Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող դպրոցը իր հեղինակությունը վերականգնի»

Հոկտեմբեր 20,2010 00:00

ԳԹԿ-ն հիմա էլ ընթացիկ գնահատումներ է անցկացնում մայրաքաղաքի դպրոցներում

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) որոշել է բացահայտել, թե աշակերտները ի՞նչ գիտելիքներով են ավագ դպրոցում հայտնվել: Մարզերում ընթացիկ գնահատումներն ավարտած կենտրոնը երեկվանից ծրագիրն իրականացնում է երեւանյան դպրոցներում:

«Թեստային գրավոր աշխատանքներով կօգնենք դպրոցին պատկերացում կազմել իր աշակերտների գիտելիքային պաշարի մասին: Ստուգումները շարունակական են լինելու, որպեսզի կարողանանք ֆիքսել աշակերտների աճման տեմպերը: Եթե երեխայի մոտ աճ կա, ուրեմն դպրոցն աշխատել է, եթե՝ ոչ, ուրեմն պետք է անհրաժեշտ հետեւություններ անել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում էր ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը:

Նրանից հետաքրքրվեցինք՝ եթե պարզեն, որ որեւէ դպրոցում աճի տեմպեր այդպես էլ չեն արձանագրվում, ի՞նչ է լինելու այդ ամենի արդյունքում: «Եթե դպրոցը չապահովի անհրաժեշտ որակը, դա խիստ կազդի դպրոցի վարկանիշի վրա, որովհետեւ նախատեսել ենք կրթօջախների վարկանիշային ցուցակներ կազմել ու պարբերաբար ներկայացնել ԿԳ նախարարությանը: Վատ աշխատող դպրոցները անպատիժ չպետք է մնան: Աշխարհի առաջ պետք է պարզ երեսով կանգնենք, որակյալ կրթություն ապահովենք»,- ասում է պարոն Խաչատրյանը: Թեեւ ԳԹԿ-ն դեռ չի ամփոփել մարզային արդյունքները, բայց պարոն Խաչատրյանն արդեն հասցրել է դժգոհել. «Նախնական տպավորությունները գոհացուցիչ չեն: Թեստերը ավարտական տարբերակի թեստերից մի քիչ էլ մեղմ են, բայց նախնական արդյունքները ցույց են տալիս, որ աշակերտները նույնիսկ թվաբանություն կարգին չգիտեն, խոսքը վերաբերում է կոտորակային գործողություններին, թեորեմներ հարցնելիս ամբողջ դասարանում լավագույն դեպքում մի աշակերտ է պատասխանում: Երեւանում տպավորությունը մի քիչ ավելի լավ էր՝ մարզերի համեմատությամբ: Տպավորված չենք նաեւ հայոց լեզու եւ գրականություն առարկայի արդյունքներով: Աշխատանքային խումբը երբեմն զավեշտի հասնող սխալներ է հայտնաբերել դպրոցներում, անհեթեթ նախադասություններ…»:

Երեկ, ի թիվս մայրաքաղաքի այլ դպրոցների, թիվ 83-ում եւս եղան ընթացիկ գնահատումներ: Աշակերտներն առանձնապես խանդավառված չէին ԳԹԿ-ի մատուցած «անակնկալից»: «Որ դասատուները կազմեին թեստերը, շատ ավելի լավ կլիներ, իրանք մեզ լավ են ճանաչում ու արտագրելու հնարավորություն կլիներ»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ 9-րդ դասարանցի Մհերը: Նման արտահայտություն ուրիշներից էլ լսեցինք: Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գայանե Խանոյանն էլ նշեց. «Հայ ուսուցիչները սիրում են ճոխացնել, երեխաներին լավ գնահատականներ նշանակել: Դրա արդյունքում այլ դպրոցներից բարձր գնահատականներով ավագ դպրոց եկած աշակերտները իրենց չեն արդարացնում, նույնիսկ միջին գնահատականներով գրավոր աշխատանքներ ի վիճակի չեն գրել»: Նրան շատ է ուրախացրել, որ թեստերը ոչ թե դպրոցի մանկավարժներն են կազմել, այլ՝ ԳԹԿ-ն: «Հակառակ դեպքում՝ աշակերտները հաստատ կհամոզեին, թե իրենք թեստի այսինչ մասը չեն հասկանում կամ կպատճառաբանեին, թե իրենց դպրոցում այլ կերպ են սովորել ու չէին լրացնի թեստը: Ի վերջո, պետք է դպրոցն էլ իր դերում լինի, աշակերտն էլ: Թող խստացնեն, որ վերջապես խելոքը հիմարից տարանջատվի: Թող եւ՛ ուսուցչից, եւ՛ աշակերտից որակ պահանջեն, թող դպրոցը իր հեղինակությունը վերականգնի»,- համոզված է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել