Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՔԵԼ ՄԻՐԶՈՅԱՆՆ ՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՎԵԼ

Հոկտեմբեր 20,2010 00:00

\"\"Մարզասերներին տեղեկացրել ենք, որ ներկայումս 26 երիտասարդ ծանրորդներ ուսումնամարզական հավաք են անցկացնում Աբովյանում եւ Ծաղկաձորում: Նրանք նախապատրաստվում են եկող ամսվա վերջին Կիպրոսում մեկնարկող Եվրոպայի 20 եւ 23 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնությանը, որը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի համար պաշտոնական վերջին մրցումն է լինելու մրցաշրջան 2010-ում:

Թե ովքե՞ր կընդգրկվեն հավաքականներ, հայտնի կդառնա միայն հավաքների ավարտից հետո եւ, ինչպես արդեն նշել ենք, Կիպրոս մեկնելու են միայն նրանք, ովքեր պայքարելու են մեդալների համար, կամ ի վիճակի են լինելու տեղ զբաղեցնել իրենց քաշային կարգերում առաջատարների մեջ:

Երեկ «Առավոտը» զրուցեց Ծաղկաձորում անցկացվող հավաքի պատասխանատու Հոկսեն Միրզոյանի հետ եւ տեղեկացավ, որ նրա տրամադրության տակ գտնվող ծանրորդների մարզումներն անցնում են նորմալ: Օլիմպիական չեմպիոնից հետաքրքրվեցինք նաեւ նրա որդու՝ անցած տարվա Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանի վիճակի մասին, որն այս տարվա հունիսի 12-ին ձեռքի լուրջ վնասվածք էր ստացել: «Փառք Աստծո, ապաքինումն արագ է ընթանում, եւ Առաքելն սկսել է մարզվել: Այ, հիմա նա մեզ հետ Ծաղկաձորում է եւ մարզվում է: Սակայն ոչ թե Կիպրոս մեկնելու համար: Նախ չի հասցնի պատշաճ մարզավիճակ ձեռք բերել, ապա մրցահարթակ վերադառնալու համար շտապելու կարիք բացարձակապես չկա: Ավելի լավ է ոսկորը թող դեռ ամրանա: Իսկ ինչ վերաբերում է Առաքելի առաջիկա ծրագրերին, նա այժմվանից նախապատրաստվում է եկող տարվա գարնանը կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, որտեղ ձգտելու է երկրորդ անգամ բարձրանալ պատվո պատվանդանի առաջին աստիճանին»,- ասաց Առաքելի հայրն ու անձնական մարզիչը: Հարցին, թե կհասցնի՞ անհրաժեշտ կիլոգրամներին մոտենալ, Հոկսեն Միրզոյանը պատասխանեց. «Պիտի որ հասցնի: Նա այսօր արդեն պոկում է 120 եւ հրում 160 կիլոգրամ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել