Նարինե Մկրտչյանի ելույթը նախորդ շաբաթ Ղարաբաղում ընթացող Համահայկական լրագրողական 5-րդ համաժողովի ժամանակ
Հարգելի գործընկերներ,
նախ թույլ տվեք ողջունել Համահայկական տեղեկատվական հինգերորդ համաժողովը եւ գոհունակությամբ ընդգծել դրա կայացմանն ուղղված ջանքերը:
Չնայած հարափոփոխ եւ տենդագին ժամանակներին՝ հայ ժողովրդի քաղաքական նպատակների մեջ փոփոխություններ չեն արձանագրվում: Կամ ավելի ճշգրիտ՝ փոփոխություններ արձանագրվում են այն դեպքում, երբ տեղի են ունենում պատմական իրադարձություններ եւ հեղաբեկումներ: Այսօր հայ ժողովրդի քաղաքական նպատակները հիմնականում երկուսն են՝ առաջին. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում եւ դատապարտում, երկրորդ. ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ կարգավորում: Արտաքին քաղաքական մնացյալ խնդիրները՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, քաղաքական գործընկերների, դաշնակիցների որոնման, նաեւ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ անվտանգության խնդիրները, ածանցվում են վերոհիշյալ երկու խնդիրներից, որոնք իրավացիորեն ձեւակերպված են որպես համահայկական խնդիրներ: Այդ խնդիրները դեռ արդարացի լուծում չեն ստացել, այդ իսկ պատճառով շարունակում են գլխավորել մեր քաղաքական օրակարգի առաջնահերթությունները: Միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ խնդիրների եւ նպատակների միջեւ տարբերությունը մեծ է, եւ այն հանգում է ոչ միայն տեխնոլոգիային, այլեւ՝ բովանդակությանը: Մի քանի օր առաջ «Հանրային հարաբերություններ» առարկայի շրջանակներում ուսանողներին պարզաբանելով դեպի նպատակ տանող տեխնոլոգիաները, հանձնարարեցի ըստ ներկայացված գծապատկերի՝ ներկայացնել իրենց կյանքի այդ շրջափուլի նպատակը եւ դրան հասնելու խոչընդոտներն ու հնարավորությունները: Ուսանողներից մեկը, երկար մտածելուց հետո, առաջադրանքը չկատարեց եւ ի պատասխան իմ հանդիմանական հայացքի, ցածրաձայն ասաց. «Ես երեւի նպատակ չունեմ. երազանք ունեմ, բայց երազանքը երեւի նպատակ չէ»: Ինձ թվում է, որ այդ ուսանողը ճշգրիտ արտացոլումն է հայ ժողովրդի հավաքական աշխարհընկալման. մենք երազանքներ ունենք, բայց նպատակներ չենք սահմանում մեզ համար: Մենք երբեմն անսխալ եւ ճշգրիտ կարող ենք սահմանել այլ ժողովուրդների խնդիրները եւ լուծումներ առաջարկել, սակայն երբեմն մշուշոտ ենք պատկերացնում մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի առջեւ կանգնած խնդիրները: Ազգերը, ժողովուրդները, ինչպես անհատները, չեն կարող երազանքներ չունենալ: Երազանքներից չպետք է հրաժարվել, այլ պետք է միսուարյուն հաղորդել դրանց, իսկ երազանքները միսուարյուն են ստանում, երբ նպատակ են դառնում: Երբ Մարթին Լյութեր Քինգը հայտարարում էր՝ I have a dream. «Ես մի երազանք ունեմ», դա նպատակ դառնալու մեծ կենսական էներգիա էր պարունակում, որը, ի վերջո, իրականություն դարձավ:
Հայ ժողովուրդը պարտավոր է իր համար մեծ եւ իրատեսական նպատակներ սահմանել եւ հետեւողականորեն ընթանալ դեպի այդ նպատակները: Սա իմ ելույթի առաջին շեշտադրումն է, եթե կուզեք՝ առաջին կոչը:
Հաջորդ հանգամանքը, որին հարկ եմ համարում անդրադառնալ, հետեւյալն է. մենք՝ լրագրողներս, հաճախ նախընտրում ենք Հայաստանի ներկայի եւ ապագայի հարցերի քննակումը վեհանձնորեն կամ ծուլորեն թողնել պետական, քաղաքական գործիչներին: Երբեմն նաեւ լրագրությանը առնչվող հարցերով գերադասում ենք չզբաղվել, դրանց քննարկման իրավունքը դարձյալ վերապահելով քաղաքական գործիչներին: Ես դա ասում եմ, վստահ լինելով, որ Հայաստանում մի շարք խնդիրներ արդեն վաղուց միայն քաղաքական լուծում կարող են ունենալ, այն պարզ պատճառով, որ դրանք տեւական ժամանակ անտեսված կամ քողարկված մնալով՝ վերածվել են քաղաքական խնդիրների:
Միաժամանակ, ես վստահ եմ, որ մեր ժողովրդի, պետության, հասարակության, հայրենիքի ներկային եւ ապագային վերաբերող կարեւոր խնդիրների քննարկմանը ԶԼՄ-ները պարտավոր են լրջագույն մասնակցություն ունենալ: Այսօր այդ քննարկումներին ԶԼՄ-ները մասնակցում են միջնորդավորված՝ ներկայացնելով խնդրի շուրջ առկա տեսակետները, եթե, իհարկե, ներկայացնում են: Ժամանակակից աշխարհը սա կոչում է բազմակարծության ապահովում, ինչը, որպես կանոն, հայաստանյան էլեկտրոնային լրատվամիջոցները դժկամությամբ են անում, եթե, իհարկե, անում են: Հետեւելով հայաստանյան ԶԼՄ-ներին՝ այն տպավորությունն է ստեղծվում, որ մեր հասարակությունը բաղկացած է միայն իշխանությունից եւ ընդդիմությունից: Մինչդեռ՝ բնավ փոքր չէ ազատ եւ անկախ մտածող մարդկանց թիվը, որոնք կաշկանդված չեն ոչ իշխանությամբ, ոչ էլ ընդդիմությամբ: Նրանց աշխարհընկալումը, իրադարձությունների, դեպքերի, դեմքերի նրանց դիտարկումները կարող են երբեմն վիճելի թվալ, բայց այդ դիտարկումները ծնվում են ազատ մտքի, ազատ քաղաքացու, անհատի ընկալումներում, որոնք նորի տարրեր կարող են պարունակել: Ազատ մտածող մարդիկ են դառնալու ազատ հասարակության հիմքը: Մինչդեռ նրանք այսօր օտարված են հայաստանյան հասարակական գործընթացներից:
Լրագրողները, կամ գոնե նրանց մի մասը, ազատ մտածող մարդիկ են, եւ երբ նրանք համաձայն չեն լինում քաղաքական գործիչների կամ իրականացվող քաղաքական ուղղության հետ, փորձում են այդ անհամաձայնությունը հայտնել լրագրության ոչ այն ժանրերով, որոնք նախատեսված են տեսակետների համար: Դա կարող է հանգեցնել պրոֆեսիոնալիզմի անկման, ինչին հաճախ ենք ականատես լինում: Բացե՛լ հեռուստաեթերը ազատ մտածող մարդկանց առջեւ, հնարավորություն տալ, որ ազատ քաղաքացիները, որոնք իրենց ճակատագիրը կապում են Հայաստանի հետ, մասնակցություն ունենան երկրի համար տագնապահարույց եւ վիճահարույց բոլոր խնդիրների քննարկմանը: Ազատ մտածող մարդը կամ ազատ երկիր է կայացնում, կամ այդ երկիրը փնտրում է օտար ափերում:
Փնտրել, գտնել, հայտնաբերել, ասպարեզ տալ ազատ մտածող մարդկանց. սա իմ երկրորդ հորդորն է ձեզ:
Հարգելի գործընկերներ,
մենք ապրում ենք նոր ժամանակներում, նոր գաղափարների, մոտեցումների, նոր արժեքների ձեւավորման ժամանակներում: Նոր ժամանակների առաջ բերած խնդիրները, պահանջները մարտահրավերների են վերածվում այն ժամանակ, երբ մենք անտեսում ենք դրանց լուծման կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Ընթանալ նոր ժամանակների արժեքներով՝ ոչ թե նորաձեւությանը տուրք տալու համար, այլ քանի որ դրանք են ապահովում առաջադիմություն եւ զարգացում յուրաքանչյուր պետության համար: Հիշեցնեմ, որ մենք ապրում ենք քսանմեկերորդ դարում, որի հիմքը ազատ եւ տեղեկացված մարդն է: Ես կուզեի, որ մեր լրատվամիջոցներն իրենց զարգացման մեջ ավելի առաջ անցնեին հասարակությունից, ինչը նույն հասարկության առաջընթացի համար լուրջ խթան կարող էր հանդիսանալ: Եթե լրագրողները անհրաժեշտ չափով տեղեկացված չեն կամ, որ ավելի վատ է՝ չեն ձգտում տեղեկացված լինել, ապա չի կարող տեղեկացված լինել հասարակությունը: Չտեղեկացված կամ ապատեղեկացված հասարակություն կառավարելը գուցե ավելի դյուրին է, սակայն վտանգավոր է երկրի անվտանգության տեսակետից: Չտեղեկացված, ըստ այդմ նաեւ՝ քաղաքական որոշումների կայացմանը մասնակցություն չունեցող հասարակությունը երկրի համար ճակատագրական ինչ-որ մի պահի կարող է ոչ միայն չաջակցել քաղաքական ղեկավարությունը, այլեւ դառնալ անհաղորդ եւ անտարբեր երկրի ճակատագրի հանդեպ՝ այն պարզ պատճառով, որ տեւական ժամանակահատված տեղեկացված չլինելու պատճառով այդ հասարակությունը կարող է կորցնել կողմնորոշիչները: Անշուշտ, նոր ժամանակները, զանգվածային հաղորդակցության արդի միջոցները զգալիորեն ծածկում են այդ բաց տարածքը: Սակայն, եթե մենք մեր մասնագիտական գործունեության անբավարար իրականացման արդյունքում հանրությանը թողնում ենք միայն սոցիալական կայքերը, ապա նշանակում է՝ խզում է առաջացել մեր եւ հասարակության միջեւ: Էլ չեմ ասում, որ մեր նախընտրած տեղեկատվությունը արագ տարածելու կամ գտնելու համար մենք ենք դիմում այդ կայքերին: Փակ տեղեկատվական հասարակություն ձեւավորելու հնարավորություն, բարեբախտաբար, նոր ժամանակներում չունենք, սակայն անհրաժեշտ չափով տեղեկացված չենք, որ ազդենք քաղաքական որոշումների վրա: Անկախ նրանից, մեր կարծիքը հարցնո՞ւմ են, թե՞ ոչ: Մեր կարծիքը չէին հարցնում եւ մեզ չէին տեղեկացնում նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից: Ցյուրիխյան արձանագրությունները դրա վկայությունն են: Խնդիրն այն չէ, արդարացվա՞ծ էր այդ արձանագրությունների ստորագրումը, թե՞ ոչ: Բնավ այն կարծիքին չեմ, որ ազգովին պետք է բանակցություններ վարենք, սակայն ազգովին պետք է տեղյակ լինենք համահայկական խնդիրների լուծման գործընթացից: Առավել եւս՝ այդ գործընթացի արդյունքից: Էլ չեմ ասում, որ անգամ հույժ գաղտնի լինելու հանգամանքը չապահովեց ակնկալվող արդյունքը:
Երբ Հյուսիսային Ամերիկան պայքարում էր Անգլիայի լուծը թոթափելու համար, ամերիկացի հայտնի լրագրող, հրապարակախոս Թոմաս Փեյնը գրում էր ժամանակի մամուլում. «Ինչպե՞ս կարող է Բրիտանիա կղզին կախվածության մեջ պահել Ամերիկա մայրցամաքը»: Ձեւափոխելով Փեյնի միտքը՝ հարցնում եմ ինքս ինձ, հարցնում եմ ձեզ՝ ինչպե՞ս կարող էին երիտասարդ ազգերն իրենց զարգացման մեջ այսքան առաջ անցնել հնադարյա հայ ժողովրդից: Մի՞թե հազարամյակները մեզ բավարար չափով իմաստուն չեն դարձրել, որ ազգերի, ժողովուրդների այս մեծ մրցակցության մեջ մենք առաջ անցնենք նրանցից: Մինչդեռ նրանք այսօր ամբողջ թափով պիտի վազեին մեզ հասնելու համար:
Ողջ խնդիրն այն է, որ երիտասարդ ազգերը մեծ նպատակներ էին սահմանել իրենց համար, եւ այդ նպատակներին հասնելու համար նրանք ստեղծեցին ազատ եւ տեղեկացված հասարակություն: Հենց այդպիսի հասարակության կայացումը Հայաստանի Հանրապետությունում այժմ՝ 21-րդ դարում համահայկական խնդրի է վերածվել, խնդիր, որ մենք պարտավոր ենք ներառել հայ ժողովրդի նորօրյա քաղաքական օրակարգի առաջնահերթություններում:
Թող կեցցե այն Հայաստանը, ուր ապրում են ազատ մտածող եւ ազատ արտահայտվող մարդիկ: Այն Հայաստանը, ուր ձեւավորվելու է ազատ եւ տեղեկացված հասարակությունը:
Եվ այդ Հայաստանը մե՛նք ենք կայացնելու: