Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

Հոկտեմբեր 20,2010 00:00

Իրանն առաջին անգամ մասնակցել է Աֆղանստանում իրավիճակի շուրջ քննարկման նպատակով հրավիրված միջազգային խորհրդակցություններին: BBC-ի փոխանցմամբ, Թեհրանի ներկայացուցիչը ներկա է եղել Հռոմում միջազգային շփման խմբի նիստին, որին մասնակցել են նաեւ ՆԱՏՕ-ի, Եվրամիության, ՄԱԿ-ի, Աֆղանստանի դիվանագետները: Միացյալ Նահանգները իրանցի դիվանագետի մասնակցությանը նիստին՝ չի առարկել: «Մենք ընդունում ենք, որ Իրանն Աֆղանստանի հետ իր երկար ձգվող եւ գրեթե բաց սահմանով, նաեւ թմրանյութերի մաքսանենգության հետ կապված մեծ խնդիրներով, պետք է որոշակի դերակատարում ունենա Աֆղանստանում իրավիճակի խաղաղ կարգավորման համատեքստում»,- Հռոմում հայտարարել է Աֆղանստանի եւ Պակիստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռիչարդ Հոլբրուկը: Վերջինս հույս է հայտնել, թե շփման խմբի հետագա նիստերը չեն ստվերվի ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում առկա «երկկողմ, նաեւ Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հիմնախնդիրներով»: Թեհրանն Աֆղանստանի հարցով իր հատուկ ներկայացուցիչ Մոհամեդ Ալի Հանեզադեին գործուղել է Հռոմ՝ շփման խմբի հրավերով:

«Ֆրանսպրեսի» մատուցմամբ, նիստի օրակարգում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Աֆղանստանի անվտանգության ապահովումը ազգային բանակին հանձնելու գործընթացն արագացնելու ուղիները, նաեւ թալիբների եւ մյուս հակակառավարական ուժերի հնարավոր մասնակցությունը խաղաղ բանակցություններին: Այս հարցերը քննարկվելու են նաեւ նոյեմբերին Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել