Արծվիկ Մինասյանի համոզմամբ, անկումը կշարունակվի, քանի դեռ չկա տնտեսական քաղաքականության արմատական վերանայում:
Հայաստանի տնտեսական աճը շարունակում է դանդաղել: Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ նախորդ տարվա համեմատ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսությունը աճել է 2,8%-ով: Այն դեպքում, երբ առաջին հինգ ամիսներին տնտեսական աճը կազմել է 8,8%, կիսամյակային տվյալներով՝ 6,2%, 7 ամիսների տվյալներով՝ 4%, իսկ հունվար-օգոստոսին՝ 3,1%: Կառավարությունն աճի դանդաղումը պայմանավորում է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկմամբ: ԱՎԾ-ի տվյալներով, հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսությունում անկումը կազմել է 17,9%: 5,2% անկում էլ գրանցվել է շինարարության ոլորտում:
«Քանի դեռ տնտեսական քաղաքականության մեջ արմատական վերանայում չկա, Հայաստանի տնտեսությունը կնմանվի մի ճոճանակի, երբ աջ կամ ձախ գնալը բավական հեշտ է կատարվում: Գյուղատնտեսությունում ու շինարարությունում կրկին անկում է արձանագրվել, եւ այլ բան չէր էլ կարելի սպասել, մինչդեռ հենց գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը պետք է լիներ: Ցավոք, այս ոլորտը նորից անգործության մատնվեց, իսկ կառավարությունն էլ անընդհատ պատրվակներ է բերում, թե եղանակային պայմաններով է պայմանավորված, բայց իրականում ոլորտի իրական թերությունն այն է, որ չկա գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագիր, ինչի հետեւանքով անընդհատ ունենալու ենք անկում: Ինչ վերաբերում է շինարարության ոլորտին, այլեւս չկան լայնամասշտաբ ներդրումներ, եղածն էլ էֆեկտ չի թողնում: Այս ոլորտում արձանագրված անկումը բնական է»: Պարոն Մինասյանի խոսքով, ազգաբնակչության կենսամակարդակը օրեցօր վատթարանում է, որովհետեւ գնաճի նվազման միտումներ չկան. «Գնաճից բացի՝ ահավոր բարձր է նաեւ ՀՆԱ-ի ինդեքս դեֆլյատորը, որը ներքին գների շարժն է ցույց տալիս: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ մոնոպոլիզացված, պետության կողմից չկարգավորված: Հայաստանի տնտեսությունը չի ապահովում այն մարտահրավերների լուծումը, որոնք կանգնած են մեր առաջ»: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը վստահեցրել էր, որ մինչեւ տարեվերջ կառավարությանը կհաջողվի զսպել գնաճը՝ արձանագրելով 5,5%-ին մոտ ցուցանիշ: Նախարարի լավատեսությունը չի կիսում ԱԺ պատգամավորը. «Այն, ինչ այսօր կառավարության հետ միասին կիրառում է Կենտրոնական բանկը, անվանական ցուցանիշների տեսակետից հնարավոր է ապահովել, բայց իրական գնաճի զսպման մեխանիզմների գործադրման ու արդյունքի տեսակետից այն լինելու է ընդամենը մի թվային արտահայտություն, որն իրականության հետ կապ չի ունենալու: Արտարժույթի կուրսի վրա ազդելու միջոցով, դրամական զանգվածը սահմանափակելու միջոցով… կամ էլ ստվերը օրինական դաշտ չբերելու ու խորացնելու միջոցով կապացուցեն, որ գնաճը գտնվում է նախանշված թիրախում»: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա 9 ամիսների համեմատ 10,9%-ով աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, 23,6%-ով՝ առեւտրաշրջանառությունը, 43,9%-ով՝ արտահանումը, 19,2%-ով էլ՝ ներմուծումը: Աճ է գրանցվել նաեւ մանրածախ առեւտրի ու ծառայությունների ոլորտներում:
«Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճի վրա հիմնականում ազդել է միջազգային շուկայում ապրանքների անկայուն գների աճը, ինչը իրական սեկտորի հետ բոլորովին կապ չունի, որովհետեւ որակի առումով մեր արդյունաբերությունը որեւէ լուրջ տեղաշարժեր չի արձանագրել, միայն իրականացնում է ընդերքի անխնա ու լայնամասշտաբ շահագործում: Բացի այդ, ոլորտում գրանցված աճի վրա լուրջ ազդեցություն է թողել նաեւ գնաճը, նույնը վերաբերում է նաեւ մանրածախ առեւտրի ու ծառայությունների ոլորտին, որտեղ եւս գնաճն իր սեւ գործն արել է»: ԱՎԾ-ն արձանագրել է նաեւ գործազրկության մակարդակի նվազում: Ինն ամիսների տվյալներով, պաշտոնական գրանցված գործազուրկների թիվը նվազել է 1,2%-ով: ԱԺ պատգամավորի համոզմամբ էլ, ԱՎԾ-ի հրապարակած գործազրկության ցուցանիշը իրական զբաղվածության եւ գործազրկության ցուցանիշների հետ գրեթե կապ չունի. «Գործազրկության մակարդակը 30%-ից անցնում է»: Չնայած կառավարությունը արդեն հայտարարել է, որ 2010 թվականի բյուջեի նկատմամբ 42-44%-ի հասնող արտաքին պարտքը մտահոգությունների տեղիք չի տալիս, բայց պարոն Մինասյանի խոսքով. «Լուրջ մտահոգվելու անհրաժեշտություն ունենք, որովհետեւ տվյալ դեպքում ոչ այնքան արտաքին պարտքի բեռն է մտահոգիչ, որքան դրա անարդյունավետ օգտագործումը մեր տնտեսության մեջ»: ԱԺ պատգամավորը նաեւ անդրադարձավ 2011 թվականի բյուջեի նախագծին՝ նշելով. «Եթե բյուջեում սոցիալական ծախսեր կան, դեռ չի նշանակում, թե բյուջեն սոցիալական է: Սոցիալական կլինի, եթե էական բարելավում լինի մարդկանց իրական գնողունակության ոլորտում ու ապահովի բարձր կենսաթոշակներ, աշխատավարձեր ու նպաստներ: Կա սոցիալական բնութագրման միջազգայնորեն ընդունված չափանիշ, որը մեր կառավարությունը չի կիրառում, միայն ֆիզիկական թվեր են ու տոկոսային հարաբերություններ»: