Մեր թերթում («Առավոտ», 24.09.2010) տպագրված «Արարատ քաղաքում «քաղաքացիական պատերազմ» է» հոդվածի առիթով երեկ քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցն ասաց. «Ես վաղուց ճանաչում եմ Արսեն Հակոբյանին, նա եղել է արցախյան ազատամարտի մասնակիցներից մեկը, արժանացել է բազմաթիվ խրախուսանքների՝ հանրապետության այն ժամանակվա ղեկավարների, ԵԿՄ-ի կողմից: Ընդ որում, նա պատերազմին մասնակցել է շատ երիտասարդ տարիքից՝ 16-17 տարեկանից: Ի տարբերություն շատերի, Արսենն ուներ եւ ունի սկզբունքներ եւ միշտ պաշտպանել է դրանք, ոչ թե այս կամ այն մարդուն: Ինչ մնում է Արարատ քաղաքում տեղի ունեցած միջադեպին, որի մասին տեղեկատվություն էր տպագրվել ձեր թերթում, ես գրեթե վստահ եմ, որ թերթի աղբյուրը խեղաթյուրել է իրականությունը: Արսենն ինչպես կռվի դաշտում, այնպես էլ այդ միջադեպի ընթացքում իրեն պահել է շատ արժանապատիվ: Նրան պատկանող սրճարանում տեղի է ունեցել ծեծկռտուք, ինքն ընդամենը եղել է հաշտեցնողի, պաշտպանվողի դերում: Այդ վիճաբանության ընթացքում նա նույնիսկ մարմնական վնասվածքներ է ստացել: Ես կարծում եմ, Հայաստանում չկա որեւէ տարածք, որի տերը հանդուրժի, որ իր տարածքում խուլիգանություն, կռիվ լինի, եւ ինքը չմիջամտի ու չփորձի հարթեցնել: Արսենն իր միջամտությամբ կանխել է միջադեպի շարունակությունը, եւ հենց Արսենի շնորհիվ է, որ այն չի ստացել ավելի մեծ ծավալ, բարեբախտաբար, տուժածներ եւ զոհեր չեն եղել»: Հիշեցնենք, որ հոդվածում ներկայացվում էր Արարատ քաղաքում մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած մի միջադեպ, որին մասնակից են եղել քաղաքի երիտասարդները եւ քրեական հեղինակություններ: Հիշեցնենք նաեւ, որ «Առավոտն» ընդամենը ներկայացրել է միջադեպը եւ հոդվածում որեւէ անձի որեւէ հատկանիշներ չեն գնահատվել կամ վիճարկվել: Սուրեն Սուրենյանցի՝ Արսեն Հակոբյանի բնութագրին հավելենք նաեւ, որ Արսենը նախանցյալ տարի Եռաբլուրում հացադուլ հայտարարած ազատամարտիկներից է: