Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրությունն ու ճգնաժամը

Հոկտեմբեր 20,2010 00:00

Սեմինար՝ ԵՊՀ լրագրության ֆակուլտետում

Երեկ Հայաստանում Գերմանիայի դեսպանատան, Բեռլինի «Դոյչե Վելլե» հեռուստառադիոակադեմիայի եւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ մեկնարկեց «Լրագրությունը՝ ճգնաժամային իրավիճակներում» խորագրով սեմինար:

Ըստ Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգի, սեմինարը նախատեսված է Հայաստանի մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որոնք կծանոթանան ճգնաժամային իրավիճակներում լրագրողների գործունեության, տեղեկատվության հարցադրման եւ մատուցման առանձնահատկություններին: Ինչպես տեղեկացրեց Ք. Բրոյնիգը, այս նախաձեռնությունը շարունակությունն է Վրաստանում անցյալ ամսին լրագրողների համար նախատեսված սեմինարի, որին մասնակցել են Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից չորսական լրագրող: Հավելենք, որ սեպտեմբերի 2-12-ն էլ Թբիլիսում «Դոյչե Վելլե» հեռուստառադիոակադեմիայի նախաձեռնությամբ եւ հայաստանցի 4 լրագրողների մասնակցությամբ կայացել է «Հակամարտություններով պայմանավորված՝ զգայուն տեղեկատվություն» խորագրով նմանատիպ սեմինար:

Գերմանիայի փոխդեսպանը վստահ է, որ երեկվա սեմինարը Վրաստանում հայկական կողմը ներկայացրած լրագրողներին հնարավորություն կտա իրենց մյուս գործընկերներին ծանոթացնել այն բոլոր թեմաներին, որոնք քննարկվել են նախորդ սեմինարին:

«Դոյչե Վելլե» հեռուստառադիոակադեմիայի՝ Հարավային Կովկասում համակարգող Էբերխարդ Սուկերի խոսքով, Հարավային Կովկասը այն տարածաշրջաններից է, որի հետ «Դոյչե Վելլեն» սերտորեն համագործակցում է. «Այստեղ առկա են բազում հակամարտություններ, օրինակ՝ հայ-ադրբեջանական, վրաց-ռուսական, նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա խնդիրները: Մի խոսքով՝ տարածաշրջանը տառապում է նման հակամարտությունների պատճառով: Մեր նպատակն է երիտասարդ լրագրողներին ծանոթացնել այսպիսի իրավիճակներում լրագրողական աշխատանքի մանրամասներին ու հմտություններին»: Պարոն Սուկերը գտնում է, որ լրագրողը ոչ միայն օբյեկտիվորեն կամ անկողմնակալ ձեւով պետք է ներկայացնի իրողությունը, այլեւ փորձի հակամարտության համար լուծումներ առաջարկել կամ օգնել դրանց իրականացմանը:

Սեմինարի մասնակից «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Աննա Մկրտչյանը նշեց. «Առաջին իսկ օրվանից մեր փոխհարաբերությունը ադրբեջանցիների հետ շատ սառն էր: Նրանք դժվար էին մտնում կոնտակտի մեջ, բայց 10 օրվա ընթացքում հասկացան, որ մենք սովորական մարդիկ ենք, ուղղակի մեկ հարցի շուրջ ունենք տարբեր կարծիքներ»:

Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Դերենիկ Մալխասյանն էլ շեշտեց, որ ռեպորտաժ պատրաստելիս հայկական հեռուստաընկերությանը ադրբեջանցիները չեն ցանկացել հարցազրույց տալ: «Երբ քննարկվում էր Արցախի հարցը, վրացիներից մեկն ասաց՝ ես չեմ հասկանում, հիմա Ղարաբաղը Հայաստանի՞նն է, թե՞ Ադրբեջանինը…»,- հիշեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել