ՀՀ վարչական դատարանը երեկ պիտի հրապարակեր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն՝ ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության դատական գործի վճիռը, սակայն հոսանք չի եղել: Կազմակերպությունը դեռ ապրիլի 9-ին էր դիմել ՀՀ վարչական դատարան:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարվա մարտի 17-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, դիմել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ տեղեկատվություն ստանալու նպատակով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը խնդրել էր տրամադրել 2009թ. հունվարի 1-ից մինչեւ 2010թ. մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում քրեական գործ հարուցելու, քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործը կարճելու մասին որոշումների պատճենները: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2010թ. մարտի 25-ին պատասխան գրությամբ մերժել էր կազմակերպությանը տրամադրել պահանջված տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կազմակերպությունը նշված տեղեկատվությունը ստանալու համար պատշաճ եւ իրավասու անձ չի հանդիսանում: