Երեկ «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին ասել է ԵԽ պաշտոնյան, բայց փաստն այն է, որ անցած ավելի քան երկուսուկես տարիների ընթացքում ԵԽԽՎ թվով 4 բանաձեւերի պահանջներն անկատար են մնում:
«Մարտի 1»-ի զոհերից 9-ի հարազատները՝ ի դեմս Ալլա Հովհաննիսյանի, դեռ հոկտեմբերի 18-ին էին դիմել Հայաստանում Եվրոպայի խորհրդի ներկայացուցչություն՝ ցանկություն հայտնելով հանդիպել Երեւանում անցկացվող ԵԽ «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար ժամանած այդ կառույցի ղեկավար անձանց հետ: «Առավոտին» այդ մասին տիկին Ալլան նույն օրն էր տեղեկացրել՝ հավելելով, որ այդպիսի հանդիպում չլինելու դեպքում իրենք՝ զոհերի իրավահաջորդները, կդիմեն ծայրահեղ քայլի՝ նստացույցի ու նույնիսկ հացադուլի, ու ջանք չեն խնայի «Մարտի 1»-ի սպանությունների գործը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու եւ իրենց զավակների գործով արդարադատության հասնելու համար:
Երեկ նրանք հրավիրվել էին ԵԽ հայաստանյան ներկայացուցչություն, որտեղ նրանց, նաեւ «Մարտի 1»-ի զոհերի լիազոր ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի եւ փաստաբան Վահե Գրիգորյանի հետ հանդիպել է Եվրախորհրդի Ժողովրդավարության եւ քաղաքական հարցերով տնօրինության գլխավոր տնօրեն Ժան Լուի Լորանը:
Հանդիպումը, որը տեւել է մոտ մեկ ժամ, զոհերի հարազատների տպավորությամբ՝ անցել է փոխըմբռնման մթնոլորտում: «Առավոտի» հետ զրույցում զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանն ասաց, թե հանդիպումը շատ խոստումնալից էր, որ ԵԽ ներկայացուցիչը համբերատար լսել է իրենց պահանջներն ու փաստարկները: «Պարոն Լորանը խոստացավ, որ համազեկուցողները հաջորդ տարվա սկզբին կգան Երեւան եւ անպայման կհանդիպեն նաեւ մեզ հետ, եւ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում կամ արդեն լիագումար նիստում մեր հարցն անպայման կքննարկվի, եւ սպանությունների պատասխանատուներն անպայման կպատժվեն: Մի խոսքով՝ խոստումներ, խոստումներ, խոստումներ»,- ԵԽ ներկայացուցչի հետ հանդիպումն այսպես ամփոփ ներկայացրեց Ս. Քլոյանը: Իհարկե, նա հիշեց, որ նույն բանն իրենց ժամանակին խոստացել են այդ կառույցի էլի շատ պաշտոնյաներ, բայց խոստումն այդպես էլ անկատար է մնացել:
Սպանված երիտասարդի հայրը նաեւ հավելեց, թե հանդիպման ժամանակ իրենք քննադատել են եվրոպական կառույցներին այն բանի համար, որ միայն ԵԽԽՎ-ում 2008-ի մարտի 1-ից հետո Հայաստանի վերաբերյալ 4 բանաձեւ է ընդունվել, եւ դրանցից որեւէ մեկը այդ կառույցի անհետեւողականության պատճառով չի կատարվել, թեեւ միջազգային կառույցի ներկայացուցիչներն անընդհատ զոհերի գործերի բացահայտման հավաստիացումներ են արել: Զոհերի իրավահաջորդները հատկապես վատ են գնահատել Հայաստանի հարցով Ջոն Պրեսկոտի գործունեությունը: «Մենք ասացինք, որ նա անտեսում է մեր պահանջներն ու գալիս, այստեղ մեզ խոստումներ է տալիս, գնում է Եվրոպա՝ ոչինչ չի անում, որ ԵԽ-ում էլ արդարություն չկա»,- ներկայացրեց Քլոյանը: Զոհերի ծնողները խոսել են նաեւ իշխանությունների՝ սպանությունները կոծկելու, դրա պատասխանատուներին պատժելու ցանկության բացակայության մասին: Հակիրճ ներկայացվել է նաեւ նրանց ոդիսականը հայաստանյան դատարաններում:
ԵԽ բարձրաստիճան պաշտոնյան լսել է զոհերի հարազատներին, գրառումներ արել ու հավաստիացրել, որ սպանությունների բացահայտումը ԵԽ ուշադրության կենտրոնում է, որ դրան միշտ անդրադարձ է լինելու, որ ՀՀ-ն դեռ մոնիտորինգի տակ է, ու այնպես չէ, որ ԵԽ-ն հետեւողական չէ սպանությունների բացահայտման հարցում:
Հանդիպմանը մասնակցած Արտակ Զեյնալյանն էլ ասաց, թե զոհերի հարազատները, որոնք իրենք էլ իրենց իրավունքների ոտնահարման զոհեր են, արդեն հմտացել, պրոֆեսիոնալ են դարձել իրենց խնդիրը ճշգրիտ ներկայացնելու առումով, ու հույս հայտնեց, որ այդ խնդիրները հասկանալի էին նաեւ ԵԽ պաշտոնյայի համար. «Կարծում եմ՝ այդ մարդը հասկացավ իրեն հակիրճ ներկայացված խնդիրները, որովհետեւ ինքն էլ էր անկեղծ: Նա խոստացավ ամեն ինչ անել, որ զոհերի հարազատների խնդիրներն ու պահանջները հասնեն ուր որ պետք է, բայց նաեւ ասաց, թե պետք չէ կարծել, որ անմիջապես փոփոխություններ կլինեն, որ դա գործընթաց է»:
Ա. Զեյնալյանը կարծիք հայտնեց, թե յուրաքանչյուր նման հանդիպում շատ կարեւոր է եւ իր ազդեցությունն ունենալու է. «Դրա արդյունքներն անմիջապես չեն երեւա, բայց հետագայում դա իր հետեւանքներն անպայման ունենալու է»: