Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՀՈՎԱԿԱՆՆԵՐՆ» ՈՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԸ

Հոկտեմբեր 20,2010 00:00

\"\"  \"\"
Այս տարածքում նախկինում խաղահրապարակ էր, իսկ այժմ՝ «վկաների» հավաքատեղի:

\"\"
Սա ավտոկայանատեղիին խանգարող կարուսելներից մեկն է, որ հայտնվել է ձորում:

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի մի խումբ բնակիչներ դիմել են մեր թերթին: Գալշոյան 12 եւ 18 շենքերի դիմաց մեկ տարի առաջ «Եհովայի վկաները» շենք են կառուցել: Նույն տարածքում բնակիչների բազմաթիվ դիմումների արդյունքում թաղապետարանն էլ մանկական խաղահրապարակ էր կառուցել: Բնակիչները ահազանգում են, որ այդ եւ հարակից տարածքը այժմ «գրավել» են եհովականներն ու նրանց ավտոմեքենաները. շուտով նրանց ավտոկայանատեղին է «ծլելու»: Այս փողոցում գտնվող 4 բարձրահարկերից յուրաքանչյուրն ունի 120 բնակարան (ի դեպ, շենքերից եւ ոչ մեկը բակ չունի): Եթե յուրաքանչյուր ընտանիք ունենա 1 երեխա, ապա մոտ 480 երեխա կմնա առանց խաղահրապարակի:

«Առավոտը» կապվեց Նոր Նորքի թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Հակոբ Հակոբյանի հետ: Նա ասաց, որ տեղյակ չէ վերոնշյալ շինությունից, նաեւ հավելեց, թե երկուշաբթի օրը համապատասխան պարզաբանումներ կտա, երբ ամեն ինչ սեփական աչքով տեսնի: Երեկ էլ պարոն Հակոբյանն ասաց, որ վիճահարույց տարածքը Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք է հատկացվել «Եհովայի վկաներին»: «Նրանք իրենց շենքում հավաքվելու կոնկրետ օրեր ունեն, պիտի տեսնենք՝ երբ են հավաքվում, որպեսզի գնանք եւ ստուգենք փաստաթղթերի օրինականությունը կամ լինել- չլինելը»,- խոստացավ պարոն Հակոբյանը: Ավելի ուշ խորհուրդ տվեց կապվել թաղապետարանի Ճարտարապետական վերահսկողության վարչության աշխատակիցների հետ, ասաց՝ նրանք ավելի տեղեկացված են խնդրին: Այս մասին հոգեւորականի դիտարկումներն էլ կներկայացնենք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել