ԱԺ գիտության եւ կրթության հարցերի հանձնաժողովը երեկ 2 «դեմ» (Անահիտ Բախշյան ու Լիլիթ Գալստյան) եւ 5 «կողմ» (Արտակ Դավթյան, Հեղինե Բիշարյան, Կարինե Աճեմյան, Արտակ Զաքարյան, Արման Սահակյան) որոշել է դրական եզրակացություն տալ լեզվի եւ հանրակրթության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելուն:
Նիստին մասնակցող «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հիշեցրել է լսումների ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը, ըստ որի՝ փաթեթից պիտի հանվեր «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: «Ոտքի վրա քաղաքական հայտարարություններ են արվում, հետո դրանց ձեռքը կրակն են ընկնում»,- արձանագրել է Անահիտ Բախշյանը: «Քաղաքական շահարկումներ պարունակող հարցերը չեմ մեկնաբանում»,- այս հիշեցումների կապակցությամբ լրագրողներին ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Իսկ «Առավոտի» հիշեցմանը, որ ինքը կառավարության անունից հայտարարել էր, թե պատրաստ են փոփոխություններ չանել «Լեզվի մասին» օրենքում՝ պրն Աշոտյանը պատասխանեց. «Իրականում՝ բովանդակային իմաստով, «Լեզվի մասին» օրենքի նախագիծը հանված է փաթեթից: Նախագծում պահպանվել է միայն իրավական տեխնիկայի կանոններով պայմանավորված մի ձեւակերպում: Սա նաեւ արձագանք էր «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի վերջին հայտարարություններից մեկին, որտեղ իրենք են իսկ մատնանշում, թե առանց այդ նախագծի՝ «Հանրակրթության մասին» օրենքով այս խնդիրը չի կարող կարգավորվել: Մենք արձագանքել եւ ունկնդիր ենք եղել այդ դիտողությանը»:
Նշենք նաեւ, որ Լիլիթ Գալստյանը չի համաձայնել, թե «Լեզվի մասին» օրենքում այժմ նախատեսվող փոփոխությունը բովանդակային չէ. «Ըստ էության՝ բովանդակային հարց են լուծում, որովհետեւ եթե հանրակրթական դպրոցում օտար լեզվով ուսուցում պետք է կազմակերպվի, երբ «Լեզվի մասին» օրենքն ասում է, որ ՀՀ-ում հանրակրթության լեզուն հայերենն է՝ ինքը հակասում է այն բոլոր ցանկությունների քաղաքական տրամաբանությանը, որով սկզբնապես եկել էր խորհրդարան»: