Lenta.ru-ի մատուցմամբ, Կանադայի ռազմաօդային ուժերի գնդապետն իրեն մեղավոր է ճանաչել սեքսուալ հողի վրա կատարած 86 հանցագործություններում: Կանադայի ռազմաօդային ուժերի խոշորագույն հենակետի նախկին հրամանատար, 47-ամյա Ռասել Ուիլյամսը (նկարում) խոստովանել է, որ սեքսուալ հողի վրա կատարել է երկու բռնաբարություն եւ նույնքան սպանություն: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում՝ ոչ շուտ, քան 25 տարի հետո ներում խնդրելու իրավունքով: News.am-ի փոխանցմամբ աղմկահարույց այս դատական գործընթացն ավարտվել է «Մեղավոր է» արտահայտությամբ: Մեղադրական եզրակացությունն ընթերցելու համար պահանջվել է 30 րոպե:
Ուիլյամսը խոստովանել է, որ սպանել է 27-ամյա Ջեսիկա Լլոյդին, ում մարմինը հայտնաբերվել էր հունվար ամսին, ճանփեզրին նետված: Բացի այդ, նա սպանել է նաեւ Կանադայի ռազմաօդային ուժերի կապրալ՝ 38-ամյա Մարի-Ֆրանս Կոմոյին, ով աշխատում էր իր հետ VIP չվերթների ժամանակ: Մարի-Ֆրանսի մարմինը գտել էին սեփական տանը, 2009-ի նոյեմբերին:
Գնդապետի տան խուզարկության ժամանակ առգրավվել է ներքնազգեստի 600 հավաքածու, ինչպես նաեւ հարյուրավոր լուսանկարներ, որոնք արվել էին զոհերի տանը: Դրանցում Ուիլյամսը կնոջ ներքնազգեստով է, որոնք հետո նա վերցրել էր իր հետ: Ներկայումս ոստիկանությունը վերաքննում է 8 չբացահայտված սպանություն եւ տասնյակ սեռական բնույթի հանցագործություններ, որոնք կատարվել են վերջին 30 տարում:
Բրիտանական արմատներ ունեցող Ուիլյամսը համարվում էր «Թրենթոնի ռազմաբազայի ամենապայծառ աստղը»: Նա բազմիցս թռիչքներ է իրականացրել Կանադայի վարչապետի անձնական արագընթաց ռեակտիվ ինքնաթիռով եւ տեղափոխել այլ զինվորական պաշտոնյաների: 2005-ին նա վարել է օդանավը, որում եղել է Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը: