Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր եք, հայ գեղեցկուհիներ

Հոկտեմբեր 20,2010 00:00

Եթե հաստատվի Սփյուռքի նախարարության նախաձեռնությունը, եկող տարի Հայաստանում կլինեն աշխարհի ամենագեղեցիկ հայուհիները:

\"\"ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 29-ին ամփոփելով նախարարության երկամյա գործունեությունը, նշել էր, որ մտադիր են Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի առթիվ՝ 2011 թվականի սեպտեմբերի 21-ի մատույցներում համահայկական գեղեցկության մրցույթ անցկացնել: Ըստ Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թեւոս Ներսիսյանի, ողջ աշխարհից հայ գեղեցկուհիներին Հայաստան հրավիրելու եւ մրցույթ կազմակերպելու նախաձեռնությունը եւս մեկ առիթ ու գաղափար է՝ եթե ոչ ամբողջ հայությանը, ապա հայության մի մեծ հատվածին մեկտեղելու: Պարոն Ներսիսյանից տեղեկացանք, որ այս պահին նախարարության աշխատանքային խումբը աշխատում է գեղեցկության համահայկական մրցույթի մանրամասները մշակելու-շտկելու ուղղությամբ, ուսումնասիրում է առանձին երկրներում եւ միջազգային մակարդակներով անցկացվող գեղեցկության մրցույթների փորձը, որը տարբեր է եւ առկա են մեզ համար չափազանց էկզոտիկ, գուցե շատերի համար՝ ոչ ընդունելի օրինակներ: Օրինակ՝ Հունգարիայում անցկացվել է քրեական անցյալ ունեցող կանանց գեղեցկության մրցույթ, նման յուրօրինակ նախապայմանով այլ մրցույթներ էլ են եղել, իսկ ահա էթնիկ հիմքով գեղեցկության մրցույթ դեռ չի եղել: Թեւոս Ներսիսյանն ասաց նաեւ, որ գեղեցկության մրցույթին մասնակցելու պայմաններից մեկը կլինի հայերենի իմացության որոշակի մակարդակը. «Դեռ քննարկում ենք: Օրինակ՝ կարող է պայման լինել Տերունական աղոթքի իմացությունը կամ հայերեն ողջունելու, որպիսություն հարցնելու, սեփական անուն-ազգանունը ասելու, ներկայանալու կարողությունը»:

Հայտնի է, որ Հայաստանից դուրս ապրում է 7-8 միլիոն հայ: ՀՀ Սփյուռքի նախարարությունը մտադիր է գեղեցկության համահայկական մրցույթին մեծ համայնքներից, օրինակ՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, հրավիրել մեկից ավելի մասնակից: «Համայնքներն իրենց միջոցներով կկազմակերպեն տեղական գեղեցկության մրցույթներ՝ կուզեն մեկ, կուզեն մի քանի փուլով: Հաղթողներն արդեն կմասնակցեն համահայկական՝ եզրափակիչ փուլին: Ենթադրում ենք, որ համահայկական փուլում, որը կանցկացվի Հայաստանում՝ կունենանք ամենաքիչը 100 մասնակից: Գեղեցկության մրցույթը կունենա իր կայքը, առցանց (on-line) ֆորումով, քննարկումներով, գեղեցկուհիների մասին տեղեկություններով: Կայքում կներկայացվեն հայկական համայնքներում անցկացված մրցույթների արդյունքները»,- ասաց Թեւոս Ներսիսյանը:

Գեղեցկուհիները Հայաստան կգան համայնքի միջոցներով, Հայաստանում կմնան Հայաստանի հաշվին: Նախարարությունը մտադիր է համահայկական գեղեցկության մրցույթի մասնակից գեղեցկուհիների խոհարարական հմտություններն էլ փորձել՝ մեկ պայմանով. գեղեցկուհին պետք է պատրաստի հայկական որեւէ ուտեստ կամ ճաշատեսակ: «Սա PR է, սա շոու է, սակայն միայն շոու չէ: Չի բացառվում, որ դրսում մեծացած հայ աղջիկը տատից «ժառանգած» այդպիսի մի բաղադրատոմս ունի, որ երբ ուտեստը պատրաստի ու հյուրասիրի՝ բոլորս զարմանանք»,- նկատեց մեր զրուցակիցը:

Այսօր միջազգային մրցույթներում հաղթած եւ մոդելի հաջող կարիերա սկսած հայ գեղեցկուհիներ կան՝ Քիմ Քարդաշյան, Մարինե Ավետյան եւ այլք, նրանց հրավիրելու ե՞ք եւ ի՞նչ կարգավիճակով՝ մրցույթի մասնակցի՞, թե՝ ժյուրիի անդամի: Մեր այս հարցին ի պատասխան՝ Թեւոս Ներսիսյանն ասաց, որ աշխարհում հայտնի հայ գեղեցկուհիներին անպայման կհրավիրեն մասնակցելու մրցույթին, եւ դա բնավ էլ չի նշանակում, որ միջազգային մակարդակներում հաղթած հայ աղջիկները մրցակցությունից դուրս կլինեն: «Մեր նախարարն ու նախարարության պաշտոնյաները ամեն անգամ այցելելով հայ համայնքներ, հաճելիորեն զարմանում են, թե որքան հայ գեղեցկուհիներ կան: Մենք մեր գեղեցկուհիների մասին տեղյակ չենք: Կարող է հայ գեղեցկուհի լինի, որ, ասենք, գրադարանավարուհի է աշխատում ու լսելով համահայկական մրցույթի մասին՝ ռիսկ անի մասնակցի ու ճանաչում ձեռք բերի: Անշուշտ, եթե Քիմ Քարդաշյանը գա Հայաստան, խոսի այս մրցույթի մասին՝ դա նշանակում է, որ մրցույթի մասին կխոսվի նաեւ հայկական համայնքներից դուրս»,- ասաց Թեւոս Ներսիսյանը:

Այս պահին, նախնական հաշվարկներով, համահայկական գեղեցկության մրցույթի անցկացման համար կպահանջվի մինչեւ 25 միլիոն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել