Շեքսպիրյան հերոսի հարցը ՀՀ իշխանությունների սեղանին
«Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն անդրադարձել է հայ- իրանական հարաբերություններին: «Վաշինգտոնին անհանգստացնո՞ւմ են հայ-իրանական հարաբերությունները», ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ դեսպանն ասել է. «Իրանը Հայաստանի հարեւաններից մեկն է, եւ վերջին տարիներին այն շատ կարեւոր հարեւան է եղել, քանի որ Իրանն ապահովում է Հայաստանի երկու բաց սահմաններից մեկը: Կարեւոր են հարաբերությունները նաեւ առեւտրի եւ էներգետիկայի ոլորտում: Հասկանալի է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Իրանի միջուկային հավակնություններով, եւ մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները, այդ թվում նաեւ Հայաստանը, կկատարեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ու բանաձեւերի պահանջները»:
Թե ի՞նչ վտանգներ կբերեն ամերիկյան այս ակնկալիքները Հայաստանին, այն պարագայում, երբ աշխարհին կապող երկու սահմաններն արդեն փակ են, իսկ վրացական ճանապարհը չի կարելի հուսալի համարել՝ «Առավոտի» դիտարկումներին ի պատասխան՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ այս պարագայում ավելի ակնհայտ ու պարզ է դառնում, թե որն էր ԱՄՆ-ի շահը՝ հայ-թուրքական սահմանի բացման եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործում: «Այսօր Հայաստանի համար իսկապես շատ ծանր իրավիճակ է: Միացյալ Նահանգները եւ միջազգային հանրությունը պահանջում են Իրանի հետ հարաբերությունները կարգավորել ՄԱԿ-ի կողմից ընդունված սանկցիաների շրջանակներում, հանրամատչելի լեզվով ասած՝ դա նշանակում է, որ պետք է Իրանի հետ առեւտրատնտեսական եւ ռազմաքաղաքական համագործակցությունը հասցվի նվազագույնի: Փաստորեն, բավականին վատացնել Հայաստան-Իրան հարաբերությունները: Այսինքն՝ այն, որ նրանք պլանավորում էին, որ օրը պիտի գա, եւ Հայաստանը որոշում կայացնի, նաեւ ակնկալվում էր, որ հայ-թուրքական սահմանն արդեն բաց կլինի, եւ Հայաստանը չի կանգնի լիարժեք բլոկադայի առջեւ»,- ասում է մեր զրուցակիցը: Իսկ հիմա Հայաստանը լուրջ երկընտրանքի առջեւ է. չընդունել միջազգային հանրության «առաջարկը», ՄԱԿ-ի բանաձեւերը՝ նշանակում է փչացնել հարաբերություններն այդ հանրության հետ: Հակառակ պարագայում վատանալու են Հայաստան-Իրան հարաբերությունները, իսկ Իրանը Հայաստանի միակ հուսալի հարեւանն է: Հովհաննես Հովհաննիսյանն ասում է, որ այս վիճակը միանգամայն սպասելի էր այն արտաքին քաղաքականության պարագայում, որը վարվում է վերջին տարիներին: Ավելին, նա չի բացառում, որ մոտ ապագայում նման մի փակուղի էլ կառաջանա հայ-վրացական սահմանում. «Գուցե դժվար բան եմ ասում, բայց ամեն ինչ գնում է նրան, որ հայ-վրացական սահմանում էլ լուրջ խնդիր ենք ունենալու»:
Ամեն դեպքում, Հայաստանի ներկայիս իշխանությունը պետք է որոշում կայացնի: Հովհաննես Հովհաննիսյանը դա համարում է ամենաբարդ խնդիրը, քանի որ կայացվելիք որոշումը չի կարող միանշանակ լինել: Ինչեւէ՝ «Նրանք հիմա հնձելու են այն, ինչը որ ցանել են վերջին տարիների ընթացքում»: Այնուհանդերձ, ո՞ր ճանապարհն ընտրել՝ աշխարհի հետ հարաբերությունները փչացնելո՞ւ, թե՞ հուսալի հարեւանի: Այս հարցի պատասխանը մեր զրուցակիցը դիտարկում է այն համատեքստում, թե ներկայիս իշխանությունը Հայաստանի գոյատեւման կամ զարգացման ինչ հեռանկարային ծրագրեր ունի. «Այսօրվա իշխանություններն ադեկվատ չեն մտածում եւ արձագանքում աշխարհում ընթացող գործընթացներին: Նրանք նույնիսկ սեփական որոշումներում ադեկվատ չեն: Շատ դժվար է քրեա-օլիգարխիկ իշխանության գործողություններին քաղաքական բնութագիր տալ»: Այս պարագայում կարո՞ղ է խնդրի լուծման տարբերակ լինել այն, որ պաշտոնական Հայաստանն անկեղծորեն խոստովանի միջազգային հանրությանը, որ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները ՀՀ-ի գոյության համար կենսական նշանակություն ունեն, ուստի չենք կարող գրկաբաց եւ գլխաբաց նետվել դեպի ՄԱԿ-ի սանկցիաների կատարում: «Սա թերեւս միակ փրկությունն է, միակ օպտիմալ տարբերակը՝ այս իրավիճակն ինչ-որ կերպ շտկելու համար»:
Թե ի՞նչ դիրքորոշում է պատրաստվում որդեգրել պաշտոնական Երեւանը՝ երեկ ԱԳՆ մամուլի խոսնակն «Առավոտին» փոխանցեց, որ «բազմիցս եւ ամենաբարձր մակարդակներով հայտարարվել է, որ Հայաստանի հարաբերություններն Իրանի հետ թափանցիկ են»: Տիգրան Բալայանը ձեռնպահ մնաց ավելին ասելուց: