Լրահոս
Օրվա լրահոսը

4 հայ եւ մեկ հոլանդացի՝ «Նարեկացիում»

Հոկտեմբեր 20,2010 00:00

\"\"

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց 5 ժամանակակից նկարիչների՝ Նանա Մինասյանի, Տիգրան Ասատրյանի, Արմեն Խոջոյանի, Սեւան Նաղաշյանի եւ հոլանդացի նկարիչ Ռալֆ Հեյնենի ցուցահանդեսը:

Հայկական բնապատկերներ, հայկական եկեղեցիներ, կանանց դիմանկարներ պատկերող աշխատանքներով հանդես եկող նկարիչները համախմբվել էին մեկ ընդհանուր գաղափարի ներքո՝ նկարել գեղեցիկն ու հայկականը:

Տարբեր երկրներում ապրած եւ ստեղծագործած նկարչուհի Սեւան Նաղաշյանը նշեց, որ խմբակային ցուցահանդեսով ներկայանալը փորձի ձեռքբերման մեծ հնարավորություն է. «Տարբեր ոճերում եմ նկարում: Այսօր տարբեր ոճի աշխատանքներ են ցուցադրված: Սա յուրատեսակ մի էքսպերիմենտ է: Հիմնվում եմ ռենեսանսյան ժամանակաշրջանի գիտելիքների վրա: Առանձնապես երեւալու խնդիր չեմ դնում ստեղծագործելիս…»: Ս. Նաղաշյանի փոխանցմամբ, սա իր երկրորդ խմբակային ցուցահանդեսն է Երեւանում: Իսկ ընդհանրապես անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կանադայում, ԱՄՆ-ում, Հոլանդիայում եւ Միացյալ Թագավորությունում:

Համեմատելով հայ եւ օտարազգի արվեստասերին, նկարչուհին ասաց. «Եվ Երեւանում, եւ Նյու Յորքում բնակչությունը ճաշակի առումով խայտաբղետ է: Երկու քաղաքում էլ հետաքրքրված են արվեստով ու բավականին զարգացած են՝ արվեստ հասկանալու համար»:

Տիգրան Ասատրյանը, որը ներկայացել էր ցուցահանդեսին իր «կանանցով», հայ եւ օտարազգի արվեստասերի վերաբերմունքի միջեւ տարբերություն չի տեսնում: Ըստ նրա՝ «Ցուցահանդես եկող մարդը, լինի հայ, թե ամերիկացի, գիտի, որ գալիս է արվեստի հետ հաղորդակցվելու, ըստ այդմ՝ նրա տեսակը պետք է տարբեր լինի բոլոր մարդկանցից»:

Հայ նկարիչների կողքին յուրահատուկ հետաքրքրություն առաջացրեց հայկական եկեղեցիների շարքի հեղինակ՝ հոլանդացի Ռալֆ Հեյնենը: Պարզվում է, երիտասարդ նկարիչը տարիներ առաջ այցելելով Եգիպտոս, տեսել է հայկական եկեղեցի ու սիրահարվել հայկական ճարտարապետությանը: «Որոշեցի անպայման հայկական եկեղեցիները իմ աչքով տեսնել եւ ուսումնասիրել: Արդեն շրջել եմ ողջ Հայաստանով, այցելել նաեւ Արեւմտյան Հայաստան: Նկարել եմ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին՝ խաչով»:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 28-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031