Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԸ» ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ՞

Հոկտեմբեր 20,2010 00:00

\"\"Մալաթիա-Սեբաստիա համայնքի Շերամի փողոցում նախորդ գիշեր մի մեծ ջրատար խողովակ է պայթել: Քանի որ այդ փողոցում իրար կողքի շարված մի քանի օբյեկտներ, առանձնատներ են, ողջ գիշեր խողովակի ջուրը լցվել է այդ օբյեկտներն ու հսկայական վնաս պատճառել տարածքի տերերին ու բնակիչներին: Մեզ հետ զրույցում նրանք վստահեցնում էին, որ այդ փողոցի բոլոր օբյեկտների հիմքն արդեն փլուզվել է եւ դրանք պարզապես վերանորոգելով՝ հարցը չի լուծվի: «Դրանք քանդման ենթակա են: Մենք այսօր ու առաջիկայում չենք կարողանալու աշխատել: Մենք օրվա հացի խնդիր ենք լուծում, ու, փաստորեն, այդ արտակարգ իրավիճակի պատճառով անհայտ է, թե երբ նորից կկարողանանք գործի անցնել ու օրվա հացը վաստակել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Շերամի 2/4 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի սեփականատեր Հրայր Թարզյանը:

Այս առնչությամբ մենք «Երեւան ջուր» ընկերությունից փորձեցինք պարզել, թե չի՞ պատրաստվում ընկերությունը փոխհատուցել այդ մարդկանց եւ ի՞նչ սկզբունքով է լինելու փոխհատուցումը: Ընկերության պարզաբանմամբ՝ «Վաղ առավոտից մեր աշխատակիցներն այդ տարածքում վթարի վերականգնման աշխատանքներ են կատարում: Այս պահին միանշանակ չենք կարող ասել՝ փոխհատուցում լինելո՞ւ է, թե՞ ոչ, որովհետեւ կազմվել է մասնագիտական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրություններ կատարի ու եզրակացություն տա, թե այդ փողոցում ընդհանրապես կառուցապատում անելու իրավունք ունեի՞ն, թե՞ ոչ»: Նշենք, որ կոնկրետ Հրայր Թարզյանը Շերամի փողոցում իր բիզնեսի եւ տարածքի օրինականացման հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունի, ուստի, եթե նրան տվել են կառուցապատման թույլտվություն, ըստ էության, փոխհատուցման խնդրից դժվար է խուսափել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել