանի ծառ հիվանդության կամ կրծողների պատճառով վնասվում է: Մենք պարբերաբար դրանք փոխարինում ենք նորերով: Մինչ ծառերը արմատահան անելը, դենդրոլոգ է եկել, հաստատել, որ դրանք հիվանդ ծառեր են եւ այլեւս չեն աճի: Ուստի մենք էլ որոշեցինք նորով փոխարինել: Սպասում ենք, որ կառավարությունը գումար հատկացնի, որպեսզի նոր տնկիներ գնենք»: Իր այս խոսքերը հաստատելու համար պարոն Դեմոյանը մեզ ցույց տվեց ծառուղու այն հատվածը, որտեղից իբր գողացել են տնկիները. «Ինքներդ տեսեք, այստեղ գողության հետք կա՞»,-հարցրեց թանգարանի տնօրենը: Ճիշտ է, հողը լավ մշակված էր եւ կտրված ծառի հետք չկար, սակայն անհնար էր պարզել՝ գողությո՞ւն է եղել, թե՞ իսկապես թանգարանի աշխատակիցներն են ծառերը խնամքով հեռացրել: Մեր այն դիտարկմանը, որ գուցեեւ գողություն չի կատարվել, հենց աշխատակիցներն են այն զգուշությամբ հանել՝ չորացած լինելու պատրվակով, իսկ հետո էլ հարմար գնով վաճառել, պարոն Դեմոյանը զանգեց աշխատակիցներին եւ խնդրեց, որպեսզի այդ չորացած տնկիները բերեն: Ընդամենը մի քանի րոպե հետո չորացած տնկիով ներկայացավ աշխատակիցներից մեկը, մենք էլ համոզվեցինք, որ, իսկապես, տնկիները չեն գողացել: Պարոն Դեմոյանը վստահեցրեց, որ իրենց ոստիկանները 24 ժամ հսկում են այդ պուրակը, եւ գողությունը գրեթե բացառվում է. «Նախկին տնօրենի ժամանակ, մի քանի տարի առաջ, մի անգամ իրոք գողություն եղել է: Բայց քանի որ դրա պատասխանատվությունը դրված է եղել ոստիկանների վրա, իրենք էլ իրենց գրպանից մոտ 100 հազար դրամ են վճարել՝ որպես տույժ: Այդ դեպքից հետո մեր ոստիկանները ուշադիր են ամեն մի տնկիի նկատմամբ. ի վերջո՝ կորուստն իրենց գրպանից են փոխհատուցելու»:
Նշենք, որ այգին հսկում է ընդամենը 3 ոստիկան: Մեր այն հարցին՝ արդյոք 3 ոստիկանը բավակա՞ն է ոչ միայն փոքրիկ ծառուղին, այլեւ այդ հսկայական տարածքը հսկելու համար, պարոն Դեմոյանն ասաց. «Իհարկե բավական չէ: Ես մի քանի անգամ դիմել եմ կառավարությանը, որպեսզի մեզ մի քանի հաստիք տրամադրեն՝ թե ոստիկանների, թե այլ մասնագետների համար, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չենք ստացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել