Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՂՄՈՒԿԸ ԵՎ ՎԱՐՈՐԴԸ

Հոկտեմբեր 20,2010 00:00

\"\"Երեւանի բնակչության հիմնական երթեւեկամիջոցը դարձել են երթուղային տաքսիները: Դրանք հարմարավետ են ու արագաշարժ: Սակայն պետք է ասել, որ վարորդների կողմից մատուցված ծառայությունը դեռեւս հեռու է բավարար լինելուց: Էլ չեմ խոսում ավտոմեքենաների մի մասի անմխիթար, երբեմն նույնիսկ վտանգավոր տեխնիկական վիճակի մասին: Ինձ, որպես բժշկի, հատկապես անհանգստացնում է վարորդների առողջական վիճակի խնդիրը, ինչից անմիջականորեն կախված է նաեւ ուղեւորների անվտանգությունը: Խորհրդային տարիներին ավտոձեռնարկություններում, լավ թե վատ, աշխատում էին բժիշկներ, ովքեր ամեն առավոտ երթուղի դուրս գալուց առաջ ստուգում էին վարորդների հոգեկան եւ մարմնական առողջական վիճակը, ալկոհոլային խմիչք կամ թմրանյութ գործածելու հանգամանքը եւ այլն: Վարորդները աշխատում էին հերթափոխով, սահմանված որոշակի աշխատանքային ժամերով, երթերի քանակով, ընդմիջումներով, հանգստյան օրերով, արձակուրդներով եւ այլն: Այլ հարց է, թե դրանք ինչպես էին պահպանվում: Այսօր երթուղատաքսիների եւ դրանց վարորդների աշխատանքը մատնված է ինքնահոսի: Ավտոմեքենաները երթուղի են դուրս գալիս ուղղակի բնակելի շենքերի բակերից: Ոչ ոք չի ստուգում ավտոմեքենաների տեխնիկական եւ վարորդների առողջական վիճակը: Վարորդները աշխատում են օրական 12-16 ժամ անընդմեջ, առանց հերթափոխի, առանց հանգստյան օրերի եւ արձակուրդի:

Եվ այս ամենից զատ, ամեն օր կարելի է ականատես լինել, թե ինչպես են վարորդներն իրենց մագնիտոֆոններով ու ռադիոընդունիչներով սղոցում ուղեւորների նյարդերը: Հաշվի չառնելով ուղեւորների ճաշակն ու տրամադրությունը, ամբողջ կոկորդով մեկ երգացնում են ամենահայտնի ու անհայտ, ընդունելի ու չընդունելի երաժիշտների ու երգիչների: Այն, որ նրանք հաշվի չեն առնում ուղեւորների կարծիքը, դեռ ոչինչ, քանի որ ուղեւորը կարող է համբերել կամ իջնել մեքենայից: Սակայն այլ է խնդիրը հենց իր՝ վարորդի համար: Բացի վերը հիշատակված գործոններից, վարորդի աշխատանքը ինքնին գերլարվածություն, գերուշադրություն, գերզգուշություն պահանջող աշխատանք է: Նա անընդհատ վարում է մեքենան, հետեւում ճանապարհին, պահպանում երթեւեկության կանոնները, աչքից բաց չի թողնում փողոցում կանգնած ուղեւորին, հետեւում, որ դուրս չմնա սահմանված ժամանակացույցից, սարսափում ոստիկաններից, լեզու գտնում դիսպետչերների, գործընկերների, ավտոմեքենայի տիրոջ, ուղեւորների հետ եւ այլն: Ավտոմեքենան վարելու ընթացքում վարորդը ծխում է, ընդունում կանգառելու պատվերները, ստանում դրամը, հաշվում եւ վերադարձնում մանրը, զրուցում կողքի ընկերոջ հետ, խոսում հեռախոսով եւ այսքանից հետո՝ ամբողջ օրը լսում … երաժշտություն:

Այժմ տեսնենք, թե ինչպես է երաժշտությունն ազդում վարորդի հոգեբանության վրա եւ բարձրացնում ավտովթարի ենթարկվելու հավանականությունը:

Մյունխենի «Քվիր» պարբերականը, համագործակցելով մասնագետների հետ, մի գիտափորձ է կատարել, որի արդյունքները շատ ուշագրավ եւ ուսանելի կարող են լինել նաեւ մեր վարորդների համար: Պարզվել է, որ երաժշտությունը թուլացնում է վարորդի կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը, շեղում ուշադրությունը եւ այլն: Գիտափորձի արդյունքում պարզվել է մի քանի օրինաչափություն.

1. Երաժշտություն լսող վարորդն առնվազն 17 կմ/ժամով ավելի արագ է վարում մեքենան, քան «լուռ» մեքենայի վարորդը:

2. Երաժշտություն լսող վարորդն առնվազն 15 կմ/ժամով ավելի արագ է կատարում վազանցը, քան «լուռ» մեքենայի վարորդը, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով:

3. Երաժշտություն լսող վարորդն առնվազն 17 կմ/ժամով ավելի արագ է անցնում վտանգավոր արգելքների մոտով, քան «լուռ» վարորդը, ինչը զգալիորեն ավելացնում է ավտովթարի հավանականությունը:

4. Երաժշտություն լսող վարորդն ավելի կտրուկ է արգելակում ավտոմեքենան, քան «լուռ» վարորդը, ինչը անցանկալի ձեւով է ազդում ավտոմեքենայի տեխնիկական երկարակեցության վրա:

Երբ տեւական ու բարձր երաժշտությանը գումարվում են ավտոմեքենայի շարժիչի եւ այլ մասերի, ինչպես նաեւ փողոցի տարաբնույթ ձայները, ապա այդ ամենը վերածվում է աղմուկի, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում վարորդի աշխատունակության վրա:

Աղմուկը նվազեցնում է վարորդի պարզ տեսողության կայունությունը, թուլացնում է մթնշաղային տեսողությունը, դանդաղեցնում վարորդի ռեակցիան, առավել եւս, երբ վարորդը աշխատում է դժվարին պայմաններում եւ տեւական ժամանակաընթացքում: Աղմուկը կարող է թուլացնել եւ նույնիսկ խաթարել շարժումների համաձայնեցվածությունը, վատացնել վեստիբուլյար ապարատի գործունեությունը, ազդել սրտի ռիթմերի եւ արյան ճնշման վրա:

Այս բոլորը նպաստում են, որ վարորդի մոտ արագորեն զարգանա խրոնիկական գերհոգնածություն, առաջանան զանազան հոգեկան եւ հոգեմարմնական հիվանդություններ, կտրուկ բարձրանա ավտովթարների ու վրաերթերի հավանականության աստիճանը:

Կարծում ենք, ժամանակն է, որ պատկան մարմինները մտածեն հասարակական տրանսպորտում ռադիո-էլեկտրոնային սարքի՝ ռադիոընդունիչի, մագնիտոֆոնի եւ հեռուստացույցի առկայությունը արգելելու մասին: Դրանից կշահեն ինչպես վարորդները, այնպես էլ ուղեւորներն ու հետիոտնը:

Իսկ վարորդներին խորհուրդ ենք տալիս իրենց նախընտրած երաժշտությունը ունկնդրել աշխատանքային ծանր հերթափոխից հետո տանը՝ հանգստանալու եւ լիցքաթափվելու ժամերին: Միանգամայն ճիշտ եմ համարում Երեւանի քաղաքապետի 2007թ. մարտի 28-ի թ. 612-Ա որոշումը, համաձայն որի՝ երթուղատաքսիների վարորդներին աշխատանքի ընթացքում արգելվում է ծխելը, երաժշտություն լսելը եւ հեռախոսով խոսելը: Եվս մի կարեւոր առաջարկ: Կարծում եմ՝ ժամանակն է, որ ավտոմեքենա վարելու իրավունք ունեցող վարորդները պետք է անցնեն հատուկ դասընթացներ եւ ստանան հասարակական տրանսպորտ վարելու լիցենզիա, այնպես, ինչպես բժշկի դիպլոմը դեռեւս բավարար չէ մարդ բուժելու համար եւ բժիշկը պարտավոր է անցնել լրացուցիչ մասնագիտացման դասընթաց եւ լիցենզավորում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել