Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ ԹԵՂՈ՞ՒՏԸ

Հոկտեմբեր 20,2010 00:00

Թեղուտի հանքավայրի շահագործումը բնապահպանական լուրջ վնասներ է բերելու

\"\" \"\"

ՀՀ-ում անձեռնմխելի, մարդու ձեռքից չտուժած անտառային տարածքներ շատ քիչ են մնացել: Վերջին տարիներին անցկացված ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Լոռու մարզի Թեղուտի հանքավայրից 1,6 միլիոն տոննա պղինձ եւ 100 հազար տոննա մոլիբդեն, ավելի քիչ քանակի ոսկի ու այլ հանածոներ կարելի է ստանալ ու 2007թ. նոյեմբերի 1-ի ՀՀ կառավարության 7879 որոշմամբ արձանագրվեց, որ այս ամենը գետնի տակից հանելու համար ստեղծված «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատանքներին խանգարող անտառը պետք է կտրել: Ծրագրի իրականացման ժամկետում՝ 65 տարվա ընթացքում Լոռու մարզի Թեղուտ գյուղին հարող 375 հեկտար անտառը կհատվի: Այժմ, առաջին փուլում նախատեսված 60 հեկտարից 54-ն արդեն հատվել է՝ հանքավայր տանող ճանապարհները, հանրակացարանը, գործարանը եւ մարզի ամենամեծ պոչամբարը կառուցելու համար: Հատումները բերելու են աղետների: «Մենք կորցնում ենք 4 գետ, որովհետեւ գետը, որ կորցնում է իր հունը, տարիների ընթացքում առվի կվերածվի: Գետը բարդ համակարգ է, իր բուսական եւ կենդանական աշխարհով»,- մտահոգվում է «ԷկոԼուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը: Անտառում ապրած գյուղացին ավելի լավ է տիրապետում բնության օրենքներին: Թեղուտ գյուղի բնակիչ Լեւոն Ալիխանյանն ու 10 համագյուղացիներն էլ նույն մտավախությունն ունեն, տեսնում են բնակավայրի գլխին կախված վերահաս վտանգը՝ նրանք լավ գիտեն, որ մի օր ջուրն իր տեղն է վերադառնալու՝ ջրհեղեղի պատճառ դառնալով, իսկ անտառ չունեցող Թեղուտը՝ սողանքի օջախ: Այս թեղուտցիները չեն վաճառել հողատարածքները, ավելին՝ իրենց շահերը պաշտպանելու համար դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանց վրդովեցրել է, որ տարիներ առաջ գյուղացուն տրված հողը, որի տերը միայն մեկ տարվա համար հանքատերերի վճարած գումարից երեք անգամ մեծ հարկ է մուծել, իրենցից ուզում են գնել մեկ քմ-ն ամենաշատը՝ 40 դրամով:

«Թեղուտ» ՓԲԸ-ի վարչությունը բացառում է բնության ոչնչացումը: Նրանք խոստանում են կտրված անտառի փոխարեն կրկնակի տնկել: Կարեւոր չէ որտեղ, սակայն 134 հեկտար արդեն տնկել են եւ խոստանում են դեռ 5 տարի հետեւել տնկիներին: Իսկ որ լճում լողալը վտանգավոր կդառնա եւ բնապահպանականին զուգահեռ սոցիալական խնդիր կառաջանա՝ հանքերի շահագործման կողմնակիցները չեն ընդունում: «Բնակավայրում առայժմ ջրի խնդիր չկա, գյուղացիներն օգտվում են տարբեր աղբյուրներից, բայց Շնող, Թեղուտ համայնքներում ջրահեռացման եւ մաքրման կայանի խնդիր կա»,- ասում է «Թեղուտ» ՓԲԸ վարչության անդամ Ռուբեն Պապոյանը եւ խոստանում այնպես աշխատել, որ տարածաշրջանում ոչինչ եւ ոչ ոք չտուժի: Բայց եթե տուժի, ապա 65 տարի անց ո՞ւմ պահանջներ ներկայացնեն վնասները կանխելու ջանքեր անող այսօրվա թեղուտցիների երեխաներն ու թոռները:

Անդառնալի կորուստներ էլ կլինեն, օրինակ՝ ինչպես պետք է վերականգնվի Թեղուտի յուրօրինակ ձորը, որի մասին հանքի սեփականատերերը համեստորեն լռում են, իսկ բնապահպանները ահազանգում՝ ունենալով Ճոճկան եւ Թումանյան համայնքների լքված հանքավայրերի դառը փորձը: Այդ համայնքների լքված բնակավայրերից այնպիսի ջուր է գալիս, որ ձեռքդ չես կարող մոտեցնել՝ ամենաքիչը կայրվես, խորը վերքեր կստանաս: «Մի օր էլ այս յուրօրինակ ձորն ենք կորցնելու, մի օր էլ այս վայրն է լքված հանքավայր դառնալու եւ ընդհանուր բնության բալանսն է խախտվելու, ավելի մեծ տարածքներ կկորցնենք՝ միայն պոչամբարի կառուցման պատճառով»,- նկատում են թեղուտցիները:

«Թեղուտ» ՓԲԸ-ն խոստացել էր բացառապես տեղացիների վերցնել աշխատանքի: Բայց խոստումը չի կատարել ու վստահության պաշար չունի: Վայոց ձորի Մալիշկա գյուղի բնակիչը, որ անտառահատումներում է աշխատում, չի ափոսում անտառը կտրել, քանի որ իր բնակավայրում աշխատանք չլինելու պատճառով երեխաներ են մեռնում: Նրա խոսքով, հանքավայրի շահագործումը միակ լուսավոր կետն է, քանի որ աշխատատեղեր են ստեղծվելու: Խոստացել են մինչեւ 2000 աշխատատեղ բացել:

Իսկ թեղուտցիները հակասական կարծիքներ ունեն, նրանց համար կարեւոր է եւ աշխատանք ունենալը, եւ անտառը պահպանելը: Թեղուտցիները վստահ են, որ շրջանառվող լուրերը, թե իրենց հողատարածքները գյուղատնտեսության զարգացման համար բարենպաստ չեն՝ տարածել են հենց հանքի սեփականատերերը:

Եթե անգամ հանքարդյունաբերությունն է ՀՀ-ի համար զարգացման միակ ճանապարհը, ապա հարկավոր է այնպես անել, որ Հայաստանի զարգացման ճանապարհին Լոռու մարզի Թեղուտ համայնքը սողանքի տակ չմնա եւ զուտ հանրագիտարանային անուն չդառնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել