Էռնեստ Վարդանյանի հարազատներին զրկել են նրա հետ տեսակցելու հնարավորությունից
Ծնունդով գյումրեցի, երիտասարդ քաղաքագետ-լրագրողն արդեն 6-րդ ամիսն է, ինչ անցկացնում է Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության բանտախցերում: Նա «հասցրել» է իր 30-ամյակը «տոնել» գաղութում: Մերձդնեստրյան իշխանությունները, նրան մեղադրելով լրտեսության եւ պետական դավաճանության մեջ, ամիսներ շարունակ ի զորու չլինելով հիմնավոր ապացույցներ գտնել, ամեն անգամ երկարացնում են նրա կալանքի ժամկետը՝ անորոշության եւ սթրեսի մեջ պահելով նրա հարազատներին: Մերձդնեստրյան իշխանությունները նույնիսկ միջազգային հեղինակավոր կառույցների՝ լրագրողին անհապաղ ազատ արձակելու պահանջները հաշվի չեն առնում: Իսկ միջազգային հանրությունը մինչեւ օրս չի ստացել այն հարցի պատասխանը, թե ո՞ր պետական գաղտնիքի համար է մեղադրվում լրագրողը, երբ երբեւէ չի աշխատել որեւէ պետական կառույցում ու առիթ չի ունեցել առնչվելու պետական գաղտնիքի հետ: Հիշեցնենք, որ Էռնեստ Վարդանյանին սպառնում է պատիժ՝ 12-20 տարի ազատազրկում: Տաղանդավոր լրագրողի հարազատներին (լրագրողն իր խնամքին ունի 2 մանկահասակ երեխա) չեն թույլատրում տեսակցել ու տեղեկանալ նրա առողջական վիճակի, ինչպես նաեւ քրեական գործի հետագա ընթացքի մասին:
Երեկ լրագրողի հարազատները «Առավոտին» հայտնեցին, որ արդեն 1 ամիս իրենք ոչ մի տեղեկություն չունեն Էռնեստի մասին, իրավապահները իրենց զրկել են նրա հետ տեսակցելու իրավունքից՝ պատճառաբանելով, որ գործն արդեն ուղարկված է դատարան: «Մեզ տեղեկություններ են հասել, որ նա գտնվում է սարսափելի հոգեբանական վիճակում: Նույնիսկ չգիտենք, ե՞րբ է դատը լինելու, ո՞վ է դատավորը: Մենք անհանգստացած ենք նաեւ այն փաստից, որ նախատեսված է դռնփակ դատ անցկացնել՝ մարդկության աչքից ու ականջից հեռու, իսկ որ ամենասարսափելին է՝ Էռնեստին այդպես էլ զրկեցին փաստաբան ընտրելու հնարավորությունից: Հույսը դնել պետական փաստաբանի վրա, մտածել, որ Մերձդնեստրյան իշխանությունների կողմից տրամադրած փաստաբանը Էռնեստի համար ինչ-որ լավ բան կանի՝ առնվազն ծիծաղելի է: Մի անգամ արդեն առիթ ունեցել ենք ձեր թերթին հաղորդելու, որ պետական փաստաբանն այս գործով զբաղվում է ըստ ցանկության ու տրամադրության: Միջազգային կոնվենցիաների ու մարդու իրավունքների այսպիսի կոպտագույն խախտում երեւի թե մինչեւ օրս արձանագրված չկա»,- դժգոհում է լրագրողի՝ Գյումրիում բնակվող մորաքույրը՝ Մարինա Շաղոյանը: Նրա համոզմամբ՝ Էռնեստը քաղաքական խաղերի զոհ է: Նշենք, որ Էռնեստի ճակատագրով անհանգստացած է ողջ հայությունը, մասնավորապես՝ գյումրեցիները, որոնք միջազգային հեղինակավոր կառույցների ուշադրությունը մեկ անգամ եւս այս զազրելի փաստի վրա բեւեռելու ու «երիտասարդ հայ լրագրողին հոգեսպանությունից եւ բանտային կապանքներից փրկելու համար» դեռեւս հուլիսին ստորագրահավաք էին կազմակերպել: 30 հասարակական կազմակերպություններ, Շիրակի մարզի, մայրաքաղաքի ու անգամ Գավառի մոտ 1000 բնակիչներ, իրենց ստորագրությամբ, Մերձդնեստրյան իշխանություններին հորդորել են ազատ արձակել լրագրողին, ինչը, նրանց ձեւակերպմամբ, «մարդասիրական քայլ կլիներ Մերձդնեստրյան իշխանությունների կողմից, ինչպես նաեւ նախադեպ՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցում»: «Հոկտեմբերի 2-ին լրացավ Էռնեստի ապօրինի ձերբակալման 6 ամիսը: Աշխարհի այն 8 առաջատար երկրները, միջազգային բազմաթիվ կազմակերպություններն ու հասարակական հեղինակավոր գործիչները, որոնց մենք նամակներ ենք հղել, եթե իրոք պատրաստակամ են մեզ օգնելու, ապա հենց հիմա պետք է գործնական քայլեր ձեռնարկեն Էռնեստի ազատ արձակման համար»,- մեկ անգամ եւս խնդրում են լրագրողի՝ անելանելի վիճակում հայտնված ընտանիքի անդամներն ու հարազատները: