Երեքշաբթի, առավոտյան ժամը 9-ի սահմաններում, Գրոզնիում գրոհայինները հարձակում են գործել Չեչնիայի խորհրդարանի վրա եւ ներխուժել են շենքի տարածք: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, գրոհայիններին ոչնչացնելու հատուկ գործողության ընթացքում չորս ոստիկան է սպանվել, տասը հոգի, այդ թվում՝ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Իսկամ Բայխակովը, վիրավորվել եւ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է:
Անվտանգության հատուկ նշանակության եւ ոստիկանական ՕՄՕՆ-ի համատեղ գործողության ընթացքում բոլոր գրոհայինները ոչնչացվել են:
Դեպքի վայր են մեկնել ականազերծներ, քանի որ վտանգ կա, որ գրոհայինները շենքի տարածքում կարող էին ականապատ ծուղակներ տեղադրած լինել:
Աղբյուրի մատուցմամբ, առավոտյան, երբ պատգամավորներն իրենց մեքենաներով մոտեցել են խորհրդարանի շենքին, նրանց հետեւելիս է եղել ահաբեկիչների մեքենան: Երեք-չորս գրոհային հարձակվել է նրանց վրա, տեղի է ունեցել փոխհրաձգություն, որը տեւել է մի քանի րոպե: Միջադեպից հետո դեպքի վայր են ժամանել Չեչնիայի ՆԳՆ հատուկ եւ ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները, հանրապետության անվտանգության ծառայության աշխատակիցները: Քաղաքացիական ողջ անձնակազմը շենքից տարհանվել է, տարածքը՝ շրջափակվել: Գրոհայիններից մեկը շենքի մուտքի մոտ պայթեցրել է մարմնին ամրացված պայթուցիկը, որի արդյունքում երկու մարդ է զոհվել: Նախնական տվյալներով, իրավապահներին հաջողվել է խորհրդարան ներխուժած գրոհայիններին նախ մեկուսացնել շենքի մի տարածքում, ապա՝ ոչնչացնել: Հաղորդվում էր, թե գրոհայինները նաեւ պատանդներ են վերցրել, բայց Չեչնիայի իրավապահները կտրականապես հերքել են տարածված այդ տեղեկությունները: Երեկ Գրոզնի է ժամանել ՌԴ ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիեւը, որտեղ նա արտակարգ խորհրդակցություն է անցկացրել: Նա հայտարարել է, թե խորհրդարանի շենքը գրոհայիններից ազատելու ուղղությամբ չեչեն իրավապահների գործողությունները պրոֆեսիոնալ եւ գրագետ են եղել: Տեղի ունեցած ահաբեկչության մանրամասները ներկայացրել է գրոհայինների ոչնչացման հատուկ գործողությունները ղեկավարած Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, ով հատուկ գործողության մանրամասները քննարկել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Կադիրովի ասելով, զոհվել է ոստիկանության երկու աշխատակից, նաեւ խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը: Նա նաեւ ընդգծել է, թե գրոհայիններին ոչնչացնելու եւ խորհրդարանի տարածքում գտնվող պատգամավորների ու տեխնիկական աշխատողների ազատ արձակման գործողությունը տեւել է ընդամենը 15-20 րոպե: Հատուկ գործողությունն իրականացրել են ուժային կառույցի 12 աշխատակիցներ: «Բոլոր պատգամավորները ողջ են, նրանք դուրս են բերվել խորհրդարանի շենքից եւ գտնվում են անվտանգության մեջ»,- հայտարարել է Չեչնիայի առաջնորդը: