Հրապարակավ հայտարարում է նոր-նոր «Օրինաց երկիր» կուսակցությանն անդամակցած գործարար Լավանդայի Արայիկը՝ Արայիկ Հայրապետյանը:
– Ձեր անդամակցությունը «Օրինաց երկրին» մի քիչ զարմանալի էր, քանի որ շատ լավ հիշում ենք, թե ինչպես էիք պայքարում նույն այդ ՕԵԿ-ի թեկնածուի դեմ, Եղվարդի ընտրատարածքում, կարծես Դուք բավականին ձայներ հավաքեցիք, սակայն մեծամասնականով պատգամավոր դարձավ «ՍԱՍ»-ի Արտակը:
– Ես շնորհակալ եմ, որ հիշում եք վեց տարի առաջ կատարվածը, եւ եթե հիշում եք այդ պատմությունը, նշանակում է՝ այն իր ձեւի մեջ շատ ուժեղ է եղել: Ես նաեւ այդ ընտրության արդյունքում տեսա, որ իրենք ուժեղ են, քանի որ քաղաքական պայքարում հաղթեցին: Քաղաքականության մեջ չկա ճիշտ եւ սխալ՝ կա ուժեղ եւ թույլ, ուրեմն ես հիմա կանգնել եմ ուժեղի կողքին: Ես Հայաստանի առաջին բիզնեսմեններից եմ, եւ մի օր եկավ, երբ տեսա, որ իմ մեջ ավելորդ էներգիայի կուտակում կա, որը բիզնեսի մեջ չի վատնվում, ընտանիքինս չի, ընկերությանս չի: Իսկ ես, որպես բժշկական կրթություն ունեցող մարդ, գիտեմ՝ երբ ավելորդ էներգիան չես ծախսում, ներս ես գցում, շատ վտանգավոր է, այն պետք է դուրս հանես: Ես շատ մտածեցի եւ հասկացա, որ այդ էներգիան քաղաքականության մեջ անհրաժեշտ, ծախսվող էներգիա է: Ուսումնասիրելով մի քանի կուսակցություններ՝ տեսա, որ իմ սրտին ավելի մոտ է «Օրինաց երկիրը», այդ կուսակցության մոտեցման ձեւը, կիրթ լինելը: Երբ ասում եմ՝ «Օրինաց երկիր», ես հասկանում եմ Արթուր Բաղդասարյան: Ես իրեն հավատում եմ, մենք շատ հարազատ ենք դարձել, շատ մոտ ենք, եւ ես չեմ ամաչում ասել, որ մենք գնում ենք Արթուր Բաղդասարյանի ետեւից:
– «Օրինաց երկիրը» հասարակության մի շերտի համար բացարձակ անընդունելի է, նախ այն պատճառով, որ ընտրություններին ընդդիմադիրի կարգախոսներով մասնակցելուց հետո դարձավ իշխանության մաս:
– Գիտեք, եթե ինքը կանգներ ՀԱԿ-ի կողքին, ուրեմն ինքը կդավաճաներ մյուսներին: Իմ կարծիքով, ինքը շատ ճիշտ է արել, որ կանգնել է հենց իշխանության կողքին, որովհետեւ եթե Արթուր Բաղդասարյանը կանգներ ՀԱԿ-ի կողքին, մարտի 1-ի ողբերգությունը շատ ավելի մեծ կլիներ: Միեւնույն է, ում կողքին էլ կանգնես, միշտ հակառակ կողմը դժգոհ է լինելու: Իմ կարծիքով, Արթուր Բաղդասարյանը իշխանության կողքին կանգնելով՝ կանխել է այն ողբերգությունը, որը կարող էր շատ ավելի մեծ լինել: Այդ պատճառով ես շատ բարձր եմ գնահատում առաջին հերթին Արթուր Բաղդասարյանին, նրա հեռուն տեսնելու ունակությունը: Ժամանակն է ասելու, որ մարդու հետեւից են գնում, իսկ հավատում եմ Արթուր Բաղդասարյանին:
– Սովորաբար գործարարները, երբ իրենց մեջ զգում են Ձեր ասած ավելորդ էներգիան, նոր կուսակցություն են ստեղծում, կուսակցական լիդեր են դառնում, ինչո՞ւ չգնացիք այդ ճանապարհով:
– Կարծեմ՝ մոտ հարյուր կուսակցություն կա գրանցված, որից կոնկրետ աշխատում է հինգ կուսակցություն: Կարծում եմ՝ ժամանակն է կուսակցություններ ստեղծելու այս մոդան վերացնել, հակառակ դեպքում երեք միլիոն ժողովրդով կունենանք երեք միլիոն կուսակցություն: Ես գտնում եմ, որ էությամբ բիզնեսմենը իրավունք չունի կանգնել քաղաքական միավորի, կուսակցության գլխին:
– Անդամակցելով՝ ի՞նչ եք ակնկալում «Օրինաց երկրից»:
– Ես ակնկալիք չունեմ, ընդհակառակը՝ ես ունեմ տալու բան, եւ դա մեծ ոգեւորությամբ անում եմ, ես հոգեպես քաղաքական գործիչ երեւի չեմ կարող դառնալ, որովհետեւ ես բիզնեսմեն եմ, բայց այն փորձը, որ այս տարիներին կուտակել եմ, պիտանի պետք է դարձնել ՕԵԿ-ին, նրա ծրագրերի իրականացմանը: Ես տալու եմ, հետո իրենք իրենց ծրագրերը իրականացնելու ճանապարհով այդ ամենը ետ են վերադարձնելու իմ երեխաներին:
– Ակնկալում եք, որ ՕԵԿ համամասնական ցուցակում կլինե՞ք:
– Ես Կենտրոնի ՕԵԿ կառույցի համակարգող նախագահն եմ եւ չեմ կարծում, որ այս ահռելի աշխատանքը, պատասխանատվությունը, որ վերցրել եմ ինձ վրա, եւ որը կիսում եմ իմ բիզնեսի հետ, պատգամավոր լինելու համար է: Պատգամավոր դառնալու ավելի կարճ եւ հեշտ ճանապարհներ կան:
– Ընդդիմությունը եւ իշխանությունը Ձեր կարծիքով այսօր իրար արժե՞ն:
– Միշտ այն կարծիքին եմ եղել, որ ընդդիմությունը պետք է լինի նոր ուժը եւ ոչ թե այն մարդիկ, որոնք մի քանի անգամ եղել են իշխանության մեջ: Եթե իրար մեջ ինչ-որ բան չեն բաժանում եւ ընդդիմություն են դառնում, դա ընդդիմություն չէ: Ընդդիմությունը պարտադիր բան է, եւ ամենաքիչը 30-40 տոկոս ձայների տիրապետողը պետք է լինի: Իսկ եթե 10 տոկոսն է ընդդիմություն խաղում, դա արդեն ընդդիմություն չի: Կհարցնեք՝ ինչու եմ իշխանության կողքին: Ասեմ՝ ես կառուցող մարդ եմ, իսկ կառուցող մարդը պետք է լինի իշխանության կողքին: Ես ապշում եմ, երբ որոշ բիզնեսմեններ իրենց ամբողջ ունեցվածքը կառուցեցին այս մարդկանց օրոք եւ հետո քննադատեցին:
– Երբեւէ որեւէ կուսակցության անդամ չեք եղել, անգամ կոմունիստ չեք եղել, իրո՞ք միայն ավելորդ էներգիան էր պատճառը, որ դարձաք կուսակցական:
– Այո, ճիշտ եք, ես երբեք կուսակցական չեմ եղել, բայց, այո, տեսա, որ ՕԵԿ-ում առողջ մթնոլորտ է, ես ապագա եմ տեսնում այդ կուսակցությունում, ապագա եմ տեսնում Արթուր Բաղդասարյանի մեջ, որովհետեւ ինքը միտքը միշտ շատ հստակ է արտահայտում, ինչ որ ասում է, ասում է շատ կոնկրետ եւ հստակ: Ես զարմացած եմ, որ քաղաքական գործիչը այդքան հստակ է նախադասությունները ձեւակերպում:
– Ինչո՞ւ կուսակցության քաղխորհրդի անդամ չեք:
– Ըստ կարգի, ՕԵԿ քաղխորհրդի անդամներ են միայն ԱԺ պատգամավորները եւ նախարարները, բայց, կարծում եմ, շուտով ես նույնպես կլինեմ քաղխորհրդի անդամ, որովհետեւ այդտեղ եւս ես լուրջ անելիք ունեմ:
– Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Ձեզ եւ մյուսներին, որոնք ՕԵԿ անդամ են դառնում, հանրապետության նախագահն է ուղղորդում:
– Այդ հարցը շատ են տալիս, բայց նման բան չկա, թեպետ ես վստահ եմ, որ իմ այս քայլը նախագահը ողջունել է:
– Դուք Սեւանի «Լավանդա-Սիթիի» սեփականատերն եք, սակայն ջուրը բարձրացավ եւ խփեց նաեւ Ձեր բիզնեսին, ի՞նչ քայլեր եք ձեռնարկել ջրի դեմն առնելու համար:
– Մարդիկ նոր-նոր էին այդ տները գնել, այժմ վերակառուցում ենք կատարում եւ քոթեջները ետ ենք տեղափոխում 1900 նիշից վերեւ: Ընդհանուր հաշվով 65 տուն է, որի կեսն արդեն տեղափոխել ենք: