Լրահոս
Օրվա լրահոսը

21-րդ դարի «ժանտախտը»

Հոկտեմբեր 20,2010 00:00

\"\"Իհարկե, մեծ մասը կասի, որ դա, այսպես կոչված, սպիդն է: Ցավոք՝ ոչ… Կա մեկ այլ հիվանդություն, որը «թքած ունի» սպիդի վրա: Դա խիստ վարակիչ հեպատիտ B-ն է:

Հեպատիտ B-ն (լյարդի բորբոքում) վիրուսային վարակիչ հիվանդություն է: Վիրուսը, որը գտնվում է հիվանդ մարդու թքի, քրտինքի, արցունքի, սերմնահեղուկի, արյան մեջ, անցնելով առողջ մարդու արյան մեջ, վարակում է նրան: Այնպես որ, վարակման ճանապարհը նույնն է, ինչպես սպիդի վիրուսինը: Սակայն վերջինս այնքան դիմացկուն չէ, ինչպես հեպատիտ B-ի վիրուսը: Այն կարող է երկար ժամանակ «կենդանի» մնալ նույնիսկ չորացած արյան մեջ: Նույնիսկ հիվանդի արյան 1 մլ-ի 1/մլն մասը կարող է առաջացնել այս հիվանդությունը:

Վարակումը տեղի է ունենում արյան փոխներարկման, թմրանյութերի ներերակային օգտագործման ժամանակ: Ինչպես նաեւ սեռական ճանապարհով, եթե զուգընկերը հիվանդ է հեպատիտ B-ով կամ էլ վիրուսակիր է: Երեխան ծնվելիս նույնպես կարող է վարակվել, եթե մոր արյան մեջ կա այդ վիրուսը: Հեպատիտ B-ով վարակվելու ռիսկը 100 անգամ շատ է, քան սպիդով վարակվելունը: Հեպատիտ B-ն լուրջ եւ նույնիսկ մահացու հիվանդություն է: Այն կարող է առաջացնել ինչպես սուր վիրուսային վարակ, այնպես էլ լյարդի խրոնիկ, «ծխացող» բորբոքային օջախ եւ ամենից վտանգավորը՝ առանց հիվանդագին նշանների, հաճախ՝ ցմահ վիրուսակրություն:

Հեպատիտ B-ի վիրուսը վերը նշված ճանապարհով անցնելով օրգանիզմ, որոշակի գաղտնի (ինկուբացիոն) շրջանից հետո, որը տեւում է 1 ամսից մինչեւ 6 ամիս, առաջ է բերում հիվանդագին նշաններ:

Լյարդի սուր բորբոքումը կարող է ընթանալ առանց դեղնախտի կամ էլ դեղնախտով: Հիվանդությունը կարող է տեւել բավականին երկար, նույնիսկ 1 տարի եւ ապաքինումը ամբողջովին տեղի չի ունենում: Որոշ դեպքերում էլ (1%) հեպատիտ B-ն ունենում է «կայծակնային» ընթացք եւ մահը վրա է հասնում մի քանի ժամվա ընթացքում: Հիվանդների 10%-ի մոտ հեպատիտ B-ն ընթանում է խրոնիկ, առաջացնելով լյարդի գերաճ (ցիռոզ) կամ էլ լյարդի քաղցկեղ: Ցավոք, դեռ մինչեւ այժմ չկա դեղամիջոց, որպեսզի վերացնի մարդու վիրուսակրությունը, բուժի հեպատիտ B-ի խրոնիկ կամ էլ «կայծակնային» ձեւերը:

Յուրաքանչյուր տարի Ռուսաստանում գրանցվում է 120-140 հազար նոր վիրուսակիր: Եթե աշխարհում սպիդով վարակվածների թիվը հասնում է մոտ 30 միլիոնի, ապա հեպատիտ B-ով վարակված է մոտ 2 մլրդ մարդ: Հեպատիտ B-ի վարակից կարելի է պաշտպանվել: Դրա համար կատարվում է հատուկ վակցինայի պատվաստում՝ 3 անգամ: Պետք է պահպանել սեռական կուլտուրա եւ հիգիենիկ այլ միջոցառումներ, ինչ սպիդի ժամանակ: Ամբողջ աշխարհում վակցինացվել է մոտ 250 մլն մարդ: Ռուսաստանում օգտագործված է մոտ 5 մլն չափաբաժին այս վակցինայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել