Լրահոս
Օրվա լրահոսը

Բասիլաշվիլին Երեւանում էր

Հոկտեմբեր 20,2010 00:00

Ճանաչված դերասանը հանդես  եկավ ֆիզիկոսի դերում

\"\"Օրերս Գ. Սունդուկյանի անվան թատրոնում ընդամենը մեկ ներկայացումով հանդես եկավ Գ. Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնը:

Երեւանյան հանդիսատեսի դատին հանձնվեց Մայքլ Ֆրեինի «Կոպենհագեն» ներկայացումը՝ ՌԴ ժողովրդական արտիստ Օլեգ Բասիլաշվիլու մասնակցությամբ, ով ներկայացման մեջ հանդես եկավ ֆիզիկոս Նիլս Բորի դերում: Հայ հանդիսատեսը Օ. Բասիլաշվիլուն հիշում է ավելի շատ կինոֆիլմերից՝ «Կայարան երկուսի համար», «Ծառայողական սիրավեպ», «Աշնանային մարաթոն» եւ այլն, որոնք դերասանին մեծ ճանաչում բերեցին: Նրա բեմական գործունեությանը հայերը այնքան էլ ծանոթ չեն, թեպետ Սունդուկյանի թատրոնը լեփ-լեցուն էր:

Օ. Բասիլաշվիլին առաջին անգամ չէ Երեւանում: Վերջին անգամ, ինչպես նշում է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, նա Հայաստան է եկել 20 տարի առաջ: Հավելենք, որ թատրոնի այս հյուրախաղերը, ինչպես նաեւ Օ. Բասիլաշվիլու այցը Երեւան կազմակերպել էր Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը՝ Հակոբ Ղազանչյանը: Հյուրախաղերը Երեւանում կայացան վարչապետ Տ. Սարգսյանի աջակցությամբ:

«Կոպենհագեն» ներկայացման մեջ հանդես եկան նաեւ ՌԴ վաստակավոր արտիստուհի Մարիա Լավրովան, ով, ի դեպ, դերասան Կիրիլ Լավրովի դուստրն է, եւ ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Դեկտյարը:

«Կոպենհագեն» բեմադրության առաջնախաղը տեղի է ունեցել 2004 թվականին: Այն բեմադրել է Վրաստանի եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Թեմուր Չխեիձեն:

Ողջ ներկայացումը կազմված էր երկու ֆիզիկոսի երկխոսություն-մտորումներից՝ ինչո՞ւ ստեղծեցին ատոմային ռումբը: Թեման բավական ծանր էր, բայց ոչ ձանձրալի: Հանդիսականը քար լռությամբ հետեւում էր դերասանական պրոֆեսիոնալ խաղին: Օ. Բասիլաշվիլին նախապես հրաժարվել էր շփվել լրագրողների հետ, թեպետ վերջիններիս հանդեպ պետք է որ ջերմ վերաբերմունք ունենա՝ կինը եւ երկու դուստրերը լրագրողներ են: Հիշեցնենք, որ սա Բասիլաշվիլու երկրորդ ամուսնությունն է: Առաջին անգամ նա ամուսնացած է եղել դերասանուհի Տատյանա Դորոնինայի հետ: Ութ տարի համատեղ ապրելուց հետո արվեստագետները բաժանվել են:

Երեւան ժամանելուց առաջ ռուսաստանաբնակ Օ. Բասիլաշվիլին եղել է Վրաստանում, որտեղ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կողմից պարգեւատրվել է «Сияние» շքանշանով: Վրաստանում Գ. Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնը եւս ներկայացրել է «Կոպենհագենը»: Ինչպես հաղորդում են վրացական էլեկտրոնային ԶԼՄ-ները, տոմսերը սպառվել էին ներկայացումից դեռ մեկ ամիս առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել