Լրահոս
Օրվա լրահոսը

Գլենդելի պատվիրակները՝ Կապանում

Հոկտեմբեր 20,2010 00:00

«Առավոտը» բազմիցս է անդրադարձել Սյունիքի մարզկենտրոն Կապանի հիվանդանոցի խնդրին: Վերջին անգամ՝ 10 օր առաջ, հոկտեմբերի 9-ին: Տեղեկացրել ենք, որ անմխիթար վիճակում գտնվող հիվանդանոցը տեսքի բերելու համար «Գլենդել-Կապան քույր քաղաքների միությունը» 250 հազար դոլար է հանգանակել, որը կտրամադրի հիվանդանոցին, եթե բուժհաստատությունը դառնա համայնքային սեփականություն, սակայն Հայաստանի կառավարիչները չեն շտապում լուծել այս հարցը եւ 250 հազարը մնացել է օդում:

Երեկվանից Կապանում են «Գլենդել-Կապան քույր քաղաքների միության» նորանշանակ նախագահ Խաչիկ Խալաթյանն ու նախկին նախագահ Արթին Մանուկյանը: Հյուրերն արդեն հանդիպել են Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանին, խոսել համագործակցության մասին եւ տեղեկացրել, որ եկել են տեսնելու, թե ինչ վիճակում է հիվանդանոցին առնչվող գործընթացը: Քաղաքապետ Արտուր Աթայանը հյուրերին տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել ծննդատան մասնաշենքը համայնքին հանձնել միայն այն դեպքում, երբ «Գլենդել-Կապան քույր քաղաքների միությունը» գրավոր երաշխավորի, որ հիվանդանոցը համայնքին հանձնելու պարագայում պարտավորվում է գումարներ ներդնել ծննդատան մասնաշենքում անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու համար:

Առաջիկա օրերին կպարզվի հիվանդանոցի ճատակագիրը: Իսկ մինչ այդ Կապան ժամանած հյուրերը եղել են հիվանդանոցում, նաեւ նախադպրոցական այն հաստատություններում, ուր երկու քաղաքների համագործակցությամբ աշխատանքներ են տարվել:

2011-ի փետրվարին Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանի հրավերով Արտուր Աթայանը կմեկնի Գլենդել՝ համագործակցության հետագային առնչվող ծրագրեր եւ առաջարկներ քննարկելու: Սրան կհետեւի Արա Նաջարյանի այցը՝ Կապան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել